NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քաղաքացիների կարծիքը դարձնել որոշիչ (հանդիպում - քննարկում)

Նոյեմբերի 4-ին Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության հին ու նոր անդամների միջև: Հանդիպման քննարկման թեմաները ներառում էին այնպիսի հարցեր ինչպիսիք են քաղաքացիների ակտիվ մասնակցությունը Երևանի զբոսայգիների պաշտպանության հարցում, հանրության կարծիքը ավելի ազդեցիկ դարձնելու խնդիրը քաղաքի բնությանը վնաս հասցնելու դեպքում, նման խնդրի առաջացման դեպքում ավելի արագ և արդյունավետ արձագանքելու խնդիրը և այլն:
Հավաքված երիտասարդները քննարկեցին իրենց մշակած մեթոդները, որոնցով արդեն իսկ հնարավոր է դարձել և հետագայում էլ հնարավոր կլինի քաղաքացիներին հաղորդակից դարձնել քաղաքի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև դարձնել նրանց ակտիվ մասնակից` պետության ընդունած որոշումներում: Նշված մեթոդները, թեև շատ պարզ, այնուամենայնիվ, կարևոր նախաձեռնություններ են, քանզի իրենցից ներկայացնում են այնպիսի քայլեր, ինչպիսիք են հասարակության հետ կապ հաստատել ինչպես համացանցի միջոցով /սոցիալական կայքերի, մասնավորապես, ֆեյսբուքի միջոցով, որտեղ արդեն իսկ կա նախաձեռնության էջը/, այնպես էլ դեմ առ դեմ զրույցներ իրականացնել քաղաքացիների հետ` բացատրելով իրավիճակը քաղաքային բնապահպանական հարցերի շուրջ:
Նախատեսվող քայլերից է նաև հասարակությանը տեղեկատվական բուկլետների բաժանումը, ուր ներկայացված կլինեն բնապահպանական խնդիրներին ականատես լինելու դեպքում դրանց արագ արձագանքելու ուղիները:
Նշենք, որ բացի ֆեյսբուքյան կայքից մոտ ժամանակներում պատրաստ կլինի նաև նախաձեռնության կայքէջը, ուր տեղադրված կլինի ոչ միայն նախաձեռնության իրականացրած և իրականացվելիք աշխատանքները, այլ նաև կլինի բաժին, ուր տեղադրված կլինեն քաղաքացիների առողջ ապրելու, ինչպես նաև այլ իրավունքները, որոնց իրականացումը հնարավոր է միայն առողջ միջավայրում` կայուն բնապահպանական զարգացման շնորհիվ:
Մանուկյան Սոֆյա
Աղբյուր` www.hra.am
