NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԱԿ ակտիվիստները կոչ են անում հրապարակել ոստիկանական բաժանմունքի տեսախցիկի տեսագրությունը
Նոյեմբերի 9-ին բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման հետևանքով բերման ենթարկված ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները կոչ են անում հրապարակել ոստիկանական բաժանմունքի ընդունարանի տեսախցիկի տեսագրությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը՝ նշելով, որ այժմ ոստիկանությունը փորձում է հերքել իրենց հայտարարությունները և պնդել, որ ընդունարանում իրենք ծեծի չեն ենթարկվել, մինչդեռ տեսագրության հրապարակմամբ պարզ կդառնա, թե ինչ է եղել իրականում։
«Ցանկացած տեսախցիկ՝ անգամ ամենավատ որակի, վերջին 10-15 օրվա տեսագրությունները պահպանում է»,- ասաց Արեգ Գևորգյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ իրենք ոստիկանական բաժանմունքում ծեծի են ենթարկվել։
Արեգ Գևորգյանի խոսքով՝ ոստիկանությունը որևէ գործողություն չի կատարում նույն օրը երեկոյան ազատ արձակված ընդդիմադիր չորս երիտասարդների հետ կապված. «Ոչ ծանուցում են ուղարկել, ոչ մի բան, այսինքն մի տեսակ սառեցված վիճակ է»,- ասաց նա։
Արեգը նաև հայտնեց, որ ոստիկանությունը մինչև օրս չի վերադարձրել իրենցից առգրավված հեռախոսները, գոտիներն ու դրամապանակները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ոստիկանական բաժանմունք էին բերման ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները, Սարգիս Ղազարյանը և Վահագն Գևորգյանը։ Նրանք ոստիկանության քննչական վարչությունից բաց էին թողնվել նույն օրը երեկոյան և միացել էին ՀԱԿ հանրահավաքին։ Հաջորդ օրը ՀԱԿ-ը գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որում, մասնավորապես, նշվում էր. «Ոստիկանները խոչընդոտել են ոչ զանգվածային օրինական միջոցառումը, դուրս են եկել իրենց լիազորություններից, կիրառել են ոչ օրինաչափ ուժ, խոչընդոտել են երիտասարդների՝ փաստաբան ունենալու իրավունքը, ծեծի են ենթարկել նրանց ոստիկանական բաժանմունքում»:
Արեգ Գևորգյանն ասաց, որ իրենց հաղորդման վերաբերյալ դեռևս գլխավոր դատախազությունից արձագանք չեն ստացել։
Աղբյուր՝ http://tert.am
