Ռազմավարական Կենտրոնը դիտարկում Է ՀՀ մարզային եվ համայնքային զարգացման խնդիրները

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ)
տեղի ունեցած սեմինար-քննարկման ընթացքում ամփոփվեցին զուգահեռաբար անցկացված
սոցիոլոգիական երկու նոր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նվիրված էին
ինչպես ՀՀ մարզային ու համայնքային, այնպես էլ Երեւանի զարգացման խնդիրներին:
Առաջին հետազոտությանը մասնակցել են 1000 հարցվողներ ՀՀ բոլոր մարզերից, իսկ
երկրորդին` 500 երեւանցիներ:



Սեմինարը բացեց եւ զույգ հարցումների արդյունքները համեմատական վերլուծության
սկզբունքով ներկայացրեց ՌԱՀՀԿ հետազոտության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Համաձայն
այդ տվյալների, Երեւանի եւ ՀՀ մյուս մարզերի սոցիալ-տնտեսական զարգացվածության
միջեւ առկա տարբերություններն էական են: Այսպես, մարզային մակարդակում հարցվածների
կեսից ավելին` 50,3 տոկոսը համարում է, որ տարբերությունները "շատ մեծ" են, 35,2
տոկոսը դրանք գնահատում է "մեծ", եւ միայն 11,3 տոկոսն է մայրաքաղաքի եւ մարզերի
զարգացվածության աստիճանը որակում "քիչ" կամ "շատ չնչին": Երեւանցիների
դիտարկումներով` այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 49,6, 40 եւ 8,2
տոկոս կամ բավականին մոտ են առաջին խմբի հարցվածների տեսակետներին:



Ցավալի է, որ մշտական բնակության վայրից տեղափոխվելու ցանկությունը մեծ է մնում թե
մարզերում, եւ թե բուն Երեւանում: Հարցվածների շրջանում այդպիսի մտադրություն է
հայտնել մարզային կտրվածքով 44,7, Երեւանի կտրվածքով` 37,9 տոկոսը: Իսկ նրանք,
ովքեր չեն ուզում տեղափոխվել մշտական բնակության իրենց վայրերից, մարզերում կազմում
են 43,7, մայրաքաղաքում` 52,5 տոկոս: Դժվարացել է հարցին պատասխանել
համապատասխանաբար 11,6 եւ 9,6 տոկոսը:



Ուշագրավն այն է, որ եթե մարզերից տեղափոխվելու հակում ունեցողների մեծ մասը` 15,4
տոկոսը, նախընտրում է Երեւանը, ապա երեւանաբնակների շրջանում հարգի է արտերկիրը,
մասնավորապես Միացյալ Նահանգները` 8,6 տոկոս, Ռուսաստանը` 7,8 տոկոս, Եվրոպան` 5,8
տոկոս եւ այլն: Մյուս առանձնահատկությունն առնչվում է բնակության վայրը լքելու
դրդապատճառներին: Մարզերի բնակչության գլխավոր փաստարկը վատ կենսապայմաններն ու
աշխատանքի բացակայությունն են` 48,1-ական տոկոս, իսկ երեւանցիներինը` ապագայի
անորոշությունը (45,1 տոկոս), չնայած վերջիններս նույնպես մատնանշում են վատ
կենսապայմանները` 44 տոկոս եւ աշխատանքի բացակայությունը` 30,1 տոկոս:
Այդուհանդերձ, երկու խմբերի գրեթե հավասար մեծամասնությունը` ավելի քան 70-ական
տոկոսը համոզված է, որ աշխատանք գտնելն ու փող վաստակելը ավելի դյուրին են
Երեւանում, քան գյուղերում:



Մարզերում, ինչպես վկայում են հարցումները, զարգացման ամենամեծ ներուժն ունի
գյուղատնտեսությունը (48,1 տոկոս) իսկ Երեւանում` առեւտուրը (26,7 տոկոս):

Մարզային մակարդակում հարցվածների 47,1 տոկոսը գտնում է, որ իրենց բնակավայրի
ամենահեռանկարային ճյուղը հողագործությունն է, 29,4 տոկոսը` խոշոր եղջերավոր
անասնապահությունը, 22,4 տոկոսը` գյուղմթերքների արտադրությունը, 19,7 տոկոսը` մանր
եղջերավոր անասնապահությունը, 9,6 տոկոսը` մեղվապահությունը եւ այլն:



Հատկանշական է, որ համայնքի ղեկավարի ընտրովիությանը գերապատվություն են տալիս եւ
մարզերում, եւ Երեւանում: "Կցանկանայի՞ք, որպեսզի մարզպետը լիներ ընտրովի" հարցին
դրական է պատասխանել առաջին շերտի հարցվածների 63,5 տոկոսը, բացասական` 10,4 տոկոսը
եւ դժվարացել է պատասխանել 26,1 տոկոսը:



Հարցումները պարզել են, որ համայնքի ղեկավարի աշխատանքից մարզերում գոհ են ընդամենը
22,8 տոկոս, Երեւանում` 19,2 տոկոս հարցվածներ: Երկու դեպքում էլ դժգոհ է
հարցվածների շուրջ կեսը` համապատասխանաբար 49,6 եւ 50,6 տոկոսը: Ավելին` պատկառելի
թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր վստահություն չունեն իրենց համայնքի ղեկավարի
նկատմամբ: Մարզերի բնակչության 45,6 տոկոս ներկայացուցիչներ պնդում են, որ իրենց
մարզպետը խոչընդոտում է մարզի զարգացմանը կամ դրանում որեւէ դեր չի խաղում: Երեւանի
քաղաքապետի պարագայում նման բացասական կարծիք է ձեւավորված մայրաքաղաքի հարցված
բնակիչների 60,5 տոկոսի շրջանում: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս
վարչատարածքային բաժանմանը, ապա այն չի գոհացնում առաջին խմբի հարցվածների 40,5 եւ
երկրորդ խմբի` 24,6 տոկոսին:



Տեղական ինքնակառավարման արդի խնդիրները Երեւանի Նոր Նորք համայնքի օրինակով
արծարծելիս համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը կարեւորեց վերջերս համակարգում
կատարված այնպիսի փոփոխությունը, ինչպիսին է գույքահարկի բազաների հանձնումը
թաղապետարաններին, ինչի շնորհիվ ավելացել է համայնքի բյուջեն, եւ դա թույլ է տալիս
սոցիալական ուղղվածության ավելի շատ խնդիրներ լուծել: "Օրենսդրական հստակեցման
կարիք ունի համայնքային մարմիններ-համատիրություններ կապը: Անհրաժեշտ եմ համարում
նաեւ դպրոցների հանձնումը համայնքներին եւ ավագանիների լիազորությունների
հստակեցումն ու ավելացումը",- նշեց Պետրոսյանը:



Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ Դավիթ Թումանյանն էլ խոսեց
Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հեռանկարների շուրջ` նկատելով, որ
օրենսդրության տեսանկյունից դաշտն առկա է, սակայն կատարելագործելու կարիք ունի:
"Տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման համար անհրաժեշտ է Ազգային ժողովի
կողմից ապակենտրոնացման ռազմավարության ընդունում",- ասաց զեկուցողը եւ հավելեց, որ
պետք է անցնել երկաստիճան համակարգի, որը բաղկացած է համայնքային մարմիններից ու
միջհամայնքային միավորումներից: Այդ համակարգը նախեւառաջ պահանջում է սահմանադրական
ամրագրում առաջիկա բարեփոխումների ժամանակ:



Այնուհետեւ ծավալված հարցուպատասխանին եւ մտքերի փոխանակությանը մասնակցեցին
Համայնքների ֆինանսիստների միավորման անդամ Սոս Գիմիշյանը, Համատիրությունների
նախագահների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը, GTZ գերմանական կազմակերպության
եւ ՀՀ կառավարության համատեղ կազմած` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի
մոնիթորինգի եւ գնահատման աշխատանքային խմբի փորձագետ Հռիփսիմե Մանուկյանը,
Քաղաքական բանավեճի ակումբի նախագահ Արամ Մայիլյանը, Մարդկային զարգացման
միջազգային կենտրոնի փորձագետ Արմեն Գալստյանը, ՀՀ կառավարման ակադեմիայի
դասախոսներ Վիլիկ Եդիգարյանը եւ Հայկ Չիլինգարյանը, Մարդու իրավունքների եւ
ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ Գոռ Հակոբյանը, Ռազմավարական եւ ազգային
հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետներ Սյուզաննա Բարսեղյանը, Հովհաննես
Վարդանյանը, Քաղաքացիական ազգային նախաձեռնության համակարգող Հովսեփ Խուրշուդյանը,
անդամներ Գոհար Իսախանյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ այլոք:



Մարզային հարցման մասնակից քաղաքացիների 9,3 տոկոսի տարիքը 16-20 է, 25,4 տոկոսինը՝
21-30, 22,9 տոկոսինը՝ 31-40, 20,2 տոկոսինը՝ 41-50, 10,4 տոկոսինը՝ 51-60, 7,1
տոկոսինը՝ 61-70, 2,6 տոկոսինը՝ 71-ից բարձր: Տղամարդիկ հարցվածների շրջանում 45,7
տոկոս են, կանայք՝ 54,3: Բարձրագույն կրթություն ունի նրանց 31,8 տոկոսը, թերի
բարձրագույն՝ 10,6, միջին մասնագիտական՝ 24,6, միջնակարգ՝ 29,4 եւ թերի միջնակարգ
կրթություն՝ 3,2 տոկոսը: Տարբեր ոլորտներում աշխատում է հարցվածների 44,6 տոկոսը,
չի աշխատում՝ 34,8 տոկոսը: Թոշակառու եւ նպաստառու է 11,5 տոկոսը, ուսանող՝ 8,8
տոկոսը:



Երեւանցիների շրջանում 16-20 տարեկան է հարցման մասնակիցների 13,3 տոկոսը, 21-30
տարեկան` 30 տոկոսը, 31-40 տարեկան` 15,6 տոկոսը, 41-50 տարեկան` 21,7 տոկոսը,
51-60 տարեկան` 11,6 տոկոսը, 61-70 տարեկան` 4,6 տոկոսը, 71-ից բարձր` 2,2 տոկոսը:
Արական սեռի ներկայացուցիչները նրանց շրջանում 40 տոկոս են, իգական սեռինը՝ 60
տոկոս: Հարցախույզին մասնակցած երեւանաբնակներից բարձրագույն կրթություն ունի 49,2
տոկոսը, թերի բարձրագույն՝ 13,2 տոկոսը, միջին մասնագիտական` 16,4 տոկոսը,
միջնակարգ` 17,6 տոկոսը եւ թերի միջնակարգ կրթություն` 3,2 տոկոսը: Աշխատանքային
զբաղվածություն ունի հարցված երեւանցիների 54 տոկոսը, չի աշխատում 24,6 տոկոսը:
Թոշակառու եւ նպաստառու է 8,2 տոկոսը, ուսանող` 12 տոկոսը: