Դատավճիռ համոզմունքների համար

Յոթ Եհովայի վկաներ, որոնք հրաժարվել են շարունակել այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, դատապարտվել են ազատազրկման` ծառայության վայրը ինքնակամ լքելու համար:

Դատապարտվածներն այն 22 երիտասարդների թվում են, որոնք դադարեցրել են իրենց այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը` հայտարարելով, որ իրենք եղել են պաշտպանության նախարարության վերահսկողության տակ, ինչը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին. Եհովայի վկաները դեմ են զինվորական ծառայությանը (տես` «ԱրմենիաՆաուի» Դասալքությո՞ւն, թե՞ խաբեություն հարակից հոդվածը):

19-ամյա Արթուր Չիլինգարովը, Գագիկ Դավթյանը, Վաղարշակ Մարգարյանը և 20-ամյա Բորիս Մելքումյանը Սևանում դատապարտվել են 3 տարվա ազատազրկման:

Նախապես նրանց մեղադրում էին կազմակերպված դասալքության մեջ, որի համար նախատեսվում է 4-10 տարվա ազատազրկում: Դատախազը իր մեղադրականում մեղմացրեց պատիժը` դասալքության փոխարեն արարքը որակելով ծառայության վայրի կազմակերպված ինքնակամ լքում և պահանջեց 3,5 տարվա ազատազրկում: Դատավորը նույն հոդվածով դատապարտեց 3 տարվա ազատազրկման:

Նույն մեղադրանքով Կապանի հոգեբուժարանում ծառայող Նարեկ Ալավերդյանը և Արսեն Սևոյանը դատապարտվել են 2 տարվա ազատազրկման, իսկ Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում ծառայած Շալիկո Սարգսյանը` 2 տարի 8 ամիս ազատազրկման դասալքության մեղադրանքով (եթե կազմակերպված դասալքությունը նախատեսում է 4-10 տարվա պատիժ, ապա անհատականը` մինչև 4 տարվա):

Եվս 15 երիտասարդ սպասում են իրենց դատավճռին:

Սևանի դատավարությունում ամբաստանյալներին պաշտպանող բրիտանացի 70-ամյա փաստաբան Ռիչարդ Դանիելը, որ 44 տարվա փաստաբանական պրակտիկա ունի, ինտերնետով կարողացել է ուսումնասիրել անգլերեն թարգմանված Հայաստանի օրենսդրությունը: Օրենքների նկատմամբ նրա միակ դիտողությունն այն է, որ օրենսդրությունը շատ խիստ պատիժներ է սահմանել դասալքության և ծառայության վայրը ինքնակամ լքելու համար. «Շատ ծանր պատիժ է, եթե մարդուն դասալքության համար կարող են 10 տարի տալ»,- ասում է նա: Նա նաև կարծում է , որ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքն անկատար է:

Բրիտանացի փաստաբանի համար (որն ինքը Եհովայի վկա է) տարօրինակ է, որ դատավարության ընդմիջումները դատավորն ու դատախազը անցկացնում էին միասին` նույն սենյակում փակված:

«Իմ երկրում այսպիսի բան հնարավոր չէ,- ասում է նա: - Մեզ մոտ դատավորին երկու կողմերը մոտենում են միասին: Այստեղ եթե դատախազը պիտի մնար դատավորի հետ, ապա ես էլ պիտի մնայի, որ հանկարծ մի կողմը չկասկածի, թե մյուսը դատավորի հետ ինչ-որ գործարքի մեջ է մտնում»:

Սակայն Դանիելի ամենամեծ դժգոհությունն այն է, որ տղաներին դատել են այլընտրանքային ծառայության մեկնելուց հետո ընդունված օրենքով:

2004 թվականի հուլիսին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ասվում է, որ քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը դուրս է զինվորական ծառայությունից: Երբ նրանք մեկնում էին ծառայության, նախատեսված չէր, թե ծառայությունից հրաժարվելու համար նրանց ինչ պատիժ է սպասում:

Սակայն ծառայության անցնելուց 15 օր անց այլընտրանքային ծառայության օրենքի մեջ փոփոխություն է արվում, որ ծառայողները պատժվում են զինվորականների համար նախատեսված հոդվածներով:

Սկզբում երիտասարդներին քննել է զինվորական քննիչը, ապա` քաղաքացիական:

«Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որ օրենքը հետադարձ ուժ չունի: Դա նաև Հայաստանի օրենքն է: Եթե այդ օրենքը ուժի մեջ լիներ, նրանք ծառայության չէին մեկնի: Ես ուրախ եմ, որ դատախազը հոդվածը փոխեց ու պատիժը մեղմացրեց: Սակայն, այսուհանդերձ, սա անօրինական դատավճիռ էր, և մենք բողոքարկելու ենք»,- ասաց Դանիելը:

Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից