NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հավաքների մասին» նոր օրենքը ինչ-որ բան կփոխի՞

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) մշակել է և հանրային քննարկման է ներկայացրել «Հավաքների մասին» օրենքի նոր նախագիծ։
Նոյեմբերի 9-ին ՄԻՊ գրասենյակի և Գերմանիայի տեխնիկական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր քննարկում պետական գերատեսչությունների, միջազգային փորձագետների և շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ։
Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, որը, իր խոսքերով, թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային առումով սկզբունքորեն տարբերվում է գործող օրենքից։ Նախագծի ստեղծման համար հիմք է հանդիսացել ՄԻՊ գրասենյակի 2009 թ. ՀՀ-ում հավաքների ազատության վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը։
Օմբուդսմենը կարծում է, որ գործող օրենքով այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում հավաքների անցկացումը ոչ թե մարդու իրավունքի դրսևորում է, այլ՝ վարչական մարմինների կողմից բարի կամքի դրսևորում։ Բացի այդ, չափազանց մեծ լիազորություններ է տրված Ոստիկանությանը, որը կարող է ըստ իր հայեցողության դադարեցնել հավաքը։
Նոր օրենքի նախագծով Ոստիկանության լիազորությունները սահմանափակվել են և հստակեցվել, թե որ դեպքերում կարող են ոստիկանները միջամտել։ Ա.Հարությունյանի խոսքերով՝ գործող օրենքը թույլ է տալիս «հավաքի մասնակից մեկ անձի իրավախախտ գործունեությունը հիմք ընդունելով՝ դադարեցնել հավաքը»։ Իսկ նախագծում կիրառվել է ժողովրդավարական չափանիշներին ավելի մոտ դրույթ, այն է՝ հավաքի դադարեցումը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում։ Ընդ որում՝ նախագծում նշված է, որ եթե հավաքը կազմակերպվել է առանց իրազեկման, բայց կրում է խաղաղ բնույթ, ոստիկանությունը իրավունք չունի միջամտելու կամ դադարեցնելու։
Արմեն Հարությունյանը նշում է, որ ընդհանրապես հանվել է հանրահավաքների արտոնման դրույթը և փոխարինվել իրազեկման դրույթով։ Այսինքն՝ հավաք կազմակերպողը պետք է գրավոր իրազեկի լիազոր մարմնին։ Վերջինս եթե նույնիսկ չի արձագանքում, լռություն է պահպանում, դա համարվում է դրական արձագանք։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով լիազոր մարմինը արգելում է տվյալ օրը, տվյալ ժամին և տվյալ վայրում հավաք անցկացնել, պետք է հիմնավորի իր որոշումը, բանակցի կազմակերպիչների հետ՝ հնարավոր կոմպրոմիս գտնելու նպատակով, լսի հավաքի կազմակերպիչների պահանջները։
Նախագծում առանձնացվել են իրազեկման ենթակա և ոչ ենթական հավաքներ։ Օմբուդսմենի կարծիքով՝ մշակութային, սպորտային միջոցառումները, արարողությունները, որոնք քաղաքական բնույթ չեն կրում, պետք է այլ ընթացակարգ ունենան։ Նախագծում նաև առանձին հոդված է հատկացվել շտապ, չնախատեսված կամ ինքնաբուխ հավաքներին։
Պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ օրենքի նախագծի քննարկումը կավարտվի երեկոյան։
Ի դեպ, քննարկումից առաջ մարդու իրավունքների պաշտպանը www.hra.am-ի խնդրանքով անդրադարձավ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանի կողմից երեկ հնչեցված տեսակետին, որը վերաբերում էր զինվորական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտությանը։
«Առաջին հերթին պետք է լավատեղյակ լինել երկրի օրենսդրությունից և իմանալ, որ մեզ մոտ միայն մեկ մարդու իրավունքների պաշտպան կարող է լինել։ Պետք է լավատեղյակ լինել նաև միջազգային պրակտիկայից, որ նույնիսկ Շվեդիայի պես երկիրը, որ հիմնադիրն է և ունի մի քանի օմբուդսմեն, գնում է արդեն դրանք միավորելու մեկ ինստիտուտի մեջ։ Այսինքն՝ դա չի համապատասխանում և՛ մեր երկրի օրենսդրությանը, և՛ չի համապատասխանում միջազգային տենդենցներին»,- նշեց Ա.Հարությունյանը։
Նա համաձայն չէ նաև պատգամավորի հնչեցրած այն կարծիքի հետ, որ օմբուդսմենը, բազմազբաղ լինելով, չի հասցնում հատուկ ուշադրություն դարձնել զինվորական ոլորտին. «Կներեք, ես կցանկանայի իմանալ՝ ի՞նչ հարցեր կան, որոնց վերաբերյալ մենք չենք արձագանքել, չենք զբաղվում, նստենք մտածենք դրա մասին։ Հատուկ այդ ոլորտի խորհրդականի հաստիք ունենք, որը զբաղվում է այդ հարցերով։ Վերջերս մենք զեկույց պատրաստեցինք բանակում եղած իրավիճակի վերաբերյալ, ներկայացրեցինք պաշտպանության նախարարությանը»։
«Բայց դե ամեն մարդ իր կարծիքն ունենալու իրավունքն ունի»,- վերջում ավելացրեց մարդու իրավունքների պաշտպանը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
