«Իմ տղան ինքնասպան չէր լինի»

Կառավարության շենքի մոտ սևազգեստ մայրերի հետ այսօր բողոքում էր նաև Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող 30-ամյա Արտակ Նազարյանի մայրը:

Ամեն հինգշաբթի որդեկորույս ծնողները, իրենց որդիների նկարները պարզած. փորձում են կառավարություն մտնող նախարարների ուշադրությանն արժանանալ և պարզել, թե որն է իրենց որդիների մահվան իրական պատճառը: Սակայն ինչպես նշում է Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, դեռևս ոչ մի արձագանք չկա:

Արտակ Նազարյանը մահացել է այս տարվա հուլիսի 27-ին: Պաշտոնական վարկածի համաձայն նա ինքնասպան է եղել: Սակայն մայրը չի հավատում դրան:

«Իմ տղային սպանել են, իմ տղան երբեք ինքնասպան չէր լինի, իրենք ինչքան ուզում են գրագետ ձևով, լղոզելով անցկացնել, միևնույնն է, հո Աստված գիտի, որ իրենք են սպանել, ինչ ձևի են սպանել Աստված գիտի»,- արցունքն աչքերին պատնում է մայրը:

Այս գործի շրջանակներում 4 անձ է ձերբակալվել` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Արտակ Նազարյանի մորը չի բավարարում գործի քննությունը և նա պահանջում է բացահայտել որդուն սպանողներին, ոչ թե ինքնասպանության հասցնողներին:

Բաց նամակ

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքվող Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները և Դալմայի այգիների հողօգտագործողները այսօր բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին:

«Ընտրվելով ՀՀ նախագահ`Դուք շուտ մոռացաք Ձեր տված խոստումները ժողովրդավարական պետություն կառուցելու, մարդու իրավունքների և իրավահավասարության պաշտպանության վերաբերյալ: Մինչ օրս դուք չդատապարտեցիք նախկին իշխանության անօրինական գործողությունները: Այլ ընդհակառակը` նրանց համար ստեղծեցիք բարենպաստ պայմաններ` մի պաշտոնից տեղափոխելով մյուսին: Ստեղծվում է մի տպավորություն, որ Դուք շարունակում եք նախկին իշխանությունների հակասահմանադրական քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ»,-ասված է նամակում: Նրանք պահանջում են անհապաղ վերականգնել բնակիչների սեփականության իրավունքը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, նախկին իշխանություններին դատապարտել և կանչել պատասխանատվության: «Մեր պահանջները կատարելու դեպքում Դուք պատմության մեջ կմնաք որպես կառուցողական նախագահ և կվերականգնեք Ձեր կորցրած հեղինակությունը»,- ասվում է նամակի վերջում:

Աղբյուր՝ http://www.a1plus.am