ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ո՞ր մեղքն են ուզում բարդել հասարակական կազմակերպությունների վրա
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում մի քանի անգամ հնչել են մեղադրանքներ
այն արտասահմանյան կազմակերպությունների հանդեպ, որոնք ծրագրեր են ֆինանսավորում
Ղարաբաղում: Ընդ որում, մեղադրանքներ հնչում են եւ պատգամավորների, եւ ԱԳՆ
աշխատակիցների կողմից: Հիմնական մեղադրանքը` Ղարաբաղի հասարակական
կազմակերպությունները, համաձայնվելով մասնակցել համատեղ նախագծերին, նպաստում են
հակամարտության ձեւաչափի` միջհամայնքայինի վերածմանը: Իբր, հիմա ամեն ինչ լավ է
բանակցային գործընթացում, Ղարաբաղը լիիրավ կողմ է, բայց հասարակական
կազմակերպությունները ուզում են անպայման ամեն ինչի խանգարել:
Այս հարցը բարձրացվել է «Ազատ Հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված` նավթի
գործոնին վերաբերող «Կլոր աեղանի» ժամանակ: Այնպիսի թվեր են հնչեցվել, որ
հասարակական կազմակերպություններն էլ են զարմացել: ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով,
Բրիտանիայի կառավարությունը 3.5 մլն ֆունտ սթեռլինգ է հատկացրել հայերի եւ
ադրբեջանցիների հաշտեցման նպատակով: Թե ահռելի այդ գումարը, թե Ռուսաստանի
ստալինյան փորձը, թե պարզապես քավության նոխազ գտնելու ցանկությունը այնպես է
ուրախացրել որոշ մարդկանց, որ նրանք սկսել են խոսել «ժողովրդի թշնամիների» մասին:
Ըստ մեր տեղեկությունների, գումար իրոք տրամադրվել է բրիտանական կառավարության
կողմից: Ավելին, ստեղծվել է 4 միջազգային կազմակերպություններից կազմված
կոնսորցիում: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի իշխանությունները համաձայնություն
են տվել կոնսորցիումի գործունեությանը իրենց երկրներում: Ընդ որում, ըստ պայմանի,
այդ գումարի զգալի մասը պետք է մնա ֆինանսավորող երկրում, իսկ մնացածը բաժանվի
Ադրբեջանի, Հայաստանի եւ, մի քիչ` Ղարաբաղի միջեւ:
Անցել է մի քանի տարի: Կոնսորցիումի մեջ ընդգրկված LINKS կազմակերպությունը, որը
պետք է զբաղվեր խորհրդարանական կապերի հաստատմամբ, մինչ այսօր անց է կացրել 2-3
հանդիպում, այն էլ` առանց Ղարաբաղի պատգամավորների: «Միջազգային ահազանգ»
կազմակերպության աջակցությամբ ֆինանսավորվել է երեք երկրներում Ռեսուրս կենտրոնների
բացումը, որոնք տեղեկատվական եւ կազմակերպչական աշխատանք են տանում: Ղարաբաղի
Ռեսուրս կենտրոնի շրջանակներում դեռ ոչ մի ծրագիր չի ֆինանսավորվել: Անցյալ տարի
նույն կազմակերպությունը «փոքր» գրանտներ է տրամադրել 8 ղարաբաղյան
կազմակերպությունների, որոնք հիմնականում անց են կացրել հարցումներ եւ
քննարկումներ:
«Հաշտության պաշարներ» կազմակերպությունը հենց սկզբից ֆինանսավորել է «Դեմո»
հանրային թերթը, որը Ղարաբաղում միակ թերթն է, որի էջերում հրապարակվում է Ղարաբաղի
հասարակության դիրքորոշումը կարգավորման գործում /բրիտանացիները նման դիրքորոշումը
ծայրահեղական են համարում/: Այդ կազմակերպությունը ֆինանսավորում է նաեւ
«Աուդիոծրագրեր» ծրագիրը, որի շրջանակներում հավաքվում եւ ռադիոյով հեռարձակվում են
շարքային մարդկանց պատմություններ: Կոնսորցիումի չորրոդ անդամը` Կաթոլիկ օգնության
միությունը, առ այսօր Ղարաբաղ չի եկել:
Բացի կոնսորցիումից, ոչ մի արտասահմանյան կազմակերպություն Ղարաբաղին գրանտներ չի
տրամադրում: Եւ իշխանությունները, եւ ՀԿ-ներն անընդհատ խոսում էին այն մասին, որ
ԼՂՀ չճանաչվածությունը չի կարող միջազգային գրանտներ չտրամադրելու պատճառ լինել:
Ավելին, եթե քաղաքական ասպարեզում բանակցությունները միանշանակ վարվում էին
«միջհամայնքային» սկզբունքով, ապա հասարակական ոլորտում ցանկացած ծրագրում Ղարաբաղը
հանդես է գալիս որպես լիիրավ կողմ: Եթե այդ պայմանը չի պահպանվում, ղարաբաղյան
կազմակերպությունները հրաժարվում են նման ծրագրերից:
Պարզ է, որ բրիտանական կազմակերպությունները իրենց նպատակներն են հետապնդում: Բայց
ո՞վ է ապացուցել, որ այդ նպատակները այսօր հակասում են մեր նպատակներին: Ո՞վ է
ապացուցել, որ բրիտանական ծրագրերի շրջանակներում որեւէ կազմակերպություն
հակազգային գործ է արել:
Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ դա վտանգավոր միտում է: Ավելին,
ինչ-որ մեկը փորձում է ուրիշի վրա բարդել սեփական մեղքերը: Եւ եթե այդ մեղքերը
վերաբերում են Ղարաբաղի ճակատագրին, կարեւոր չէ, ով է մեղավոր, կարեւոր է` ինչ
մեղքեր են: Գուցե դա՞ պարզվի:
