Առաջին օմբուդսմենին հուզում են կենտրոնի բնակիչները

«Չեմ տեսել մի որեւէ երկրի նախադեպ, որտեղ բողոք լինի, թե արդեն հակասահմանադրական
ճանաչված օրենքը շարունակում է գործել: Մենք այս առումով թերեւս առաջիններն ենք»,-
այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում ՀՀ օրենքը «Հասարակության
եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» հանրային լսումների
ժամանակ արտահայտվեց առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Չնայած լսումներին հրավիրված էին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը
եւ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, բայց նրանք չներկայացան՝ իրենց
փոխարեն ուղարկելով փոխարինողների: Սա երրորդ լսումների շարքն է, որի ընթացքում
հնչած դիտողությունները պետք է տրվի Ազգային ժողովին՝ խնդրելով փոփոխություններ
կատարել օրենքում: Լարիսա Ալավերդյանը առաջարկեց ձեւակերպումներով հանդես գալ, տալ
հակընդդեմ օրենքի նախագիծը: «Հասարակական ուշադրության կենտրոնում պետք է գտնվի այս
հարցը, եւ սա չպետք է լինի այն բնակիչների հարցը, որոնք տուժել են կամ կարող են
տուժել: Սա պետության կայացման հիմնաքարերից մեկն է»,- ասում է առաջին օմբուդսմենը:

Առաջին օմբուդսմենը տեղյակ լինելով որ չի հասցնելու այդ գործը անձամբ պաշտպանի,
այնուամենայնիվ դիմել է Սահմանադրական դատարան, քանի որ վստահ է եղել, որ մյուս
պաշտպանը` անկախ, թե ով է լինելու, անպայման պետք է հետեւի այդ քայլին: Նա նկատեց
այն դրականը, ինչ կա Սահմանադրական դատարանի որոշման մեջ. «Հնարավորություն է տալիս
գործադիր եւ օրենսդիր իշխանությանը սկսել մի գործընթաց, որ պետք է արձանագրվեր
արդեն իսկ ոտնահարված իրավունքների վերականգնումը: Սահմանադրական դատարանի տալու
խնդիրը ոչ անձնական ամբիցիաների խնդիր է, ոչ էլ պաշտպանի համար քաղաքական,
հասարակական կապիտալ հավաքելու խնդիր: Դրա նպատակը մեկն է՝ բոլոր այն անձիք, ում
իրավուքները ոտնահարվել է, բավականին կոպիտ, ոչ միայն հակասահմանադրական, ուղղակի
հակաիրավական ձեւով, վերականգվեն հնարավորինս շուտ»:

Լարիսա Ալավերդյանին դժգոհելու տեղիք է տվել այն, որ դրանք ոչ միայն պետք է հիմք
հանդիսանային կասեցնելու, այլ նաեւ հիմք ծառայեին վերականգնելու այն մարդկանց
իրավուքները, որ տեղի է ունեցել մինչ այդ: Նաեւ մտահոգիչ է այն, որ օգտվելով 4-րդ
կետից գործընթացը շարունակվել է. «Դատարանները շարունակել են վճիռներ կայացնել
հենվելով հակասահմանադրական ճանաչված իրավական նորմերի վրա զուտ հղում անելով, որ
մինչեւ հոկտեմբերի մեկը ուժի մեջ է մնացել: Կառավարությունը նույնպես օգտվել է ՍԴ
4-րդ հոդվածից եւ ներկայացրել է օրենքի նախագիծ, որով փորձ է արված օրինականացնել
հակասահմանադրական ճանաչված իր որոշումները»:

Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի
փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Նա եւս ընդունում է անօրինությունների փաստերը. «Ինչպե՞ս
կարող էինք որպես պատգամավորներ չառաջնորդվել մեր խղճով»: Մինչդեռ նա վստահ է, որ
կիսադատարկ դահլիճում քվորում չի ապահովվի այս օրենքի քննարկման ժամանակ: Նա
հպարտությամբ ներկայացրեց, որ լինելով ՕԵԿ անդամ, լինելով իշխանության մեջ,
ստորագրել է Սահմանադրական դատարանի փաստաթղթի տակ:

«Չհանեցինք մեր ստորագրությունը, բայց ինչ գնով: Ո՞վ խոսեց, թե ինչեր կատարվեց մեր
նկատմամբ: Ո՞վ խոսեց, թե ինչ կատարվեց մեր հարազատների եւ մեզ բարեւ տվողների
նկատմամբ: Մենք չէինք կարող թույլ տալ մի օրենքի նախագիծ քննարկվեր խորհրդարանում,
որտեղ հանրության եւ պետության շահերից զատ խոսվել է իրավաբանական անձի գերակա
շահերի մասին: Ի սեր Աստծո, հանրության եւ պետության շահը դիտարկում են նույն շահը»,-
ասաց Հովհաննես Մարգարյանը:

Ի դեպ, Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ մեր երկրում մարդու իրավունքների
պաշտպանն ինքն էլ պաշտպանված չէ: