ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չպահանջենք՝ չենք ստանա
Այսօր լրանում է «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու երրորդ տարին: Այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ եղան՝ տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ազատվեցին եւ անմիջապես բաշխվեցին կապուղիներ, ԵԽԽՎ-ն որոշումներ կայացրեց Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման մասին, բարեհաջող վերընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ եվրոպացիներին խոստանում էր վերանայել փակված հեռուստաընկերության խնդիրը, սակայն «Ա1+»-ն այդպես էլ եթեր չվերադարձավ: Հիմա էլ, կարծես, հեռուստաընկերությանը ցանկանում են ընդհանրապես մոռացության մատնել եւ այդ կապակցությամբ ուզում են այդ կոլեկտիվին ընդհանրապես թողնել փողոցում: «Ա1+»-ի մասին մոռացել են անգամ ընդդիմադիր գործիչները, որոնք, եթե հիշում եք, երեք տարի առաջ՝ ի պաշտպանություն հեռուստաընկերության, հանրահավաքներ էին կազմակերպում եւ բոցաշունչ ճառեր ասում: Սակայն դա նախընտրական շրջան էր, եւ ընդդիմությունը մտահոգության լուրջ պատճառներ ուներ, թե «Ա1+»-ի փակվելուց հետո ինքը կզրկվի միակ անկախ ամբիոնից: Հետո, երբ ընտրություններն արդեն ավարտվեցին եւ հանրահավաքային տրամադրությունները խաղաղվեցին, քաղաքական գործիչները հարկ չգտան «Ա1+»-ի փակվելու փաստն օգտագործելու որպես կռվան իշխանությունների դեմ պայքարում։ «Ա1+»-ի մասին այսօր հիշում են, թերեւս, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւ ժողովրդավարական ինստիտուտները՝ ժամանակ առ ժամանակ տպագրելով Հայաստանում ժողովրդավարության մասին զանազան զեկույցներ: Սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, նրանց համար են, ովքեր հենց հրահանգել են փակել հեռուստաընկերությունը: Սակայն միջազգային կառույցների ոչ մի կոշտ բանաձեւ ի զորու չէ սթափեցնել մեր իշխանություններին, քանի որ դրանք մերոնց համար քաղբյուրո չեն: (Քաղբյուրոն Պուտինն է, որը, սակայն, «Ա1+»-ի փակման դեմ չի բողոքում եւ ինքն էլ մեծ հաճույքով իրեն չենթարկվող հեռուստաընկերություններ է փակում): Էլ չենք խոսում «Ֆրիդոմ Հաուզի» կամ նման այլ իրավապաշտպան կառույցների մասին:
Մյուս կողմից էլ իշխանությունները միշտ էլ կարող են վկայակոչել այն հանգամանքը, որ երկրի ներսում եւ ոչ ոք՝ բացի «Ա1+»-ի աշխատակազմից, չի բողոքում: Եվ, ցավոք, նրանք իրավացի կլինեն՝ մատնացույց անելով այդ փաստը: Քանի որ խոսքի ազատությունը պետք է պաշտպանենք մե՛նք, այլ ոչ թե ԵԽԽՎ-ն եւ ԱՄՆ պետքարտուղարությունը: Եվ հենց մենք՝ այս երկրի քաղաքացիները, լրագրողները, քաղաքական գործիչները, հեռուստադիտողները պետք է պահանջեն արդարություն «Ա1+»-ի հարցում: Քանի դեռ մենք այդպես չենք վարվում, իշխանությունները կանեն այն, ինչ հարմար է իրենց:
