«Ամբողջ քրեական գործը հեղեղված է հակասություններով». Սեդա Սաֆարյան

Նոյեմբերի 11-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարությունը։ 

Նախորդ նիստին մեղադրող կողմը ներկայացրել էր իր ճառը։ Այս անգամ հերթը պաշտպանական ճառերինն էր։
Գործով հիմնական մեղադրյալ Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ «ամբողջ քրեական գործը հեղեղված է հակասություններով»։
Իր ներկայացրած ճառում փաստաբանը, մասնավորապես, ասաց, որ մինչ օրս նախաքննական մարմինը չի կարողացել Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները բացահայտել։ Դեպքին վկա ամբաստանյալները տարբեր կերպ են ներկայացրել կատարվածը և նրանց ցուցմունքները հակասական են։
Պաշտպանյալը նաև շեշտեց, որ Խալաֆյանին առանց արձանագրության բերման ենթարկելու և անօրինական կերպով ժամեր շարունակ ոստիկանության բաժանմունքում պահելու հարցում Աշոտ Հարությունյանը որոշիչ դեր չի ունեցել։ Վերջինս այդ պահին այլ վայրում է եղել և հեռախոսային վերծանումները ցույց են տվել, որ նման հրահանգ նաև հեռախոսով չի եղել։
Սեդա Սաֆարյանը օրենքի խախտում է համարում այն, որ մեղադրական հայտարարությունը կազմված է եղել միայն ամբաստանյալ Մորես Հայրապետյանի ցուցմունքների վրա, որոնք, ըստ փաստաբանի, արժանահավատ չեն։
Նրա խոսքերով՝ օրենքի խախտումով է կազմվել նաև դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, սենյակը ներկայացված է կարգի բերված վիճակում, ինչը չի համապատասխանում ցուցմունքներում արված նկարագրություններին։
Ամբաստանյալների Գագիկ Ղազարյանի և Գարիկ Դավթյանի պաշտպանյալի ճառը կարճ էր, հիմնականում առանց փաստերի։ Նա պահանջեց դատարանից արդարացնել իր պաշտպանյալներին։ Փաստաբանը, մասնավորապես, ասաց, որ իր պաշտպանյալների ներկայացված բոլոր մեղադրանքները հիմնված են միայն ենթադրությունների վրա, և որոշ մարդիկ նպատակ ունեն մեղադրել անմեղ ոստիկաններին, նրանց բարի համբավը արատավորել։
Խոսքով հանդես եկան նաև Գագիկ Ղազարյանը և Գարիկ Դավթյանը։ Նրանք երկուսն էլ նշեցին, որ «դեպքի հետ կապ չունեն», այլ հանգամանքների բերումով այդ պահին հայտնվել են դեպքի վայրում և խնդրեցի իրենց նկատմամբ կայացնել արդարացման վճիռ։
Մորես Հայրապետյանի դատապաշտպանը վատառողջ լինելու պատճառով չներկայացրեց ճառը և խնդրեց հետաձգել նիստը։
Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 22-ին։ Կլսվի Մորես Հայրապետյանի դատապաշտպանի ճառը, ինչպես նաև գործով հիմնական ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի ճառը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am