NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ճամբարակի զորամասում զինծառայողի մահվան գործով մեղադրանք առաջադրվեց երկու զինվորների
Նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով երկուձերբակալվածները մեղադրվում են պահակային կանոնները խախտելու մեջ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, այս տարվա գարնանը բանակ զորակոչված 18-ամյա շարքային զինծառայողներ Հմայակ Մարտիրոսյանին և Արտյոմ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 367 հոդվածի («Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը») երկրորդ մասի հատկանիշներով` «պահակային կամ կայազորային ծառայության կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:
Փաստի առիթով քրեական գործը ի սկզբանե հարուցվել էր դիտավորյալ սպանության հատկանիշներով:
Կրտսեր սերժանտ, մեկ տարվա զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, Արմավիր քաղաքի բնակիչ: Նոյեմբերի լույս 18-ի գիշերը զորամասի տարածքում հրազենային վնասվածք ստանալուց հետո նա անմիջապես մահացել է:
Քրեական օրենսգրքի 367 հոդվածի երկրորդ մասով սահմանված պատիժը կարգապահական գումարտակում պահելն է` 1-ից մինչև 3 տարի ժամկետով, կամ 1-ից մինչև 4 տարվա ազատազրկումը:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am
