ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ «ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ»

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» («Committee to
Protect Journalists») միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Հարձակումները
մամուլի վրա 2004-ին» զեկույցը, որում առանձին բաժին է

հատկացված Հայաստանին:



Զեկույցում նախ նշվում է, թե մամուլի վիճակը վատթարանում է Ռուսաստանում եւ նախկին
խորհրդային հանրապետությունների մեծամասնությունում: Եվ մասնավորապես մեր երկրի
վերաբերյալ առաջին հերթին նշվում է. «Հայաստանի իշխանությունները չեն ապահովել
լրագրողների անվտանգությունը ապրիլին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բուռն
հանրահավաքների ընթացքում: Որոշ դեպքերում իշխանություններն իրենք են ներգրավված եղել
մամուլի դեմ կատարված հարձակումների մեջ»: Որպես ապացույց՝ հիշատակված է անցած տարի
«Նաիրի» կինոթատրոնի մոտ տեղի ունեցածը. «Ապրիլի 5-ին ընդդիմության կազմակերպած
հանրահավաքի ժամանակ անհաղորդ ոստիկանների աչքի առջեւ մոտ երկու տասնյակ մարդ
հարձակվել են լրագրողների եւ օպերատորների վրա»: Հիշատակված են նաեւ ապրիլի 12-ի
լույս 13-ի գիշերվա իրադարձությունները, եւ ոստիկանությունն է ուղղակիորեն
մեղադրված ՕՌՏ-ի օպերատորին եւ «Հայկական ժամանակի» լրագրողին ծեծելու եւ
նկարահանող սարքերը կոտրելու մեջ:



«Հարձակումները մամուլի վրա 2004-ին» զեկույցի հեղինակները նշում են, թե այս
հարձակումներին հետեւած անպատժելիությունն «առավել խոցելի» դարձրեց լրագրողներին եւ
իբրեւ ապացույց մեջբերում են 2004-ի օգոստոսին «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար
Խաչատրյանի հետ Ծաղկաձորում պատահածը: Հիշատակվում է նաեւ, որ այդ արարքի կատարողը
թեեւ դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման, բայց որեւէ պատասխանատվության չենթարկվեց
պատվիրատուն:



«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» անդրադարձել է նաեւ 2004-ի հանրահավաքների
լուսաբանմանը. «Ընդդիմության գարնանային ցույցերի եւ քաղաքական այլ նուրբ թեմաների
հեռուստատեսային լուսաբանումը շահեկան է եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, որն
ամեն ինչ արել է, որպեսզի հեռուստակայանները մնան նրանց ձեռքում, ովքեր սատարում են
իշխանություններին կամ չեն քննադատում նախագահի քաղաքականությունը»: Եվ այս
կապակցությամբ անդրադարձ է արվել «Ա1+»-ի խնդրին. «Եթերը վերահսկող քաղաքականացված
մարմինները նախորդ տարիների նման 2004-ին նույնպես եթերից դուրս են թողել անկախ եւ
ազդեցիկ «Ա1+» հեռուստաընկերությանը, որը խստորեն քննադատում էր իշխանություններին:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որտեղ գերիշխում են նախագահ
Քոչարյանի կողմնակիցները, 2002-ի ապրիլին «Ա1+»-ին զրկել է եթերից եւ դրանից ի վեր
8 անգամ մերժել է եթերի թույլտվություն ստանալու «Ա1+»-ի դիմումները»:



Նաեւ նշված է, որ ի տարբերություն հեռուստաընկերությունների՝ «տպագիր
լրատվամիջոցներն այդքան խիստ չեն վերահսկվում պետության կողմից, սակայն նրանց
մեծամասնությունը վերահսկվում է քաղաքական կուսակցությունների եւ մեծահարուստների
կողմից, ինչը կասկածի տակ է դնում նրանց անկախությունը եւ մասնագիտական
չափանիշները»: Զեկույցում հիշատակված է նաեւ IREX ProMedia-ի գնահատականը, թե ցածր
աշխատավարձերը խթանում են մամուլում կոռուպցիայի լայն տարածմանը:



Հարկ է նշել, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցը շատ ավելի իրազեկ է
կազմված, քան ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության
վերաբերյալ, որտեղ, ասենք, «Կենտրոն» հեռուստաընկերության վերաբերյալ օգտագործված
է՝ «որը կապված էր ընդդիմության հետ կապեր ունեցող լայն տարածում ունեցող թերթի հետ»
արտահայտությունը: Նշենք, թե սա ասվում է 2003-ի մասին՝ այդ թվականին վերագրելով «Կենտրոնին»
«Ա1+»-ի կապուղու տրամադրումը, մինչդեռ իրականում դա արվել է դրանից մեկ տարի առաջ:
Այդ զեկույցում նաեւ այսպիսի մի խրթին արտահայտություն կա. «Անցյալում «Կենտրոն»
հեռուստաընկերությունը փոխել էր հաղորդավարներին՝ օբյեկտիվության բացակայության ու
չափազանց քաղաքականացված լինելու պատճառով»:



Թույլ տանք մեզ կանխատեսել, որ Հայաստանում մամուլի վիճակն արձանագրողները
քննադատության նյութ կունենան նաեւ 2005-ին: Նման առիթ կարող են դառնալ, ասենք,
կոալիցիայի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: Այստեղ մի հոդվածում
սահմանվում է, թե «տեղեկատվության միջոցների գործունեության եւ պատասխանատվության
կարգը սահմանվում է օրենքով»: Եվ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝
այս դրույթը կարող է բարդություններ առաջացնել, քանի որ «կարող է դռները բացել
անորոշ ձեւակերպումներով տեղեկատվության միջոցների ազատության սահմանափակումների
առջեւ: Տեղեկատվության միջոցների ազատության էությունն այն է, որ տեղեկատվական
կազմակերպություններն ու այդ ոլորտի մասնագետներն ինքնուրույնաբար որոշեն, թե ինչ գործունեություն
են ծավալում ընդհանուր օրենքի շրջանակներում»: Մեկ այլ առիթ էլ կարող է դառնալ
խմորվող նախաձեռնությունը հեռուստաալիքների քանակը կրճատելու վերաբերյալ: Սակայն սա
այլ անդրադարձի առարկա է:



ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Զեկույցի տեքստը ամբողջությամբ`
Attacks on the
Press 2004 - Armenia