ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2001-ի ՆԱԽԱԳԻԾԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ
«Կառավարման համակարգը պետք է համապատասխանի երկրում առկա ժողովրդավարության մակարդակին: Համոզված եմ, որ այս պահին ՀՀ-ում խորհրդարանական համակարգի կիրառումն իրեն չի արդարացնի, որովհետեւ դեռ ամբողջությամբ ձեւավորված չէ ժողովրդի իրավագիտակցությունն ու քաղաքացիական հասարակությունը»,- գտնում է ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
Ինչ վերաբերում է կառավարման համակարգերին, ապա՝ նա վստահ է, որ եւ նախագահականի, եւ կիասանախագահականի, եւ խորհրդարանականի դեպքում հնարավոր է իշխանության թեւերին տալ հավասարակշիռ լիազորություններ: «Դեռեւս Մարքսը ասում էր, որ բուրժուական պետություններում ազատությունը տրվում է սահմանադրությամբ, իսկ սահմանափակվում է կոնկրետ իրավական ակտերով»,-հիշեցրեց ՍԴ անդամը: Անկախ կիրառվող համակարգից, պետք է կարողանալ համադրել մարդու իրավունքներն ու ազգային շահը: «Չեմ կարող ասել, որ կոալիցիայի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծում պահպանված են այդ սկզբունքները, սակայն այն մի քայլ առաջ է, քան գործողը»: Կիմ Բալայանը ափսոսանք է հայտնում, որ 2001թ.ին հասարակությունը չգիտակցեց, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած Սահմանդրությունը կառավարման լիազորությունները բաշխելու հարցում շատ ավելի հավասարակշռված էր, քան կոալիցիայինը. «Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ զարմացել էր, որ աշխարհում առաջին անգամ Սահմանադրության նախագիծ ներկայացնողը կրճատել է իր լիազորությունները: Քոչարյանի նախագծով հանրապետության նախագահը որեւէ կապ չուներ Արդարադատության խորհրդի հետ, իսկ կոալիցիայի տարբերակով խորհուրդը ղեկավարում է նախագահը»: Պարոն Բալայանին չի գոհացնում նաեւ կոալիցիայի նախագծի կառավարության ձեւավորման գլուխը. «Ժողովրդի կողմից ուղղակի ընտրվող երկու սուբյեկտ կա՝ ԱԺ-ն եւ հանրապետության նախագահը: Կառավարության ձեւավորմանը այդ երկու սուբյեկտները պետք է ունենան հավասար մասնակցություն: Կոալիցիայի տարբերակով հավասարակշռությունը խախտված է նախագահի օգտին: Հուսով եմ, որ քննարկումների ընթացքում այդ դրույթը կշտկվի»: ՍԴ անդամը գտնում է, որ ԱԺ-ին անպայման պետք է իրավունք վերապահվի կառավարության գործունեությունը վերահսկելու համար. «Եթե խորհրդարանի եւ հանրապետության նախագահի վրա վերահսկողություն իրականացնողը ժողովուրդն է, ապա գործադիրի նկատմամբ որեւէ մեկը նման լիազորություն չունի»: Սահմանադրության վիճահարույց կետերից մեկն այն է, թե Աժ-ն որ դեպքերում կարող է անվստահություն հայտնել հանրապետության նախագահին: Բալայանի կարծիքով այդ հարցը պետք է հակակշիռ լինի մեկ այլ հարցի, թե որ դեպքերում հանրապետության նախագահը կարող է լուծարել ԱԺ-ն.«Կոալիցիայի նախագծով, եթե նախագահը երեք անգամ ներկայացնում է կառավարության կազմը եւ ԱԺ-ի հավանությունը չի ստանում, կարող է լուծարել ԱԺ-ն: Այստեղ եւս չեմ տեսնում հավասարության սկզբունքի պահպանում: Անընդունելի է նաեւ գործող Սահմանադրությամբ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ նախագահի լիազորության ձեւակերպումը: Նախագահն ԱԺ-ն կարող է ցրել՝ խորհրդակցելով վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: Այսինքն, եթե նույնիսկ վարչապետն ու ԱԺ նախագահը դեմ լինեն ԱԺ-ի լուծարմանը, ապա նախագահը իր լիազորությունների շրջանակներում կարող է այն ցրել: Կոալիցան այդ հատվածը բարեբախտաբար վերցրել է Քոչարյանի տարբերակից, որտեղ ԱԺ-ի գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու համար նշված են լուրջ հիմքեր: Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից նախագահին անվստահություն հայտնելուն, ապա գործող Սահմանադրության մեջ հստակ նշված է՝ հայրենիքի դավաճանության կամ այլ պետական ծանր հանցագործության մեջ մեղադրելու դեպքերում»:
ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
