NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրն, առաջին հերթին պետք է ակտիվացնել մարզերում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ծրագրի իրականացման համար նախապես սահմանվել են համապատասխան չափանիշներ, սակայն այդ չափանիշները` կապված ծրագրի իրականացման գործընթացի հետ, պարբերաբար պետք է ճշգրտվեն և համապատասխանեցվեն այն պահանջարկին, որը կառաջանա այս կամ այն պահին:
Ըստ նրա, այդ փոփոխութոյուններով նախատեսվում է մարզերում ծրագրի իրականացման գործընթացն ավելի ակտիվացնել: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում մինչ օրս տրամադրվել է 137 վարկ, 1,1 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Այդ ծավալներից մոտ 99-ը տրամադրվել է Երևանում, 38-ը` մարզերում: «Մեր գնահատակաները ցույց են տալիս, որ հիմնական ծանրաբեռնվածությունը դեպի Երևան է տեղափոխվել, իսկ մարզերում այդ ծրագրի ընդգրկվածությունը բավարար չէ: Նույն պայմանները սահմանելով տեսնում ենք, որ Երևանում ավելի համեմատական առավելություններ կան: Եւ մեր նպատակն է մարզերի համար լավ պայմաններ նախատեսել, քան նախատեսված է ընդհանուր ծրագրով»,- նշեց նախարարը:
Մասնավորապես, ըստ փոփոխությունների, մարզերում պետության կողմից սուբսիդավորման ընդհանուր չափը նախատեսվել է մինչև 4 %: Ըստ հաշվարկների, մարզերում հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքը կկազմի 6,5-7%: Տ.Դավթյանի խոսքերով, թեև պետությունից լրացուցիչ ֆինանսական միջոցներ կպահանջվի, բայց իրենք պատրաստ ենք այդ միջոցները տրամադրել:
Բացի դրանից, նախատեսվել է մարզերի համար կանխավճարի չափը նվազեցնել` 30%-ից հասցնելով 10%-ի, որի արդյունքում այդ գործընթացը մարզերում էականորեն կհեշտանա: Նախատեսվում է նաև, որպես գրավի առարկա ընդունել նաև խոշոր ընկերությունների կողմից տրամադրված երաշխավորագրեր, մասնավորապես, խոսքը վերաբերում է առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում ներառված տրամադրվելիք երաշխիքներին, որոնք նույնպես կհամարվեն որպես ապահովման միջոց:«Այս փոփոխությունների հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մարզերի համար ավելի լավ և արտոնյալ պայմաններ ստեղծենք», - ասաց Տ.Դավթյանը` հավելելով, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը կարելի է ասել կայացել է և բավականին լավ ընթացք ունի: Նա միաժամանակ նշեց, որ այս փոփոխությունները կկրեն պարբերական բնույթ և վերլուծություններ անելով չի բացառվում, որ հետագայում էլ ճշգրտումներ կատարվեն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, այսօր հիմնականում հիպոթեքային վարկեր տրամադրվում են Երևանում, քանի որ այստեղ ռիսկայնությունը առևտրային բանկերի համար ավելի կառավարելի է, ինչը չի կարելի ասել մարզերի, համայնքների մասին: Մինչդեռ, ըստ վարչապետի, այս փոփոխություններով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի հիպոթեքային վարկերն առաջին հերթին հասանելի լինեն մարզերում:
Աղբյուր`http://panorama.am
