ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հատուկ մտահոգություն. տնօրենները պնդում են, որ հատուկ դպրոցների փակումը ոչ թե կօգնի, այլ կվնասի սաներին
Մտահոգված ուսուցիչները քննադատել են գրեթե 1000 որբ և ծնողական խնամքից զրկված
երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները փակելու
կառավարության որոշումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ցանկանում է ինտեգրել 12 հատուկ
հանրակրթական ուսումնական հաստատությունների սաներին սովորական հանրակրթական
դպրոցներին: Նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ սոցիալապես անապահով և
ծնողական խնամքից զրկված երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցները պարզապես
մեկուսացնում են նրանց հասարակությունից:
Սակայն այդ դպրոցների աշխատակազմը պնդում է, որ իրենց աշակերտները առանձնահատուկ
խնդիրներ ունեն, և դպրոցների փակումը վատ կանդրադառնա նրանց հոգեբանական վիճակի և
առաջադիմության վրա:
Համաձայն կառավարության որոշման՝ մինչև 2007 թվականի ավարտը հատուկ դպրոցները պետք
է վերակազմավորվեն և դառնան սովորական հանրակրթական դպրոցներ: Իսկ այդ դպրոցներում
գիշերող երեխաների համար պետք է ստեղծվեն խնամքի կենտրոններ:
«Այս երեխաները ոչնչով պակաս չեն իրենց հասակակիցներից, նրանք առանձնահատուկ
կրթության կարիք չունեն, ուրեմն ինչո՞ւ առանձնանան հասարակությունից: Սույն որոշման
իրականացմամբ նրանք կինտեգրվեն հասարակությանը»,- ասում է աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության ընտանիքի հիմնահարցերի վարչության աշխատակից Լուիզա
Ղարիբյանը:
Սակայն Երևանի հատուկ դպրոցներում բոլորովին այլ կարծիքի են: Այստեղ համոզված են,
որ նման փոփոխության իրականացումը մեծ աղետ կլինի առանց այդ էլ դժվար վիճակում
գտնվող երեխաների համար:
«Ինչպես ժամանակին փակեցին արհեստագործական ուսումնարանները ու հիմա հսկայական
գումարներ են ծախսում, որ նորից վերականգնեն, նույնը լինելու է այս դպրոցների
հետ»,- ասում է Երևանի որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 3 հատուկ
դպրոցի տնօրեն Սիմոն Սիմոնյանը:
Սիմոնյանը վստահ է, որ նման դպրոցների պահանջ դեռ կա, և միայն 10-15 տարի հետո, երբ
սոցիալական վիճակը Հայաստանում բարելավվի, հնարավոր կլինի փակել դրանք:
«Այս դպրոցները փակելով՝ մենք պարզապես 1000 երեխայի փողոց ենք նետում, քանի որ
այստեղ շատերը հանցագործության եզրին են, և հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն
և մանկավարժական մոտեցում, ինչը սովորական դպրոցը չի կարող տալ»,- ասում է
Սիմոնյանը:
Թիվ 7 հատուկ դպրոցի տնօրեն Սամվել Մկրտչյանն ասում է, որ նոր օրենք մտցնելով՝ նման
երեխաները չեն վերանում, նրանք կան և կարիք ունեն հատուկ ուշադրության:
«Տեսություններ պետք չէ մշակել, այլ բաց աչքերով նայել իրականությանը: Այս կարգի
երեխաները չեն կարող ինտեգրվել մեծահարուստների հղփացած երեխաների միջավայրին, չեն
գնա սովորական դպրոց»,- ասում է Մկրտչյանը:
Ըստ Մկրտչյանի՝ չգնալու հիմնական պատճառները սոցիալական և հոգեբանական են:
«Ամենահասարակ բանը` դասագրքի վարձ չեն կարող տալ, խնջույքի համար դասարանով գումար
կհավաքեն` չեն կարողանա տալ, ուսուցչի նվեր կառնեն` չեն մասնակցի և այլն: Սրանով
նրանք ավելի են կտրվելու դպրոցից ու հասարակությունից, ավելի խոր հոգեբանական
բարդույթի մեջ են ընկնելու, քան նման դպրոցում մնալու դեպքում»,- պարզաբանում է
Մկրտչյանը:
{ai142302.jpg|right}Թիվ 3 դպրոցի 50 տարվա մանկավարժ Աստղիկ Ջամալյանը կարծում է,
որ երեխաների անձնական կյանքի խնդիրները նույնպես թույլ չեն տա սովորել
հանրակրթական դպրոցում:
«Սովորական դպրոցներում նրանց ծաղրուծանակի կենթարկեն: Մեզ մոտ գրեթե բոլոր
երեխաները ընտանեկան խնդիրներ ունեն, միմյանց դրության մեջ մտնում են, իսկ հասարակ
դպրոցում բարեկեցիկ ընտանիքների երեխաները անընդհատ երեսով կտան, որ մայրը խմող է
կամ անբարոյական»,- ասում է Ջամալյանը:
10-ամյա Անին հատուկ դպրոցում է հարբեցող մոր պատճառով, սովորում է լավ ու հաճախ
տնից փախչում գալիս է դպրոց:
«Ես չեմ կարա ուրիշ տեղ սովորեմ, բա որ մամաս հարբած եկավ, էրեխեքը ի՞նչ կասեն:
Ստեղ սաղն էլ տենց են, մեկը մեր չունի, մեկը` հեր, ինձ թարս չեն նայում: Ստեղ իմ
տնից էլ լավ ա, դասատուները մամա էլ են, պապա էլ են»,- ասում է Անին:
Կրթության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ
Մուրադյանն ասում է, որ կրթական բարեփոխումների միջոցով ամեն ինչ պետք է արվի, որ
երեխան դպրոցում իրեն հոգեբանորեն ապահով զգա:
«Ես նույնպես մտավախություն ունեմ, որ վերակազմավորումից հետո այդ երեխաները
սովորական դպրոցում իրենց հոգեբանորեն ապահով ու պաշտպանված չեն զգա, բայց ամեն ինչ
արվում է այդ ուղղությամբ, և անպայման պետք է կարողանանք ստեղծել երեխային հարմար
պայմաններ»,- ասում է Մուրադյանը:
Նախարարության ընտանիքի հիմնահարցերի վարչության աշխատակից Ղարիբյանը կարևորում է
նաև, որ աշխատանք պետք է տարվի երեխային ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Սակայն
հատուկ դպրոցների մանկավարժների համոզմամբ՝ շատ քիչ են այն երեխաները, որոնց
հնարավոր է ընտանիք վերադարձնել:
«Ի՞նչ ընտանիքի մասին է խոսքը: Օրինակ՝ երեխա ունենք, որ կավատություն է անում
սեփական մոր համար. իր հասակակից` 14 տարեկան, տղաներ են գալիս մոր մոտ, ինքն էլ
դռան հետևում կանգնած 500 դրամ է գանձում: Ա՞յս մոր մոտ ուղարկենք, թե՞ մեկ այլ
հարբեցող-թմրամոլի»,- ասում է թիվ 3 դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ժաննա
Բաբայանը:
12-ամյա Երանուհու համար էլ է դպրոցում մնալը գերադասելի. «Պապան, որ խմում ա,
ահավոր ծեծում ա: Մի անգամ երկրորդ հարկից դուրս էր քցել, գլուխս կարեցին: Էնքան ա
ծեծում, ուշքս գնում ա… Ասում են՝ էս դպրոցը փակվելու ա, չգիտեմ՝ ուր եմ գնալու,
կփախնեմ տնից»:
{ai142303.jpg|left}Մկրտչյանի կարծիքով՝ նման երեխաների համար հատուկ դպրոցները
կրթություն ստանալու միակ միջոցն են: «Մեր դպրոցից մի քանի երեխա գնացել են ուրիշ
դպրոց, բայց հետո վերադարձել են: Դա ցույց է տալիս, որ այլ միջավայրում նրանք չեն
կարող սովորել:
Այստեղ կրթական ծրագիրը նույնն է, ինչ սովորական դպրոցում, բայց ուսուցման և
մոտեցման ձևերն են տարբեր: Այստեղ միայն ուսուցիչ-աշակերտ հարաբերություն չէ,
այստեղ ավելի շատ ծնող-երեխա կապն է, մենք մտահոգվում ենք նրա ամեն մի խնդրով»,-
ասում է Մկրտչյանը:
Հատուկ դպրոցների տնօրենները մտադիր են դիմել Ազգային ժողով՝ առաջարկված բարեփոխման
առնչությամբ լսումներ և քննարկումներ անցկացնելու խնդրանքով, որպեսզի նման
դպրոցները պահպանվեն: Այդ մոտեցումները պետք է հարմարեցվեն և տեղայնացվեն Հայաստանի
պայմաններին՝ հաշվի առնելով նաև ազգային մտածելակերպը:
«Այսօր, կրթական բարեփոխումների պահանջներից ելնելով, նախարարությունը փորձում է
ոչնչացնել տարիների նվաճումները: Ես դա համարում եմ դավաճանություն ազգի և այս
երեխաների նկատմամբ»,- ասում է փոխտնօրեն Բաբայանը:
Գայանե Աբրահամյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
