NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բերման ենթարկված 4 ընդդիմադիր երիտասարդները ազատ են արձակվել
Երեքշաբթի առավոտյան Հայ ազգային կոնգրեսի պիկետի ժամանակ Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված 4 երիտասարդները ազատ են արձակվել և մասնակցեցին ՀԱԿ-ի երեկոյան հանրահավաքին:
Երեքշաբթի առավոտյան «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակություն» համաժողովի մեկնարկի առթիվ «Երևան» հյուրանոցի դիմաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած պիկետի ժամանակ Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված 4 երիտասարդները ազատ են արձակվել և մասնակցեցին ՀԱԿ-ի երեկոյան հանրահավաքին:
Չորս երիտասարդները` Սարգիս Գևորգյանը, Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը և Սարգիս Ղազարյանը, ովքեր բերման էին ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում անցկացրեցին ավելի քան 8 ժամ:
«Իրենք այս պահին կարգավիճակ չունեն, նրանց չեն հարցաքննել ոչ որպես կասկածյալ, ոչ էլ որպես տուժող: Նոր են հրավիրելու հարցաքննության, ու այդ ժամանակ կարգավիճակը կիմանանք», - երիտասարդների ազատ արձակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց նրանց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: - «Ավելի քան 8 ժամ ոստիկանությունում պահելը ապօրինի է, օրենքը նման բան չի նախատեսում», - հավելեց փաստաբանը:
Ազատ արձակված երիտասարդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկին պնդեցին, որ բերման ենթարկելիս, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ համաժողովի մեկնարկելուն պես Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստներ` «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն ամոթալի է Եվրոպայի համար», «Հանցագործություն կատարելը կամ հանցագործներին աջակցելը. ո՞րն է տարբերությունը», «Եվրոպա, մի սատարիր բռնակալներին», «Եվրոպա, դու թույլ ես տալիս այս ռեժիմին 12 քաղբանտարկյալներ պահել» բովանդակությամբ պաստառներ պարզած լուռ կանգնեցին Երևան հյուրանոցի շենքի դիմաց:
Տարածքը հսկող երկու տասնյակ ոստիկաններից մի քանիսը մոտեցան և պահանջեցին հետ գնալ և կանգնել ոստիկանության տեղադրած արգելապատնեշից դուրս: Եվ երբ երիտասարդները փորձեցին պարզել, թե ինչու, ոստիկանները փորձեցին նրանց հրելով հեռացնել: Չենթարկվելով` երիտասարդները պառկեցին գետնին և պարզեցին պաստառները, սկսվեց հրմշտոց: Այնուհետև երիտասարդներին տարան ոստիկանության բաժին:
Կատարվածի կապակցությամբ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տարածել է հաղորդագրություն` պնդելով, որ բերման ենթարկված երիտասարդները «նշված վայրում չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ` պատռելով նրա համազգեստը»: «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն», - ասված է հաղորդագրությունում:
Հայ ազգային կոնգրեսը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել` պնդելով, որ պիկետ անցկացնող երիտասարդ ընդդիմադիրների վրա հարձակվել են ոստիկանները, «առանց որևէ օրինական պահանջի և հիմնավորման բռնություն և ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանցից 4-ին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն, բռնություններն այնուհետև շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին և հենց ոստիկանության բաժանմունքում»:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am
