Երեվանի Մամուլի Ակումբի Նախագահ Բորիս Նավասարդյանի Հայտարարությունը

Սկսած 2006 թվականի փետրվարի 4-ից «Արմենիա», «Արմնյուս» եւ «ԹՎ 5»
հեռուստաալիքները մի քանի անգամ եթեր են հեռարձակել իմ մասնակցությամբ մի սյուժե,
որում օգտագործվել են իմ հարցազրույցի համատեքստից դուրս բերված հատվածներ,
կատարվել է պատասխանների եւ այնպիսի հարցերի կամայական համադրում, որոնք կամ
ընդհանրապես չեն տրվել, կամ էականորեն վերաձեւակերպվել են:


Սրանով իսկ խեղաթյուրվել է իմ խոսքերի իմաստը: Ցավոք, այդ ժամանակաշրջանում ես
Երեւանում չէի (հարցազրույցը տեսագրվել էր նախապես՝ 2006 թ. փետրվարի 3-ին) եւ չէի
կարող տեսնել սյուժեն եթերում ու արձագանքել անմիջապես:

Այդ սյուժեն նվիրված էր վերջին ժամանակներս արհեստականորեն ուռճացված «արտասահմանից
ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հակապետական գործունեության»
թեմային: Ցանկության դեպքում տվյալ սյուժեում հնչած իմ խոսքերից կարելի է
եզրակացնել, թե ես էլ ոչ այնքան բարյացկամ վերաբերմունք ունեմ ԱՄՆ-ի եւ Մեծ
Բրիտանիայի կառավարական կառույցների կողմից մեր ՀԿ-ներին աջակցության նկատմամբ:
Այնինչ տեսագրության հետ մանիպուլիացիաների հետեւանքով հարցազրույցից դուրս է
մնացել իմ այն միտքը, թե համապատասխան ամերիկյան եւ բրիտանական
կազմակերպությունները, թեպետ եւ, բնականաբար, գործում են իրենց երկրների արտաքին
քաղաքական շահերից ելնելով, սակայն դա մեզ չպետք է անհանգստացնի, քանի որ
վերջիններիս հետ մեր պետությունը չունի էական խնդիրներ եւ հակասություններ: Եվ մեր
գործընկերների այնպիսի արտաքին քաղաքական շահերը, ինչպես, օրինակ, Հայաստանում
ժողովրդավարության զարգացումը, հայ-ադրբեջանական երկխոսության խթանումը, ամբողջովին
համապատասխանում են նաեւ մեր սեփական շահերին:

Հարցազրույցի մի այլ դրվագում, թղթակցի համառ խնդրանքով, ես նկատառում եմ հայտնում,
թե ռուսական հատուկ ծառայությունների կողմից իբր Հայաստանի իրենց գործընկերներին
փոխանցված «կասկածյալների» ենթադրյալ ցանկում, հավանաբար, թվարկված կարող են լինել
ՀԿ-ներ այն նույն շրջանակներից, որոնք նշվել են Ռուսաստանում, մասնավորապես՝
հիշատակում եմ Հելսինկյան կոմիտեն: Հեռուստադիտողների մոտ կարող է այնպիսի
տպավորություն ստեղծվել, թե Հայաստանի «քույր» կազմակերպությունները եւս արժանի են
կասկածի: Մանավանդ, որ դրանից անմիջապես հետո սյուժեում հետեւում է Հայաստանի
հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ պետք է ենթադրել՝ նույնպես
խեղաթյուրված, հարցազրույցը: Իմ հետագա խոսքերը մոնտաժման ժամանակ հանվել են,
այնինչ շարունակության մեջ ես նշել էի, որ Հելսինկյան գործընթացի շրջանակներում
Հայաստանում գործում են չորս կազմակերպություններ. Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի հայկական ազգային կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
գրասենյակը, Հելսինկյան կոմիտեն եւ Հելսինկյան ընկերակցությունը, եւ որ Հայաստանում
ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակի նրանց գնահատականները կարող են
տարբերվել ՀՀ իշխանությունների կարծիքից, սակայն ես բացառում եմ նրանց
մասնակցությունը հակապետական գործունեությանը: Սրանով իսկ ընդգծվում էր, թե
իրականությունից որքան հեռու կարող է լինել ցուցակը, եթե այդպիսին, իհարկե,
գոյություն ունի:

Սյուժեի սկզբում Երեւանի մամուլի ակումբի մուտքի կադրերի եւ ուղեկցող տեքստի
համադրումը հեռուստադիտողների մոտ ոչ միանշանակ տպավորություն է ստեղծում: Հարուստ
երեւակայություն ունեցող մեկը, հավանաբար, մտածեց՝ ահա լրագրողը դուրս է եկել
«լրտեսական բնի» վրա: Իսկ ավելի հանգիստ բնավորությամբ մեկ ուրիշն էլ միանգամայն
կարող էր եզրակացնել, թե իբր մեր կազմակերպությունն ու նրա ղեկավարը լրջորեն
մտահոգված են արտասահմանից ՀԿ-ների ֆինանսավորման հետ կապված ազգային անվտանգության
հիմնախնդրով եւ համարյա իրենք էլ նախաձեռնել են, որ հեռուստատեսությունը անդրադառնա
դրան: Այն դեպում, երբ Ռուսաստանում համապատասխան «կամպանիան» ես հարցազրույցում
համեմատել եմ խորհրդային ժամանակների «Լրտեսական կրքեր» ուսանելի իրոնիկ մուլտֆիլմի
հետ (հետաքրքիր է, որ լճացման տարիներին առողջ հումորը ավելի հարգի էր, քան այսօր
հետխորհրդային տարածքի որոշ մասերում...): Այս հատվածը, որն արտացոլում էր ՀԿ-ների
շրջանում «լրտեսներ» փնտրելու վերաբերյալ իմ թերահավատությունը, բնականաբար,
նույնպես կրճատվել է:

Այսպիսով, նույնիսկ բերված երեք օրինակներով (իսկ այդ սյուժեում մանիպուլիացիաների
թվարկումը դրանցով չի ավարտվում) կարելի է պնդել, որ իմ ասածները փոխանցվել են
միանգամայն հակառակ իմաստներով:

Ցավոք, դեպքերը, երբ խեղաթյուրվում են իշխանությունների նկատմամբ իրենց քննադատական
վերաբերմունքով հայտնի կազմակերպություններին եւ անձերին վերաբերող փաստերը,
հազվադեպ չեն մեր հեռուստաեթերում: Որպես կանոն, մենք ներողամտորեն ենք վերաբերվում
լրագրության կեղծարարների փոքրիկ «չարաճճիություններին»: Սակայն այն, ինչ իրենց
թույլ տվեցին այդ երեք հեռուստաընկերությունները, անցնում է բոլոր սահմանները: Նման
պրովոկացիաները լուրջ վտանգ են հասարակության համար, եւ չի կարելի դրանք չտեսնելու
տալ, եթե մենք դեռ մտածում ենք մեր երկրի բարոյական նկարագրի եւ քաղաքակիրթ ապագայի
մասին:

Հիմնական վտանգն այն է, որ «լրտեսական կրքերի» նոր բորբոքումը մեր որոշ ԶԼՄ-ների
կողմից ընկալվում է իբրեւ վաղուց սպասված գյուտ: Ամսե-ամիս նրանք կաշկանդվում են
նորանոր «տաբուներով»: Իշխանություններին եւ օլիգարխներին քննադատելու
անհնարինությունը, ընդդիմության «ջախջախումը» եւ քաղաքական տոտալ թմբիրը բերում են
եթերի «գորշացման» եւ նրանում «զվարճալիքի» գերիշխման: Եվ ահա՝ ձեռքներն է ընկել
«թեժ» մի թեմա, որը կարելի է անվերջ ու անպատիժ շահարկել: Բարեբախտաբար,
հասարակական կազմակերպությունների վրա հարձակումների եւ նրանց վարկաբեկման համար ոչ
մեկը չի ծեծի, չի տուգանի, արտոնագրից չի զրկի: Իսկ վերեւից՝ դեռ մի բան էլ
գլուխները կշոյեն. չէ՞ որ թուլացած եւ «քիթմռութը ջնջխված» քաղաքացիական սեկտորը
հենց այն է, ինչը դեռ պակասում է սպասվելիք համազգային ընտրություններն «անհրաժեշտ
սցենարով» անցկացնելու համար...

Հեռարձակվող ԶԼՄ-ների ներկա իրավիճակը, երբ դրանց գերակշիռ մեծամասնությունը
հայտնվել է մեկ ընդհանուր «տանիքի» ներքո, հետեւողականորեն ձեւավորվում էր վերջին
տարիների ընթացքում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ հետադիմական օրենքի
ընդունումը եւ դրա բացասական դրույթների ամրագրումը փոփոխված Սահմանադրության մեջ,
«արդյունավետ» գործունեությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի՝ այն հիմնական կառույցի, որը հեռուստաեթերը «կարգավորելով» հասցրել է
նրան, որ վերջինս լիովին պատրաստ է «վհուկների որսի». ահա մեզանում խոսքի
ազատության «ամրապնդման» հիմնական փուլերը:

Եվ եթե անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններից եւ առաջատար ժողովրդավարական
պետությունների՝ մեր երկրում հավատարմագրված առաքելություններից դժգոհել, ապա,
հավանաբար, դա պետք է լինի ոչ թե «ազգային անվտանգությունը քայքայելուց», այլ
մեզանում տեղեկատվական ոլորտում կատարվողի նկատմամբ խրախուսական վերաբերմունքից:

Հ.Գ. Եվս մի մանրամասն. ինձանից հարցազրույց վերցրած թղթակցուհին ներկայացել է
«Արմենիա» հեռուստաընկերությունից, իսկ սյուժեն ցուցադրվել է եւս երկու ալիքներով:
Որքանո՞վ է դա համապատասխանում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների
մասին» ՀՀ օրենքին, ըստ որի հարցազրույց տվողը նյութի համահեղինակ է, եւ առանց
վերջինիս համաձայնության դրա տնօրինում (բովանդակության խեղաթյուրման մասին վերն
արդեն նշեցինք) չի կարելի: