ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը հայտնվել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի հատուկ վերահսկման ցուցակում
Միացյալ Նահանգների հրապարակած «Մարդկանց թրաֆիքինգի մասին» հերթական զեկույցում
Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ հայտնվել է ավելի վատ դիրքում:
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների պետքարտուղարի խորհրդական, դեսպան Ջոն Միլլերը
վիդեոհարցազրույցում ասաց, թե «բազմաթիվ երկրներ են բնութագրված որպես թրաֆիքինգի
խոշոր սկզբնաղբյուր»:
Զեկույցի հեղինակները օգտվում են տարբեր աղբյուրներից՝ հիմնվելով նաեւ ՄԱԿ-ի
գնահատականների վրա, որոնց համաձայն, հայաստանցի ավելի քան 2000 կանայք թրաֆիքինգի
զոհ են Արաբական էմիրություններում եւ Թուրքիայում:
Բայց, Միլլերի խոսքերով, խնդիրն այն չէ, թե որքան մեծ են թրաֆիքինգի չափերը երկրում.
- «Հիմնականն այն է, թե ինչ է անում տվյալ երկիրը խնդիրը լուծելու համար»:
Եվ, քանի որ, զեկույցի համաձայն, Հայաստանի իշխանությունները «բավարար ջանք չեն
գործադրում ո’չ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության, ո’չ թրաֆիքինգում ներգրավվածներին
պատժի ենթարկելու, ո’չ երեւույթը կանխարգելելու ուղղությամբ», այս տարի Հայաստանը
հայտնվել է ավելի վատ ցուցակում, քան անցյալ տարի՝ «խումբ 2. հատուկ վերահսկման
ցուցակ»:
Հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը ստացել են ավելի լավ կարգավիճակ, քան Հայաստանը:
2002 թվականին, հիշեցնենք, Հայաստանը ամենավատ՝ 3-րդ խմբի ցուցակում էր: Այս
դիրքում երեք ամիս շարունակ մնալու դեպքում, ինչպես ասաց դեսպան Միլլերը, հնարավոր
է, որ ԱՄՆ-ի նախագահը նվազեցնի երկրին տրամադրվող օգնության որոշ տեսակներ՝
ներառյալ ռազմական օգնությունը:
Միացյալ Նահանգները վերջին տարիներին մոտ 600 հազար դոլարի օգնություն է տրամադրել
Հայաստանին հակաթրաֆիքինգային միջոցառումների համար: Օգնությունը հիմնականում
ծախսվել է կրթական դասընթացների վրա, այդ թվում՝ իրավապահ մարմիններում:
Զեկույցում, մինչդեռ, ասվում է, թե «պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որ
իրավապահ մարմինների աշխատակիցները նույնպես ներգավված են թրաֆիքինգի բիզնեսում:
«Մենք տեղյակ ենք այն մեղադրանքներին, որ հնչում էին գլխավոր դատախազության
հակաթրաֆիքինգային խմբի անդամներից մեկի հասցեին», - «Ազատություն» ռադիոկայանի
հարցին ի պատասխան ասաց Ջոն Միլլերը՝ նկատի ունենալով հայաստանյան մամուլում
դատախազության աշխատակից Արիստակես Երեմյանի հասցեին հնչած մեղադրանքները: - «Չեմ
կարծում, որ մեր խնդիրն է հետաքննել կոռուպցիայի դեպքերը այլ երկրում: Բայց մենք
շեշտում ենք, որ Հայաստանում կա ընդհանրական հասարակական կարծիք, որ կոռուպցիա
իրավապահ մարմիններում կա, եւ դա ազդում է հակաթրաֆիքինգային միջոցառումների վրա:
Այդ վստահության բացակայությունը լուրջ խոչընդոտ է այս ոլորոտում առաջընթացի համար»:
Դեսպան Միլլերը, բացի թրաֆիքինգով զբաղվողների նկատմամբ մեղմ պատժաչափերի խնդրից,
առանձնացրեց Հայաստանում թրաֆիքինգի զոհերի հանդեպ վերաբերմունքի խնդիրը. ինչպես
բազմաթիվ այլ երկրներում, Հայաստանում եւս չկա պատշաճ նրբանկատ վերաբերմունք
թրաֆիքինգի զոհերի հանդեպ: Վեջիններիս հաճախ վերաբերում են որպես «խնդրի պատճառ»:
Սա, ի դեպ, մեկն է այն չափանիշերից, որոնց պատճառով Հայաստանը հայտնվել է «վերահսկման
ցուցակում»:
Հայաստանի գլխավոր դատախազության թրաֆիքինգի դեմ պայքարի քննչական վարչության ավագ
դատախազ Արմեն Բոշնաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդունեց,
որ երեւույթը երկրում «տագնապալի իրողություն է»: «Որոշակի քայլեր կատարվել են դրան
հակազդելու ուղղությամբ: Դրանք միայն առաջին քայլերն են՝ շատ երկար եւ բարդ
ճանապարհի սկիզբ է»:
Նրա խոսքերով, իրենց անցկացրած ուսումնասիրությունները վերջին երկու տարիներին
ցույց են տվել, որ կա «շատ որոշակի ինդուստրիա, որը ուղղված է մարդկանց սեռական եւ
աշխատանքային շահագործման ճանապարհով հանցավոր եկամուտներ ստանալուն»:
Բոշնաղյանը, թեեւ համաձայնեց, որ Հայաստանում թրաֆիքինգով զբաղվողների նկատմամբ
պատիժները մեղմ են, այդուհանդերձ ասաց, որ «99 տոկոսով որպես պատիժ նրանց նկատմամբ
նշանակվել է ազատազրկում»:
«2005 թվականի ընթացքում մարդկանց առեւտրի վերաբերյալ դատարան է ուղարկվել 10 գործ
16 անձի նկատմամբ: Պոռնկությամբ զբաղվելը կազմակերպելու վերաբերյալ քրեական
դեպքերով դատարան է ուղարկվել 18 գործ 26 անձի նկատմամբ», - փոխանցեց նա:
Աննա Սաղաբալյան եւ Կարինե Քալանթարյան
