NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ռաֆիկ Պետրոսյանը գոհ է ու փոխել է իր կարծիքը պաշտպանի մասին. «Շատ կառուցողական ու օբյեկտիվ զեկույց է գրել»
Ազգային ժողովի քառօրյա նիստերի առաջին օրը խորհրդարանականները սկսեցին քննարկել 2009-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը: Պաշտպան Արմեն Հարությունյանը ներկա չէ քննարկմանը, քանի որ պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում:
ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելիս նույն հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ի տարբերություն նախկինում արված հայտարարությունների, բավական դրական արտահայտվեց ՄԻՊ գործունեության ու զեկույցի վերաբերյալ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի` ինչո՞ւ է նա միշտ դժգոհել պաշտպանի զեկույցներից, սակայն այսօր գոհ 2009-ի զեկույցից հարցին ի պատասխան, Պետրոսյանն ասաց, որ եթե նախկինում պաշտպանը քաղաքականացրել է իր գործունեությունը, ապա այժմ նա թողել է նախկին ոճը:
Պետրոսյանի բնութագրմամբ, այս զեկույցում Հարությունյանը «շատ հետևողականորեն» քննադատել է դատախազությանը, պետական կառավարման այլ մարմիններին, քաղաքացիական իրավունքի ու սեփականության իրավունքի խախտումներն է արձագանքել: «Մի խոսքով, ինչ իրենից հասել է, արել է, նրան չի կարելի մեղադրել անգործության մեջ, ամեն ինչ իր չափի մեջ տեսնելու և խախտումները օբյեկտիվ ներկայացնելու համար մեր հանձնաժողովում լավ գնահատականի է արժանացել», հավելեց խորհրդարանականը:
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե հանձնաժողովի նախագահը բավարար համարո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, Ռաֆիկ Պետրոսյանը դրական պատասխան տվեց. «Պաշտպանը, ի տարբերություն նախորդ տարվա իր զեկուցումների, շատ կառուցողական ձևով է կառուցել այս մեկը, այսինքն հայհոյանք ու վարկաբեկում մեր պետական մարմինների` ՀՔԾ-ի, դատախազության հասցեին չկա, շատ հավասարակշռված, օբյեկտիվ»:
2008-ի մարտյան դեպքերի վերաբերյալ ՄԻՊ նախկին զեկույցին, Ռաֆիկ Պետրոսյանն ասաց. «Հենց այդ հարցում է, որ պաշտպանը գերազանցել էր իր լիազորությունները և այդպիսի նախադասություններ էր գրել տեռորիստական, ոստիկանական պետություն ու էլ չգիտեմ ինչ»:
«167 էջանոց զեկուցագիր է գրել: Նա նույնիսկ այնպիսի մանրամասների մեջ է մտել, որոնց կարիքը չկար: Իմիջիայլոց, ստանդարտ է այդ զեկույցը. վերցրել է Եվրախորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ձևը և տեղայնացրել է»,- շարունակեց Պետրոսյանը:
Այնուհետև նա տեղեկացրեց, որ պետական բյուջեով նախատեսված է բարձրացնել ՄԻ պաշտպանի աշխատավարձը` այն հավասարեցնելով Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին: Նախատեսվում է բարձրացնել նաև ՄԻՊ աշխատակազմի աշխատողների աշխատավարձերը:
Աղբյուր`http://panorama.am
