NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչ պետք է անի Սեյրան Օհանյանը

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանել է բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Նա նշել է, որ բանակը մեր հասարակության մի մասն է, և ինչ կատարվում է հասարակությունում, տեղի է ունենում նաև բանակում:
"Բանակը պետք է լինի բաց, որպեսզի կարողանանք միասին գտնել այս դեպքերի լուծումը, այլ ոչ թե ասել, որ ամեն ինչ լավ է: Տեսնում եք չէ՞, ինչպես են մեր ղեկավարները պատասխանում` էս չկա, էն չկա", ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը, ավելացնելով, որ հայկական բանակը ժառանգել է խորհրդային բանակի կառուցվածքը իր լավ ու վատ կողմերով, իսկ վատ կողմերը դեռևս շատ են պահպանվել: Նա օրինակ բերեց Իսրայելի բանակը, որտեղ կարողացել են վերացնել "դեդավշինան" և բազմաթիվ այլ վատ երևույթներ:
Տեր-Թադևոսյանի խոսքով, այս ողբերգությունները ոչ թե միանգամից են եղել, այլ հասունացել են: "Ի՞նչ է, հրամանտարները չէի՞ն տեսնում, թե ինչ է կատարվում բանակում: Ինչո՞ւ չէին փորձում կանխել: Այսօր հրամանատարները չեն ցանկանում իրենց թերությունները ցույց տալ: Նրանք իրենք պետք է գտնեն իրենց թերությունները և ցույց տան, փորձեն շտկել, սակայն այսպիսի համակարգում նրանք վախենում են իրենց թերությունները ցույց տալ, իմանալով, որ դրա համար պատժվելու են: Հրամանատարները վստահ են, որ իրենք կարող են իրենց խնդիրները լուծել", ասում է նա:
Գեներալ-մայորը նշում է, որ այս ամենի հետևանքով թուլանում է ամենաուժեղ գործոնը` մարդկայինը, և գտնում է, որ Սեյրան Օհանյանը հենց այդ հարցը պետք է դներ ու լուծումներ գտներ: "Ո՞վ է զբաղվում այդ հարցով, ո՞վ է պատասխանատվություն կրում մարդկային գործոնի համար: Պետք է այս հարցը լուծել, այլ ոչ թե մի ավագ լեյտենանտ գտնել ու մի քանի տարով ազատազրկման դատապարտել", նշել է նա:
Ինչ վերաբերում է դիրքերում 4 զինվորների սպանությանը, նրա կարծիքով, դա խմբակային "ռազբորկա էր", իսկ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հեռուստատեսությամբ կիսաբանդիտական սերիալներ են նայում, հետո էլ գալիս ու փորձում են նույն բարքերը բանակում հաստատել: Գեներալը նշել է, որ նախկինում էլ են այսպիսի դեպքեր գրացվել, սակայն դրանք բարդվել են ադրբեջանական կողմի վրա, որի հետևանքն էլ դարձավ ներկայիս արդյունքը:
Տեր-Թադևոսյանը կարևորել է նորակոչիկների հոգեբանական ադապտացիան: Մինչև բանակ ուղարկելը, նաև բանակում նրանց պետք է հոգեբանորեն պատրաստել:
Նա նաև դրական փոփոխություններ է նկատում բանակում, օրինակ, զինվորներին բջջային հեռախոսից անվճար օգտվելու հնարավորություն տալը: Գեներալ-մայորը կարևորել է այն, որ բանակում զինվորը կարողանա մշտապես կապ պահել ծնողների ու բարեկմաների հետ: Պետք է ճիշտ կազմակերպվի նրանց ազատ ժամանակը: Բազմաթիվ ծրագրեր կարելի է կազմակերպել, օրինակ, ժամանակակից գրադարաններ, կինոթատրոններ, սպորտային դահլիճներ բացել:
Աղբյուր՝ http://lragir.am
