NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զ.Փոստանջյանն էլ վաղը կմասնակցի Կապանի «հակաուրանյան» հանրահավաքին

Վաղը ժամը 17-ին Կապանում սպասվում է «հակաուրանյան» հանրահավաք, որի կազմակերպիչներից է ու նաև ակտիվ մասնակիցը կլինի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
«Հանրահավաքի նպատակն է ահազանգել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ Կառավարության որոշմամբ իրականացվող ուրանի հետախուզական աշխատանքները միայն Սյունիքի մարզին չեն վերաբերում և վաղը նույն աշխատանքները տարվելու են Հայաստանի մյուս մարզերում ևս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Բացատրեց` քանի որ վերը նշված որոշման մեջ, որով հայ-ռուսական ձեռնարկությանը տրվել է արտոնագիր Հայաստանի տարածքում ուրանի հետախուզական աշխատանքներ իրականացնել, չի մատնանշվում, որ միայն Սյունիքի մարզն է «հետախուզվելու», ինչը նշանակում է, որ այլ մարզեր ապագայում հնարավոր է նույն բախտին արժանանան:
Ինչ վերաբերում է բուն որոշմանը, ապա ինչպես և ամեն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ է տիկին Փոստանջյանը բարձրաձայնում այդ խնդրի մասին, այնպես էլ մեզ հետ զրույցում հերթական անգամ հիշեցրեց` որոշումն ընդունվել է խախտելով ոչ միայն ՀՀ, այլև միջազգային մի շարք օրենքների պահանջներ. «Խնդիրը նաև նրանում է, որ մեր ազգաբնակչությունն ընդհանրապես տեղյակ էլ չի, թե ինչպե՞ս են ընդունվել համապատասխան որոշումները, որևէ քննարկում չի անցկացվել, որն էլ, ի դեպ, չպետք է տեղի ունենա արդեն որոշման ընդունումից հետո »,- նշեց Զ.Փոստանջյանը պարզաբանելով, որ որոշումն ընդունվելուց հետո, եթե հիշում ենք, տեղի ունեցան համապատասխան լսումներ:
Ի դեպ, լսումներն էլ անհետք չեն մնացել` խախտումների իմաստով: Դրանցից հետո, պատգամավորի պնդմամբ, կազմվել է արձանագրություն իբրև թե որոշ համայնքներ համաձայնել են ոչ միայն հետախուզման, այլև ապագայում նաև ուրանի հանքավայրերի շահագործման գաղափարի հետ. «Մինչդեռ արձանագրության մեջ նման կարծիք չպետք է ներառված լիներ, քանի որ այդ համայնքները բողոքում են հենց դրա դեմ ու վաղվա հանրահավաքն էլ դրան է վերաբերվում, առավել ևս, որ կա և Կապանի ավագանու, և Լեռնաձոր համայնքի որոշումները, որ իրենք դեմ են այդ գործողություններին»:
Եթե գործադրի որոշումը խախտում է օրենքներ, այդ թվում նաև միջազգային, ինչո՞ւ հարցը չի տեղափոխվում այլ հարթություն:
Զ.Փոստանջյանը նշեց, որ դեռևս դատարան հայց չի ներկայացրել, բայց գործընթացը տանում է դրան և այս պահին նա համապատասխան փաստաթղթային բազան է նախապատրաստում, որպեսզի հայցը ներկայացվի: Ընդ որում` դարձյալ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում է դա վիճարկվելու. «Դիմելու ենք նաև ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովին, քանի որ արդեն կա նախնական որոշում, որ ՀՀ-ն խախտել է որոշ կոնվենցիաներ»,- հավելեց նա:
Աղբյուր` http://panorama.am
