ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենը բնակիչների կողմից է
ՌԱՀՀԿ-ում տարբեր տեսակետներ կիսող անձիք «Սեփականության օտարման խախտումները ՀՀ-ում» թեմայով հանրային լսումներ էին կազմակերպել, որի ընթացքում ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց «Պետական կարիքների զոհեր» քաղաքացիական ազգային նախաձեռնության զեկույցը:
Զեկույցը ուղղված է կառավարությանը, Ազգային ժողովին, Հ/Կ-ներին, նաեւ թարգմանվելու է տարբեր լեզուներով եւ տրամադրվելու է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ՀՀ-ում միջազգային կառույցների ներկայացուցիչներին:
Ի դեպ, այն դեռ նախագիծ է եւ նրանում, ինչպես նշեց Սաֆարյանը, կընդգրկեն ցանկացած փաստարկ, հակափաստարկ:
Հանդիպման ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը արտահերթ զեկույցով հանդես եկավ, որն ուղղված էր հանրությանը: Օմբուդսմենն անդրադարձավ օտարման գոտու բնակիչների իրավունքներին, եւ նկատեց, որ 2004-2005թթ.-ին գրանցված իրավունքի ոտնահարումները շարունակվում են: Սակայն խնդիրը լուծելի է համարում: Նա 2004թ. ստացել է 176 քաղաքացու բողոք, իսկ 2005թ.-ին՝ 239 բողոք: Լարիսա Ալավերդյանի համար անհասկանալի է. «Ո՞րն է պատճառը. ստացվում է իրացնողի կամ ԾԻԳ-ի շահերը ավելի են պաշտպանվում, քան քաղաքացիներինը: Որեւէ մեկը չի կարող ասել, որ մարդու իրավունքների ոտնահարումը կարող է պաշտպանել պետության շահերը: Խնդիրը կարոտ է լուծման հենց անհապաղ: 10% եկամտահարկը non sens է»:
Օմբուդսմենին ընդունելի չէ ԴԱՀԿ-ի վարվելակերպը, այն ձեւերն ու արագությունը, որով վտարում են իրականացնում:
Ի դեպ, հանդիպմանը մասնակցում էին նաեւ «հյուսիսային գործարքի» զոհերից. Բուզանդի բնակիչ Ռուզան Խաչատրյանը հանդիպման ժամանակ ժխտեց այն խոսակցությունները, թե ինքը գոհ է մնացել ստացած փոխհատուցման գումարից: Իսկ Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարեն Դավթյանը հակառակվեց. «Եթե ստորագրել եք, ուրեմն գոհ եք»: Նա հանդիպման ընթացքում ներկայացվածը չափազանցված համարեց. «Հյուսիսային պողոտայում հիմնականում կնքված պայմանագրեր են: Մեր մոտ կնքվել են 1200 պայմանագիր: Պատճառներից մեկն այն է, որ եթե մարդկանց սեփականության ձեւերը ձեւակերպած լինեին, նման խնդիր չէր լինի: Բերեք տրված թվերը համեմատենք եւ տեսնենք՝ ճիշտ է, թե սխալ: Ի՞նչ պետք է լիներ խարխուլ ֆոնդի հետ»:
Իսկ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք իշխանյանը կոչ արեց դիմել մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ օմբուդսմենի արտահերթ զեկույցը մեծ առավելություն ունի:
