NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դպրոցի տնօրենը չի՞ տիրապետել իրավիճակին

Նոյեմբերի 22-ին ՀՀ վարչական դատարանում քննվեց Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցն ընդդեմ ԿԳ նախարարի։
Հիշեցնենք, որ նույն դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման իր սաների նկատմամբ սեռական ոտնձգություններ և անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով։ Ավելի ուշ՝ 31.05.2010 թ. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամանագիր ստորագրեց թիվ 11 դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանին աշխատանքից ազատելու մասին։
Մերուժան Ենգիբարյանը դատարան չէր եկել։ Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մելս Մանուկյանը դատարանին ներկայացրեց հայցի առարկան և հիմքերը։ Փաստաբանը նշեց, որ տնօրենը տեղյակ չի եղել Լևոն Ավագյանի անընդունելի վարքի մասին, ուստի պնդում է, որ ԿԳ նախարարի արձակած հրամանը ճանաչվի անվավեր և Մ.Ենգիբարյանը վերականգնվի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնում։ Նա անընդունելի էր համարում, որ 20 տարվա տնօրենը և 2008-ին ԿԳ նախարարի կողմից ոսկե մեդալի արժանացած մանկավարժը կարող է գրչի մեկ հարվածով ազատվել աշխատանքից։
Պատասխանող կողմի շահերի ներկայացուցիչ, ԿԳՆ իրավաբանական վարչության մասնագետ Լիլիթ Վարդանյանը պատասխանեց, որ առարկում է հայցն ամբողջությամբ և պնդում, որ նախարարը գործել է օրենքի շրջանակներում, այսինքն՝ գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծարելու վստահությունը կորցրած աշխատողի հետ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 113-րդ հոդված, 1-ին մաս, 7-րդ կետ)։ Լ.Վարդանյանի խոսքերով՝ դպրոցի տնօրենը պետք է լիովին տիրապետեր իրավիճակին և պատասխանատվություն է կրում իր ղեկավարած կրթօջախի գործունեության, աշխատանքի որակի և արդյունքի համար (Հատուկ դպրոց ՊՈԱԿ կանոնագիր, 33 և 38 կետեր)։
Հայցի առարկան և պատասխանող կողմի առարկությունները ներկայացնելուց հետո դատավորը սահմանեց եռօրյա ժամկետ գործով առկա բոլոր ապացույցները դատարանին ներկայացնելու համար։ Նիստը հետաձգվեց։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
