Վանաձորում այրվել է 14 հա տարածք

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մերձակա անտառներում բռնկված հրդեհները շարունակվում են արդեն երեք օր: Այս տեղեկությունը ճշտելու համար hra.am-ը դիմեց Արատակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ հայտնեցին՝ ահազանգը ստացվել է նոյեմբերի 10-ին ժամը 12.33-ին Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Ա.Մխիթարյանից: Նա ահազնագել է, որ ժամը 08.30-ից հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Սուլեյման» հանդամասում, և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնություն:

«Ժամը 13.13-ին դեպքի վայր են մեկնել Վանաձոր քաղաքի թիվ 2 ՀՓՋ-ից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել` 17.23-ին: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք: Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Նույն օրը, ժամը 15.52-ին հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքին հարակից սարալանջում: Ժամը 15.53-ին դեպքի վայր է մեկնել Գուգարք գյուղի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 18.20-ին:
Այրվել է 4 հա խոտածածկ տարածք»,- պատասխանեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am