Ազատվել է կալանքից, բայց ոչ անախորժություններից. Բուզանդի փողոցի փաստաբանի գործն իրավապահների հետ դեռ երկար կձգվի

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որին իրավապաշտպանները համարում են քաղբանտարկյալ,
անցյալ հինգշաբթի ազատվել է կալանքից: Նա կալանքի տակ էր անցյալ հոկտեմբերից,
սակայն դա ավելի նման էր հաշվեհարդարի այն բանի համար, որ պաշտպանում էր իրենց
տները գնող իշխանավորներին ընդդիմացող բնակիչներին, քան օրինականության հաստատաման:

Դատախազությունը նրան մեղադրում էր խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ, իսկ
իրավապաշտպանները և Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը
համարում են, որ նրա դեմ գործը սարքել են իշխանություններն ու օլիգարխները, որոնք
ֆինանսական մեծ օգուտներ ունեն քաղաքի կառուցապատման ծրագրից: (Գրիգորյանի ազատ
արձակումը զուգադիպեց Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան Արմեն
Հարությունյանի ընտրության հետ, որը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական խորհրդականն էր:)

Հիմնվելով մեղադրանքի վրա, որը չէր հաստատվում անգամ դատախազության վկաների
ցուցմունքներով, դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը և երկու անգամ 2 ամսով
երկարացրել այն (Տես՝ հարակից հոդվածները):

Նրան կալանքից ազատելու համար դատախազին գրավոր դիմել են Մարդու իրավունքների
առաջին պաշտպանը և Փաստաբանների պալատը: Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ
(այդ թվում՝ Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը, Մարդու իրավունքների
միջազգային հելսինկյան ֆեդերացիան) հանդես են եկել հայտարարությամբ ի
պաշտպանություն Գրիգորյանի: Ի վերջո, փետրվարի 15-ի նիստում վերաքննիչ դատարանը
մերժել է կալանքը երկարացնելու միջնորդությունը:

Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական աստառ ունեցող գործերով մեղադրյալի ազատվելը
նշան է, որ շուտով գործն էլ կկարճվի: Սակայն Գրիգորյանի գործը փակված չէ:
Ազատվելուց վեց օր անց նա դատախազությունում ստորագրություն է տվել բնակավայրից
չբացակայելու մասին:

Գրիգորյանը դիմել է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան՝ պնդելով, որ իրեն
կալանելով իշխանությունները ցանկացել են խոչընդոտել Բուզանդի փողոցի բնակիչներին
մասնագիտական օգնություն ցույց տալը: Նա նաև պնդում է, որ կալանքի տակ եղած ժամանակ
ոտնահարվել են նրա իրավունքները՝ նշելով, որ այլ խախտումների թվում, իրեն պահել են
կրկնահանցագործների ու օտարերկրացիների հետ, ինչն արգելվում է ՀՀ քրեական
օրենսգրքով:

Գրիգորյանին կալանավորելու համար հիմք էր հանդիսացել Ալեքսանդր Հակոբյանի
ցուցմունքը, որին նույն մեղադրանքներն են ներկայացրել, սակայն չեն կալանավորել:
Նոյեմբերի 4-ին նա Վիեննայի ինքնաթիռով փախել է Հայաստանից:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանին նա դիմում էր գրել, որ ցուցմունքները գրել է
ճնշման տակ: Այժմ հայտնի է դարձել, որ Հակոբյանին նաև հավանաբար սպառնացել են, որ
եթե նա ցուցմունք չտա Գրիգորյանի դեմ, ապա նրա փեսային՝ Տիգրան Առաքելյանին
(նախկինում դատված տնտեսական հանցագործության համար), կկալանավորեն սարքած գործով:

Հակոբյանի մեկնելուց հետո Առաքելյանը Գրիգորյանի գործով միակ վկան էր մնացել
Հայաստանում: Քննիչը միջնորդել էր Գրիգորյանին պահել կալանքի տակ, քանի որ նա, իբր,
ազատության մեջ կարող էր ճնշում գործադրել Առաքելյանի վրա: Վերաքննիչ դատարանի
նիստի ժամանակ պարզվել է, որ Առաքելյանն էլ է փախել երկրից:

Նախաքննության ընթացքում Գրիգորյանը ոչ մի ցուցմունք չի տվել և հրաժարվել է
մասնակցել քննչական գործողություններին: Նրան պաշտպանում են 12 պաշտպան, որոնց մեջ՝
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Գրիգորյանը սկզբում պահվում էր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում, ապա
դեկտեմբերի 30-ին տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ՝ նախկին
ԿԳԲ) մեկուսարան: Գրիգորյանն ասում է, որ իրեն տեղափոխել են հասարակությունից
մեկուսացնելու համար, քանի որ նախկին կալանավայրում ազատ կարող էր հեռախոսով
զանգել, տեսակցություն ունենալ, իսկ ԱԱԾ-ում զանգահարելն արգելված է:

Գրիգորյանը նշում է, որ որպես իրավապահ մարմնի աշխատակից` իրեն պետք է մեկուսացնեին
այլ հանցագործներից, ինչը նույնպես չի արվել: Փաստաբանը նաև բողոքում է, որ
մեկուսարանի պետը կարդացել է իր անձնական նամակագրությունը, ինչն օրենքի խախտում է:

Գրիգորյանը վստահ է, որ իր կալանքի որոշումն ընդունվել է նախագահի աշխատակազմում,
քանի որ Բուզանդի փողոցի իր պաշտպանյալները դուրս են եկել պայքարի մի ծրագրի դեմ,
որն իրականացվում է հանրապետության նախագահի անմիջական հսկողությամբ:

Կալանքի ընթացքում նա զրկված էր իր փաստաբանական գործունեությունը շարունակելու
իրավունքից, արդարադատության նախարարության հրահանգով նրան թույլ չէր տրվում
ծանոթանալ իր պաշտպանյալների վերաբերյալ նյութերին:

«Իհարկե՝ դատախազը չէր ասի, թե ինձ կալանավորել են Բուզանդի փողոցի բնակիչների
շահերը պաշտպանելու համար,- ասում է Գրիգորյանը: - Բայց ենթադրենք՝ ինձ կալանավորել
են խարդախության համար: Էդ դեպքում ինչո՞ւ թույլ չէին տալիս, որ համակարգիչ ունենամ
բանտախցում և շարունակեմ պաշտպանությունը կամ ծանոթանամ նյութերին: Կասեն, թե
այդպիսի պրակտիկա չկա: Բայց այդպես չի. հայտնի է, որ խցում կալանավորները ունենում
են համակարգիչ»:

Նա ասում է, որ Հայաստանում իրավապաշտպանության դեմ իշխանությունները մի պայքար են
սկսել, որի շղթայի օղակներն են իրեն կալանավորելը և Մարդու իրավունքների առաջին
պաշտպանին հեռացնելը:

Այժմ Գրիգորյանը մտադիր է չսահմանափակվել միայն փաստաբանությամբ և ավելի ընդլայնել
իրավապաշտպան գործունեությունը: Նա իր գործընկերների և Բուզանդի փողոցի բնակիչների
հետ ստեղծում է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը և մտադիր
է այն իշխանավորներին, որոնց պատճառով մարդկանց վտարել են իրենց բնակարաններից,
ներկայացնել Հաագայի տրիբունալի դատախազին՝ որպես մարդկության դեմ հանցագործություն
կատարած անձանց:

Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից