Որոշում 2007. ամեն 10 հայաստանցիներից 6,2-ը փոփոխություններ է ուզում, սակայն 10-ից միայն 1,5-ն է արդար ընտրությունները գերակայություն համարում

Ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունների անցկացրած հարցման արդյունքների
համաձայն` հայաստանցիների մեծ մասը երկյուղում է, որ իշխանություններն իրեն սխալ
ուղղությամբ են տանում:

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած և
հանրապետության ամբողջ տարածքում անցկացված հարցումը` Հայաստանի ընտրողների հարցման
ծրագիրը, օգոստոսին իրականացրել են Միջազգային հանրապետական ինստիտուտը, Գելափի
կազմակերպությունը և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան:

Հարցումից պարզվել է, որ հայաստանցիների 62 տոկոսի կարծիքով` երկիրը սխալ
ուղղությամբ է շարժվում: Հակառակ կարծիքի է 31 տոկոսը: Հատկանշական է, որ եթե
փոփոխությունների կողմնակիցները երկու անգամ գերազանցում են երկրի վիճակից գոհ
հայաստանցիներին, հարցվածների միայն 15 տոկոսն է հավատում, որ փոփոխությունները
կարող են իրականացվել արդար ընտրությունների միջոցով:

Հայաստանի ամբողջ տարածքում պատահականորեն ընտրված 1200 ընտրողների ընդամենը 29
տոկոսն է գոհ երկրի ժողովրդավարական զարգացումից, իսկ 68 տոկոսը դժգոհ է:

Հարցման մասնակիցների 37 տոկոսն այն կարծիքին է, որ աշխատատեղերի ստեղծումը պետք է
առաջնային լինի կառավարության օրակարգում, եթե այն ուզում է ստանալ հասարակության
աջակցությունը: Հայաստանի բնակչությանը մտահոգող հարցերից են ժողովրդավարության
զարգացումը (21 տոկոս), աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը (18 տոկոս), արդար
ընտրությունների անցկացումը (15 տոկոս), տնտեսության զարգացումը (14 տոկոս) և
պայքարը կոռուպցիայի դեմ (8 տոկոս):

Հարցվածների 71 տոկոսն ասել է, որ հաստատ (44 տոկոս) կամ հավանաբար (27 տոկոս)
կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: 14 տոկոսը հաստատ չի
գնալու ընտրությունների, իսկ 15 տոկոսը դեռ չի կողմնորոշվել կամ պատրաստ չէ
պատասխանելու:

Եթե հարցվածների 61 տոկոսն ասել է, թե գնալու է ընտրությունների, քանի որ դա «իրենց
պարտքն է», ապա միայն 9 տոկոսն է պատրաստվում մասնակցելու դրանց, որովհետև աջակցում
է որևէ կուսակցության կամ թեկնածուի, և միայն 5 տոկոսը` քանի որ մտահոգ է կոնկրետ
հարցի լուծմամբ:

Քվեարկելուց հրաժարվողների մեծ մասը պատճառաբանում է, թե «չի հավատում, որ
ընտրություններն արդար կլինեն» (35 տոկոս) և իրենց ձայնը «որևէ բան կփոխի» (30
տոկոս):

Հարցումը ցույց է տվել, որ ընտրողների մեծ մասը կարևորում է, որ պատգամավորական
թեկնածուն լինի ազնիվ և օբյեկտիվ (31 տոկոս), ժողովրդավար (30 տոկոս), ունենա լավ
կրթություն (28 տոկոս), պատրաստակամ լինի հոգալու մարդկանց կարիքները և պատրաստ շատ
աշխատելու (համապատասխանաբար 19 և 14 տոկոս): Միայն 6 տոկոսն է կարևորում
պրոֆեսիոնալիզմը: Խոստումների կատարումը, հայրենասիրությունը, բարոյականությունը,
համեստությունը և կամքի ուժը նույնպես նշվել են որպես թեկնածուի ցանկալի
հատկանիշներ:

Հարցումը ցույց է տվել, որ հայերը հեղափոխություն չեն ակնկալում` ոչ «վարդերի» (ինչպես
Վրաստանում), ոչ «նարնջագույն (ինչպես Ուկրաինայում): Հարցվածների ընդամենը 2
տոկոսն է կարծում, որ Հայաստանում տեղի կունենա «գունավոր» կամ ոչ բռնի
հեղափոխություն, որն առաջ կբերի քաղաքական փոփոխություններ: 14 տոկոսը կարծում է,
որ դա կարող է տեղի ունենալ, 41 տոկոսը` որ «հավանաբար տեղի չի ունենա», իսկ 32
տոկոսը` որ հաստատ տեղի չի ունենա:

Ուշագրավ է, որ հարցվածների նշած «Մեր ժամանակի հերոսների» թվում (հայոց պատմության
և բանահյուսության նշանավոր դեմքեր, որոնք կարող են լինել ներկայի ամենահարմար
առաջնորդը) պատվավոր երկրորդ տեղում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը (9
տոկոս), ձայների 12 տոկոս ստացած գեներալ Անդրանիկից հետո և 8 տոկոս ստացած ազգային
հերոս Գարեգին Նժդեհից առաջ: Նա հարցման մեջ նշված երեք ողջ «հերոսներից» մեկն է`
օլիգարխ Գագիկ Ծառուկյանի և ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Հայաստանցիների
նշած հանգուցյալ հերոսների թվում են նախկին կոմունիստական ղեկավար Կարեն Դեմիրճյանը,
Տիգրան Մեծ արքան, 5-րդ դարի զորավար Վարդան Մամիկոնյանը, ղարաբաղյան պատերազմի
հերոս Մոնթե Մելքոնյանը, հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը, զորավար Դրոն և
խորհրդային բանակի մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Հարցման կազմակերպիչները հավատացնում են, որ հետազոտության սխալը չի գերազանցում 3
տոկոսի սահմանը:

Միաժամանակ հետազոտությանը զուգահեռ Հայաստանում Գելափի անցկացրած ֆոկուսային
խմբերի քննարկումներն ամփոփող զեկույցում առանձնացված են Հայաստանի բնակչության
վերաբերմունքն ու արժեքները: Նշված է, որ հիմնականում դրական իմիջ ունեցող
կուսակցությունների շարքում են Վազգեն Մանուկյանի ղեկավարած ընդդիմադիր Ազգային
ժողովրդավարական միությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն»
ընդդիմադիր կուսակցությունը, իշխող կոալիցիայի մաս կազմող Հայ հեղափոխական
դաշնակցությունը և նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը վայելող մեծահարուստ
գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հիմնականում չեզոք կամ ոչ հստակ իմիջով կուսակցությունների թվում են իշխանամետ
Միացյալ աշխատավորական կուսակցությունը, ընդդիմադիր Ազգային միաբանությունը,
խորհրդարանում չներկայացված Ռամկավար ազատական կուսակցությունը, ընդդիմադիր
Սահմանադրական իրավունք միությունը (անցյալ շաբաթ օրը կայացած համագումարից հետո
ՍԻՄ-ի շարքերը պառակտվել են ներկուսակցական հարցերի առնչությամբ կուսակցության
երկու ղեկավարների` նախագահ Հրանտ Խաչատրյանի և նրա տեղակալ Հայկ Բաբուխանյանի միջև
ծագած տարաձայնությունների պատճառով: Նրանք երկուսն էլ հավակնում են կուսակցության
ղեկավարի պաշտոնին: Խաչատրյանը զգուշացրել է, որ կհեռանա քաղաքականությունից, եթե
իր տեղակալը հրաժարական չտա):

Հայաստանի ներկա և նախկին իշխող կուսակցությունները` Հանրապետական կուսակցությունը
և Հայոց համազգային շարժումը, քննարկման խմբերում հայտնվել են բացասական իմիջ
ունեցողների շարքում, որտեղ ընդգրկված են նաև Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած
ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ղեկավարած
«Հանրապետություն» կուսակցությունը, «Օրինաց երկիրը» (որը վերջերս դուրս եկավ
կոալիցիայից և միացավ ընդդիմությանը), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը,
Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունը:

Ըստ զեկույցի` «Ժառանգություն» կուսակցությունը և Հայաստանի նախկին արտգործնախարար
Րաֆֆի Հովհաննիսյանը, որի կուսակցությունը գլխավորում է ընդդիմության շարժումը
խորհրդարանից դուրս, ակնհայտորեն ամենավստահելի քաղաքական գործիչն է բոլոր խմբերում,
քանի որ, ինչպես նշված է զեկույցում, «նա համարվում է ամենաազնիվ, հայրենասեր ու
խոստումնալից գործիչը»:

Խմբերի մեծ մասում վստահության արժանի և հայրենասեր գործիչներ են համարվում
ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը և Դաշնակցության ղեկավարները:

Բացասական իմիջ ունեցող գործիչների շարքում Հանրապետական կուսակցության առաջնորդ,
վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արժանացել է ամենաբացասական գնահատականի, սակայն
արտահայտվել են նաև որոշ դրական կարծիքներ, ինչը հիմք է տվել հարցման
կազմակերպիչներին եզրակացնելու, որ նրա գնահատականը «խառն» է:

Սուրեն Մուսայելյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից