NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մտահոգված են բանակում գրանցված և չբացահայտված մահվան դեպքերի քանակով

Նոյեմբերի 25-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում կազմակերպվել էր քննարկում վերջին շրջանում հայկական բանակում մտահոգիչ չափերի հասնող մահացության դեպքերի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էին հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, բանակում կասկածելի հանգամանքներում մահացած զինվորների ծնողներ։
Լրագրող Գայանե Մկրտչյանը խնդրին անդրադարձել էր «Կովկասյան լրատու» պարբերականի վերջին համարում տպագրված հոդվածում։ «Ամեն անգամ տագնապով եմ բացում պաշտպանության նախարարության կայքէջը՝ մտածելով, որ կարող է բանակում կատարված մի նոր դեպքի մասին հրապարակում տեսնեմ»,- իր խոսքում նշեց լրագրողը։
Հեսլինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը թեմայի վերաբերյալ ներկայացրեց իրենց կազմակերպության ուսումնասիրության արդյունքները։ Նրա խոսքերով՝ մահացության դեպքերի թիվը բանակում իրականում ավելին է, քան ներկայացվում է պաշտոնապես։ Իրենց ունեցած տվյալներով 2010թ. սկզբից մինչ օրս իրենք արձանագրել են զինծառայողների մահվան 41 դեպք, որոնցից միայն 7-ն է, ըստ Սաքունցի, գրանցվել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում։
Նա կարծում է, որ հասարակությունը խնդրի վերաբերյալ սկսել է ավելի շատ խոսել, որովհետև «նրան հասցրել են մի վիճակի, երբ այլևս հնարավոր չէ հանդուրժել»։
Ա.Սաքունցը համոզված է, որ բանակում եղած խնդիրները կոծկելը և արատավոր երևույթների մասին լռելը չեն բխում մեր շահերից, քանի որ «խնդրին չարձագանքողը նպաստում է հանցագործության կոծկմանը և շարունակմանը»։ Նրա համար մտահոգիչ է այն փաստը, որ զինծառայողների մահվան դեպքերից և ոչ մեկը լիովին չբացահայտվեց և ոչ մի հրամանատար պատասխանատվության չենթարկվեց օրենքի առջև։ Իրական մեղավորների բացահայտման հավանականությունը ՀՀ-ում, ըստ նրա գնահատականի, «0 է»։ Սաքունցի միակ հույսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։
Լրագրող Ժաննա Ալեքսանյանը, ով ներկայացնում է նաև «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, նույնպես մտահոգություն հայտնեց այն մասին, որ բանակում զինծառայողների մահվան դեպքերից և ոչ մեկը բացահայտման ճանապարհին չէ։ Եվ նրա մոտ այնպիսի տպավորություն է, որ պաշտպանության նախարարությունը և քննչական մարմինը բոլորովին շահագրգիռ չեն դեպքերը բացահայտելու առումով։
Նաև կարծիքներ հնչեցին, որ բանակում արատավոր երևույթներ ծնող հիմնական պատճառներից են կոռուպցիան, անպատժելիության մթնոլորտը։
Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն կազմակերպիչները գրավոր մերժում էին ստացել, որտեղ ասվում էր, որ ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել նման ֆորմատով քննարկումներին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրանք անցնում են ոչ կառուցողական մթնոլորտում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
