NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ-ում շարունակվում են արձանագրվել սննդային թունավորման դեպքեր. ԱՆ խորհուրդները

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սննդային` թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած և մանրէային ծագման (բոտուլիզմի) թունավորման դեպքեր:
Թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղե-ստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Թունավոր սնկերի օգտագործման հետևանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք, որից տուժել է 31-ը` 4-ը մահվան ելքով: Թունավորումների առաջացման պատճառը հիվանդների կողմից հավաքված սնկերի օգտագործումն է սննդում (Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզեր և Երևան):
Այս տարվա ընթացքում արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 7 դեպք, որից տուժել է 11-ը` 1 մահվան ելքով: Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով (Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզեր):
Սննդային թունավորումից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր; սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում; չգնել շուկայում, փողոցներում վաճառվող պատահական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդամթերք; պահածոները պատրաստել ոչ հերմետիկ փակ տարողություններում; տնային պայմաններում պատրաստված պահածոները սննդում օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել մանրակրկիտ ջերմային մշակման` 20-25 րոպե տևողությամբ, եռացնելու կամ տապակելու եղանակով:
Աղբյուր`http://www.panorama.am
