NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրոնական կազմակերպությունների դեմ օրենք չկա

Հայաստանում վիճակագրություն չի կատարվում, թե քանի հոգի է սպանություն կամ ինքնասպանություն գործում քայքայիչ կրոնական կազմակերպությունների ազդեցության տակ: Այս սպանությունները որակվում են որպես կենցաղային սպանություններ, որովհետև դժվար է հստակ նշել, որ դրանք կրոնական շարժառիթներով կատարված սպանություններ են. համապատասխան մասնագետներ չունենք: Այս մասին 2010 թվականի հոկտեմբերի 11-ին «Արմատ ակումբում» հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
«Տոտալիտար աղանդներում մարդկանց այնպիսի մեխանիզմներով են կարողանում մշակել, որ դրա հետևանքով ցանկացած մարդ կարող է ցանկացած հանցագործություն կատարել: Կրոնական կառույցներում հանցագործությունների դաշտը հիմնականում հետևյալն է՝ մարմնավաճառություն, թմրամոլություն, սպանություն, կանիբալիզմ»,- ասում է Ալեքսանդր Ամարյանը:
Սոցիոլոգ Հայկ Սահակյանի խոսքերով՝ մարդկանց՝ կրոնական կազմակերպություններում ներգրավվելու հիմնական պառճառները հասարակությունից օտարվածությունը և հասարակության նորմատիվ վերահսկողության կարգի բացակայությունն են:
«Երբ մարդն իրեն հասարակությունից օտարված է զգում, նա ման է գալիս նոր խմբեր, որոնց կարող է անդամակցվել և սոցիալական իր գոյությունը պաշտպանել: Այստեղ հանդես են գալիս այդ աղանդավորական կազմակերպությունները, որոնք, ի տարբերություն մյուս նմանատիպ կազմակերպությունների, հոգևոր հիմք ունեն և էմոցիոնալ դաշտը շատ ավելի խորն է: Չկա արժեքային համակարգ, որ լինի համընդհանուր, և այդ տեսանկյունից հասարակությունը չունի վերահսկում նմանատիպ ագոնիաների դեմ»,- ասում է Հայկ Սահակյանը:
Հոգեբան-հոգեթերապևտ Մարինե Ավետիսյանը գտնում է, որ խնդիրը անձի մեջ է:
«Ես չեմ ուզում ուղիղ կապել սպանությունը աղանդների հետ, որովհետև միգուցե դա կարող է լինել առիթ: Անձը իր համար շատ նպաստավոր միջավայր է գտել հուզականորեն բավարարված զգալու, այնտեղ, որտեղ օտարված էր, թեքվելու դեպի այդ մարդիկ և իրականացնելու այն ծրագիրը, որն ինքը վաղուց ի վեր ունեցել է և հասունացել է արդեն: Որպես կանոն՝ աղանդավորներ դառնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր հոգեբանորեն ավելի անկայուն են, ովքեր այսպես թե այնպես արդեն իսկ խնդիր ունեն իրենց ներսում»,- ասում է նա:
Հոգեբանի կարծիքով՝ «կայուն ընտանիքը չի կարող փլուզվել կրոնական կամ աղանդավորական ներգործությունից»:
«Այդպես չի լինում, չի կարող մարդը, որը սիրում է իր մասնագիտությունը, ճիշտ ընտրություն է կատարել և իրեն շատ լավ է զգում այս կյանքում նույնպես դառնալ այդպիսի խմբակցության անդամ»,- ասում է Մարինե Ավետիսյանը:
Հոգեբանը խնդրի լուծումը հոգևոր դաստիարակության մեջ է տեսնում: Նա գտնում է, որ դպրոցներում պետք է հոգևոր դաստիարակության ծրագիր մտցնել և անձի կայունացմամբ և դաստիարակությամբ զբաղվել:
Ի հակադրություն հոգեբանի խոսքերի՝ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ հոգեբանական զենք կա, որը «ցանկացած մարդու կարող է խաղալիք սարքել»:
«Ամենալավ, բարգավաճ, ամեն ինչով ապահովված ընտանիքում էլ կարող է լինել և՛ դաժան, և՛ շեղված: «Акустическое оружие»-ն վերջին 30 տարվա մեջ ստեղծված զենք է, որը պահելով ցանկացած մարդու կամ հասարակության վրա, կարողանում ես մարդու մեջ ստեղծել ագրեսիա, առաջացնել միասեռականություն, ինչը ամերիկացիները փորձարկեցին Իրաքի վրա: Սա կա վաճառքում , LRAD 1000, արժեքը՝ 30 դոլարից մինչև 500 հազար դոլար: Այն ձայն է արձակում, որը մեր ականջը ընդունակ չի լսել, սրա հետևանքով մենք կարող ենք մասսայական քնել, տարբեր ձայներ լսել, սրտխառնոց ունենալ: Այս զենքը օգտագործվում է նաև կրոնական կառույցներում»,- ասում է Ալեքսանդր Ամարյանը:
Ամարյանի խոսքերով՝ կրոնական կազմակերպությունների դեմ հնարավոր է պայքարել օրենքով, որը մենք չունենք՝ ի տարբերություն շատ երկրների:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
