15 տարի բանտում

Վերջերս Երևանում տեղի ունեցավ «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների երկօրյա համաժողովը, որի շրջանակներում նաև բարձրացվեցին ՀՀ-ում ցմահ դատապարտյալների խնդիրները: Խնդիր, որը նաև Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին իր Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել նաև Թոմաս Համըրբերգը:
Համաժողովի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան նշել է, որ իրենց կազմակերպությունը դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք հաջորդ նստաշրջանում ներկայացնելու է եզրակացությունների ու դիտողությունների փաթեթ, որտեղ ներառված են ՀՀ-ում ցմահ դատապարտյալների խնդիրները:
Դեռևս օգոստոս ամսին կառավարության կողմից հավանության է արժանացել Դատախազության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկում է որոշ հանցատեսակների համար փոխել պատժաչափը և որպես ազատազրկման վերին սահման ամրագրել 20 տարին՝ ներկայիս 15 տարվա փոխարեն: Նպատակը քրեական պատժողական քաղաքականության մեջ ստեղծված անհամաչափությունը մեղմելն է, նաև հնարավորություն` կրճատել ցմահ ազատազրկվածների թիվը Հայաստանում (99 ցմահ դատապարտվածներ):

Օրենքի փոփոխությունների այս նախագիծը ԱԺ-ն կքննարկի առաջիկայում: Նշենք, որ արդեն իսկ հրապարակել է օրենքի նախագծի հանրային փորձաքննության արդյունքները, որի համաձայն այն նպաստելու է քրեական օրենսգրքի հումանիզացմանը։

Ըստ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, անձի վիճակը բարելավող օրենքի փոփոխությունները հետադարձ ուժ ունեն: Այսինքն, կոնկրետ հոդվածներով նախատեսված պատժաչափերի նվազեցումը դատապարտված անձանց հնարավորություն կտան դիմել` իրենց պատժաչափը վերանայելու խնդրանքով:
«Տրամաբանական կլինի նաև, որ դատավարական կարգով վերաբացվեն մահվան դատապարտված 42 անձանց գործերը: Եթե քրեական գործերի վերաբացում տեղի չունենա, ապա պարզապես տրամաբանության խախտում կլինի»,- նշել է իրավապաշտպանը` ընդգծելով, որ ցմահ ազատազրկվածների դեպքում, օրենքի դրույթի այդ փոփոխությունը մեղմացնող է:
Նա ասել է, որ 42-ի գործը պետք է քննվի հավուր պատշաճի, քանի որ կան վիճելի գործեր, որոնք վերաբացման կարիք ունեն:
Հայաստանում ցմահ դատապարտյալի քրեական գործի վերանայման նախադեպ չկա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ, իսկ նոր երևան եկած հանգամանքները հնչել են նախ մահվան, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի դատաքննության ընթացքում, ում քրեական գործը Ավետիք Իշխանյանի նշած վիճելի գործերից մեկն է համարվում:
19-ամյա Արթուր Մկրտչյանը մեղադրվել և դատապարտվել է 1996 թ. Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինվորական ծառայությունն անցկացնելիս։ Նա մահվան է դատապարտվել Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիայի որոշմամբ՝ 5 զինծառայողի սպանության մեղադրանքով։
Նախաքննության ընթացքում, Արթուր Մկրտչյանը պահվել է զինվորական ոստիկանությունում, և հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների արդյունքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, ինչը և դրվել է նախ մեղադրանքի, ապա դատավճռի հիմքում։ Միաժամանակ, հորը` Համբարձում Մկրտչյանին դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման: Բռնությունների են ենթարկվել նաև ընտանիքի մյուս անդամները։ Խոշտանգումների է ենթարկվել եղբայրը` Գուրգեն Մկրտչյանը, ով ևս զինվորական ծառայության մեջ էր, և խոշտանգված վիճակում ցույց են տվել եղբորը:
Հոգեբանական ճնշումների է ենթարկվել նաև մորեղբոր աղջիկը`Մելանյա Ասատրյանը, ով մտերիմ է եղել Արթուր Մկրտչյանի հետ: Իրավապահ մարմինների անվերջ այցելությունները նրա տուն ու սպառնալիքները` կեղծ ցուցմունքներ տալ իր հարազատի դեմ, հակառակ դեպքում նրան ևս կմեկուսացնեն, Մելանյա Ասատրյանին ստիպել են մտածել Հայաստանից հեռանալու մասին: Ի վերջո, սեփական ընտանիքի ու մանկահասակ երեխաների նկատմամբ վտանգի զգացումը, ինչպես նաև Արթուր Մկրտչյանի գործի հետ կապված անարդարությունները հիմնավոր պատճառ են դարձել հեռանալ Հայաստանից ընդմիշտ:
Արդեն պաշտպան ունենալուց հետո կատարված հանցագործության մեջ Արթուր Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ հինգ զինծառայողների սպանությունները կատարել են դեպքի օրը հենակետ եկած այլ անձինք, սակայն նախաքննական մարմինն այդ ուղղությամբ քննություն չի կատարել։ Իսկ դատարանն ընդամենը վավերացրել է մեղադրական եզրակացությունը: Դատավճռի հիմքում դրվել են Արթուր Մկրտչյանի ինքնախոստովանական և գործով անցնող մեկ վկայի` Վիգեն Ծատուրյանի ցուցմունքները: Ի դեպ, նա ևս ընդմիշտ հեռացել է Հայաստանից:
Այս բոլոր տարիների ընթացքում Արթուր Մկրտչյանն ու իր ընտանիքը իրավապահ մարմիններից պահանջել են վերանայել քրեական գործը, սակայն անարդյունք։ Բոլոր դիմումները գլխավոր դատախազության կողմից մերժվել են։ Մերժվել են նաև արդար քննության պահանջով դատախազությանը դիմած սպանված հինգ զինծառայողների հարազատների բողոքները, որոնք մինչև օրս չգիտեն, թե ովքեր են հանցագործության իրական հեղինակները։
Արթուր Մկրտչյանի քրեական գործը, որը մեր հետաքննության նյութն է եղել, լի է ապօրինություններով։ Իրավաբան փորձագետները պնդում են, որ այսպիսի ապացույցների առկայության պայմաններում անհրաժեշտ էր արդարացման դատավճիռ կայացնել:
Նուբարաշեն ՔԿՀ-ից Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին ուղղված իր դիմումում Արթուր Մկրտչյանը ներկայացրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի երկու պահանջ. արդար դատաքննության և բացառապես օրենքի հիման վրա կայացրած վճիռ։

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ.Գ. Արթուր Մկրտչյանի քրեական գործով կատարվել են հետաքննություններ, Ինտերնյուսը նկարահանել է ֆիլմ, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, սակայն մնացել է անարձագանք:

Աղբյուր՝ http://lragir.am