NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ամեն զինվորի մահ բանակի մահն է
Հայկական բանակում տեղի է ունեցել հերթական ողբերգական միջադեպը, որին զոհ է դարձել չորս զինվոր, և չորսն էլ վիրավորվել է: Ցավակցությունից և ափսոսանքից բացի, ասելու բան կարծես թե չկա: Ինչ ասել, երբ վերջին ամիսների ընթացքում սա հերթական ողբերգական դեպքն է: Անընդհատ նույն բանն ասելը կարծես թե իմաստ չունի: Ակնհայտ է, որ բանակը, զինված ուժերը հայտնվել են մի ողբերգական ցիկլի մեջ, ինչը վկայում է անհապաղ և արմատական միջամտության անհրաժեշտության մասին:
Դա առաջին հերթին ենթադրում է թերևս կադրային միջամտություն: Դժվար է ասել, թե ինչքանով կփոխվի իրավիճակը դրանից: Օրինակ, ինչ կփոխվի, եթե նշանակվի նոր նախարար, կամ գլխավոր շտաբի նոր պետ, կամ բարձրագույն հրամկազմի և տեղերի նոր հրամանատարներ, ղեկավարներ: Բայց նաև ակնհայտ է, որ ներկայիս կադրային ռեսուրսն անկարող է կանգնեցնել վերջին շրջանում շղթայական ռեակցիայի նման իրար հաջորդող ողբերգությունները, փոխել իրավիճակը:
Թե որն է թույլ օղակը, թերևս պետք է լավագույնս կարողանա պարզել և հայտնաբերել, ու այդ օղակից ազատվել Գերագույն գլխավոր հրամանատարը` Սերժ Սարգսյանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա ոչ թե "զզվի" բանակի խնդիրները բարձրաձայնողներից, այլ վերջապես տեսնի, որ դրանք կան, որ բանակն ամրացնելու և հզորացնելու համար պետք է ոչ թե թաքցնել դրանք, այլ լուծել: Ավելին, բանակի իրավիճակին տիրապետելուն կոչված հրամկազմի "թույլ օղակին" հայտնաբերելու գործում Սերժ Սարգսյանը թերևս չի կարող ունենալ ավելի լավ գործընկեր, քան հենց բանակի խնդիրները բարձրացնող հանրույթը:
Իսկ "թույլ օղակ" արտահայտությունն էլ տվյալ դեպքում ոչ թե նշանակում է ներիշխանական և ներգերատեսչական ինտրիգներում թույլ, այլ սեփական պարտականությունները և լիազորությունները կատարելու հարցում "թույլ" օղակ, ինչի հետևանքով բանակում ողբերգությունները և հանցագործությունները հաջորդում են մեկը մյուսին, դառնալով մարդկային կորստի պատճառ: Որն է զոհերի այն ծավալը, որից հետո միայն իշխանությունը կհասկանա, որ իրավիճակը սովորական չէ, որ այն չէ, թե "ցանկացած բանակում էլ լինում է հանցանք և ողբերգություն", թե "բանակը հասարակության հայելին է": Ամիսը քանի ողբերգություն, հանցանք, զոհ պետք է լինի, որ իշխանությունը հասկանա, որ պետք է դուրս գալ ծեծված, ոչինչ չասող և պատասխանատվությունը փոշիացնող տրաֆարետներից, որ պետք է ոչ թե բանակի խնդիրները շոշափողներին հայտարարել կամ հռչակել բանակի թշնամի, այլ նրանց, ում անպատասխանատվության կամ հանցակցության հետևանքով բանակում արձանագրվում են այդպիսի միջադեպեր:
Իսկ այդ միջադեպերի հաճախականությունը վկայում է, որ խնդիրը մի քանի անձանց մասին չէ, այլ համատարած մի երևույթի, որը եթե շատ արագ չախտորոշվի և շատ արագ արմատախիլ չարվի, ապա այլ զինվորներ էլ իրենց կյանքով վճարելու են իշխանության այդ անգործության համար:
Մինչդեռ բանակը դա զինվորն է: Զինվորները չեն, զինվորն է, ամեն մեկը, յուրաքանչյուրը: Եվ ամեն մի զինվորի մահ դա բանակի մահն է. ամեն զինվորի հետ մեռնում է նաև բանակը: Հայկական բանակի հանդեպ վերաբերմունքի հիմքում պետք է հստակորեն դնել այդ գիտակցումը: Առավել ևս փոքր բանակները մարտունակ և հզոր կարող են լինել, և արդյունավետ կարող են կառավարվել միայն այդ գիտակցման վրա կառուցված լինելու պարագայում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Աղբյուր՝ http://lragir.am
