NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կենսաթոշակային բարեփոխումների մեկ օր ուշացումն անգամ կարող է վճռական լինել. Նախկին պաշտոնյա
Գործող կենսաթոշակային համակարգն իր մեջ սոցիալական անարդարություն ու հասակություններ է պարունակում, հենց այդ նպատակով էլ նախաձեռնվել է իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Դրանց գլխավոր նպատակն է ապահովել արժանապատիվ կենսաթոշակ` գոնե տվյալ անձի աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ բարեփոխումներ նախատեսող օրինագծերն արդեն անցել են առաջին ընթերցում, շուտով օրենսդիր մարմնին այն կներկայացվի երկրորդ ընթերցման համար: Գործադիր մարմնի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից կգործի կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014-ից արդեն, օրենքի համաձայն, կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:
Կենտրոնական բանկի ու ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համատեղ ասուլիսում հայտարարեց, թե չի հավատում, որ գործող իշխանությունները վճռականություն կունենան ու իրականություն կդարձնեն նախատեսված բարեփոխումները, դրա համար, ըստ նրա, չկա բավարար կամք:
«Տասը տարի է այն հետաձգվում է: Մեկ օր անգամ ուշացումը կարող է վճռական լինել»,-ասաց Ասատրյանը, ապա հիշեցրեց, որ կենսաթոշակյին տարիքի են դառնում հետպատերազմյան շրջանում ծնված մարդիկ, երբ ծնելիության մակարդակը բարձր էր, իսկ աշխատունակ տարիքի են դառնում Ղարաբաղյան պատերազմի շրջանում ծնվածները, երբ ծնելիության մակարդակը շատ ցածր էր:
«Աշխատող անձանց վրա բեռը գնալով ավելանալու է, և ոչ թե պակասելու: Դա նշանակում է, որ կենսաթոշակների շատ ավելի բարձր մակարդակ ապահովելը դառնալու է խնդրահարույց»,-միտքը շարունակեց փոխնախարարը, ապա հավելեց, որ հենց այս նպատակով էլ առաջարկվում է ներդնել կամավոր ու պարտադիր կուտակային համակարգ:
Գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները ընդդիմության շարքերը մտած նախկին պաշտոնյային հավատացրին, որ կենսաթոշակային բարեփոխումները չեն ուշանա, դրանց իրականացումը ներառավել է միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերում, գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության ներքո:
Հ. Հակոբյանի ներկայացմամբ, այն մի քանի տարով հետաձգվել է, որպեսզի անշրջելի այդ գործընթացում ռիսկայնությունը պակասեցվի ու խորդուբորդությունները հարթվեն: Ա. Ասատրյանն էլ ավելացրեց, որ նոր համակարգի ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ: «Դրանց աշխատանքով է նաև պայմանավորված լինելու համակարգի արդյունավետությունը: Բարդ պրոցեսներ են»,-ասաց նա, ընդգծելով, որ կամավոր կուտակային համակարգի ընթացքում ձեռք կբերվի փորձ ու կհստակեցնեն մեխանիզմները:
Հանձնաժողովի նախագահը ընդունեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող բոլորին լավը թվալ, դժգոհողներ անկասկած կլինեն, սակայն նա դրանք համարում է ամենաօպտիմալը:
Աղբյուր`http://www.panorama.am
