Հեռացված, բայց ոչ պարտված. օմբուդսմանի պաշտոնավարումն ավարտվում է հակամարտության մեջ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատասենյակի դուռը 8-րդ օրն է կնքված է, սակայն
պաշտպան Լարիսա Ալավերդյանն ամեն օր գնում է աշխատանքի ու նստում իր աշխատակիցների
հետ ընդհանուր սենյակում: Հունվարի 4-ին նախագահը հրամանագրով պաշտպանի աշխատակազմի
կառավարումը հանձնեց երեք պաշտոնյայից կազմված հանձնաժողովին մինչև նոր պաշտպանի
ընտրությունը: Փաստորեն պաշտպանը հեռացվել է պաշտոնից:

Նախագահի հրամանագիրը հենվում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի վրա,
ըստ որի` սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 30-րդ օրը լրանում
է մարդու իրավունքների առաջին պաշտպանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն Ալավերդյանը
հրամանագիրը համարում է հակասահմանադրական, քանի որ նախագահի լիազորությունների մեջ
չի մտնում պաշտպանին փոխարինել կամ նրա տեղը այլ մարմին նշանակել: Ըստ նոր
Սահմանադրության` Ազգային ժողովն է նշանակում մարդու իրավունքների պաշտպանին, որը
պետք է լինի հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, անկախ մարդ: Իսկ այժմ
պաշտպանին հեռացնում է նախագահը և փոխարենը նշանակում մի ժամանակավոր հանձնաժողով,
որի անդամները պաշտոնյաներ են (Առուշան Հակոբյան` Սահմանադրական դատարանի
աշխատակազմի ղեկավար, Մարտին Զաքարյան` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
Նունե Խաչատրյան` արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար):

Այս քայլը ոմանք համարում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի դժգոհության արտահայտություն
Ալավերդյանից, որը մարդու իրավունքների առաջին պաշտպանի պաշտոնում հաճախ բացահայտել
է իշխանությունների կողմից ուշադրության պակասը մարդու իրավունքների նկատմամբ:

Հայտնի է, որ նախագահը դժգոհ է մարդու իրավունքների առաջին պաշտպանի գրասենյակի
աշխատանքից:

(Ինքը՝ Ալավերդյանը, հայտնի էր որպես Քոչարյանի կողմնակից, սակայն նրա
պաշտոնավարման ընթացքում հրապարակված զեկույցները մշտապես հակասության մեջ են եղել
իշխանավորների շահերի հետ:)

Լարիսա Ալավերդյանը մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել 2004 թվականի
հունվարին: Հետագա երկու տարվա ընթացքում հանդես է եկել զեկույցներով (
www.ombuds.am ),
որոնցում կտրուկ հակադրվել է իշխող վարչակարգին: Մասնավորապես` պաշտպանը խիստ
քննադատության է ենթարկել իշխանություններին 2004 թ. ապրիլին ընդդիմության
կազմակերպած հանրահավաքը ցրելիս անհարկի ուժ կիրառելու համար: Նա նաև հանդես է եկել
որպես Երևանի Բուզանդի փողոցի շրջակայքում կառուցապատման վիճահարույց ծրագրի
շրջանակներում մարդկանց ոտնահարված սեփականության իրավունքի պաշտպան: Այդ
կառուցապատման ծրագիրը, որի իրականացման ընթացքում բազմաթիվ ընտանիքներ են
տեղահանվել իրենց տներից, մեծ ֆինանսական շահույթ է խոստանում մի քանի հայ
օլիգարխների:

Իշխանությունները սկսեցին պաշտպանի դեմ արշավ (տես` Ճիշտն ու սխալը): Նա դարձավ
նախագահ Քոչարյանի նշանակած միակ պաշտոնյան, որ ոչ միայն չդարձավ իշխանության
կամակատար, այլև հավատարիմ մնալով իր սկզբունքներին` այնպիսի աշխատանք տարավ, որ
մերկացրեց իշխանության անօրինականությունները:

«Իմ խնդիրը իշխանություններին մերկացնելը չէր, այլ մարդու իրավունքների խախտումները
վերհանելը: Իմ խնդիրն էր օգնել իշխանություններին վերացնելու մարդու իրավունքների
ոտնահարման արմատները,- ասաց Ալավերդյանն «ԱրմենիաՆաուին» - Այդ օգնությունը
չընդունվեց, այսինքն` ավելորդ համարվեց: Հնարավոր է` իրենց շահերի դեմ էր այդ
օգնությունը: Ես չկարողացա փոխել համակարգը, բայց համակարգն էլ ինձ չէր կարող փոխել»:

Ալավերդյանը համարում է, որ առաջին հերթին իշխանությանը դուր չի եկել, որ ինքը
պաշտպանում է կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքը. «Ես եկա հետևության, որ
Հայաստանում կա խտրականություն ոչ թե ազգային կամ կրոնական, այլ իշխանություններին
մոտ կանգնածների և իշխանություն չունեցողների միջև: Սոցիալապես անպաշտպան խավը նաև
իրավականորեն պաշտպանված չէ»,- ասում է Ալավերդյանը:

Մինչ զեկույցը հրապարակելը նախագահն արդեն ցույց էր տալիս իր դժգոհությունը
պաշտպանից: Վերջին անգամ նախագահն ընդունել է նրան 2004 թվականի նոյեմբերին, թեև
ըստ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի` նախագահն առաջնահերթ պետք է
ընդունի պաշտպանին:

«Անհամաձայնությունների սկիզբը դրվեց 2004-ի վերջին: Նոյեմբերին նախագահի հետ
վերջին հանդիպմանը ներկայացրեցի մեր երկրում մարդու իրավունքների վիճակը, անարդար
դատավճիռները, անպաշտպանվածության արմատները, անարդարությունները: Ես կարծում էի՝
իմ պարտքն եմ կատարել,- ասում է Ալավերդյանը: Սակայն կարճ ժամանակ անց նրա համար
պարզ է դառնում, որ իր պարտքը և նախագահի շահերը չեն համընկնում: Դեկտեմբերի 10-ին`
մարդու իրավունքների պաշտպանության օրը, պաշտպանին չեն հրավիրում հանրային
հեռուստատեսություն, փոխարենը եթերից մի իրավաբան Ալավերդյանի դեմ ելույթ է
ունենում: - «Հ1»-ի եթերից պարզ դարձավ, որ իմ և իշխանության փոխհարաբերությունները
դուրս են եկել համաձայնության դաշտից և մտել են հակամարտության դաշտ»:

Նախագահի հրամանագրի մասին Ալավերդյանն իմացել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի
հարցից, թե տեղյա՞կ է, որ իրեն հանել են պաշտոնից: Ապա երեկոյան լսել է «Հայլուրով»:

Հրամանագրի հաջորդ օրը նախագահի նշանակած հանձնաժողովը հինգ ոստիկանների
ուղեկցությամբ եկել է գրասենյակ, Ալավերդյանին հանել աշխատասենյակից և վերցրել
կնիքը:

Լարիսա Ալավերդյանը դիմել է Սահմանադրական դատարան` պարզելու հրամանագրի
համապատասխանությունը սահմանադրությանը (ըստ սահմանադրական նոր փոփոխությունների`
պաշտպանը կարող է դիմել ՍԴ: Նա դեկտեմբերին արդեն մի դիմում ներկայացրել է ՍԴ՝
կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքի խնդրով):

Նա ասում է, որ շարունակում է կատարել մարդու իրավունքների պաշտպանի
լիազորությունները և շարունակելու է ստեղծված անորոշությունից օրենսդրական լուծում
գտնելու որոնումները:

«Կային պարզ լուծումներ. կարող էին մեկ ամսվա ընթացքում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
և պաշտպան ընտրել, այլ ոչ թե օրերը հաշվեին, թե երբ կգա հունվարի 4-ը: Ես փորձում
եմ երկիրն օրինական հուն մտցնել»:

Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից