ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը գնահատվել է որպես «մեկուսացված ու անկլավային տարածք»
Վերջերս Մարդու իրավունքների միջազգային ֆոնդն (ՄԻՄՖ) ու Քաղաքացիական
հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) մտահոգություն հայտնելով Հայաստանում Մարդու
իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում ստեղծված իրավիճակի առնչությամբ`
կոչ էին արել Եվրամիությանը «Հայաստանում իր ֆինանսական ներդրումներն ուղղել օրենքի
իշխանության հաստատմանը, «Գործողությունների ծրագրի» շրջանակներում կենտրոնանալ
ժողովրդավարության աջակցության, իրավական պետության, Մարդու իրավունքների հարգման
եւ հատկապես դատական իշխանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի վրա»: Ընդ որում,
ԵՄ-ին ուղղված իրենց կոչում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները
միաժամանակ ընդգծել էին Հայաստանում կրթության եւ գիտության ենթակառուցվածքների
ոլորտում ներդրումներ անելու անհրաժեշտությունը, ինչը Հայաստանին հնարավորություն
կտա կառուցել գիտության վրա հիմնված տնտեսություն, որը միակ կենսունակ մոդելն է
կրթված բնակչություն ունեցող Հայաստանի համար, որն, ի դեպ, հիշյալ
կազմակերպությունները որակել են որպես «մեկուսացված ու անկլավային» տարածք:
Իսկ ընդհանրապես ՄԻՄՖ-ն ու ՔՀԻ-ն իրենց համատեղ զեկույցում արձանագրել են, որ
Հայաստանը «Մարդու իրավունքների հարգման տեսանկյունից հասարակական պատկեր է
ներկայացնում», որովհետեւ «թղթի վրա Հարավային Կովկասում Հայաստանը գրավիչ մոդել է,
քանի որ վավերացրել է Մարդու իրավունքների Եվրոպական փաստաթղթերի մեծ մասը եւ դրանց
համապատասխան իրականացրել է իրավական բարեփոխումներ»: Այդուամենայնիվ, նշվում է, որ
Հայաստանում առկա է կոռուպցիայի բարձր մակարդակ. «Փաստացի հակաժողովրդավարական
իրադարձություններն ընկալվում են որպես իրավունքների ու ազատությունների դեմ աճող
եւ վտանգավոր միտում` 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական
ընտրություններից առաջ»:
ՄԻՄՖ-ի եւ ՔՀԻ-ի զեկույցում մանրամասն անդրադարձ կա Հայաստանում Մարդու
իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման փաստերին: Զեկույցում տեղ են
գտել «պետական կարիքների համար» ՀՀ կառավարության ծրագրի իրականացման արդյունքում
բուզանդցիների սեփականության իրավունքների կոպիտ ոտնահարման մի շարք աղաղակող
փաստեր: Այսպես, անդրադառնալով Բուզանդի բնակիչների խնդրին, միջազգային
իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրել են. «Այդ փողոցի բնակիչները, որոնք
ապրում էին հին ու խարխուլ տներում, ինչպես նաեւ Երեւանի այլ հին թաղամասերում,
տեղահանվել են իրենց տներից վերջին երկու տարիների ընթացքում: 2006թ. հունվարին մի
քանի տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների
հայտարարություններում ասվում է, որ «այդ փողոցի տների սեփականատերերին տրվել են
փոխհատուցում` համաձայն այն կազմակերպությունների գնահատականների, որին ընտրել էր
գնորդը, ինչը չէր գոհացրել սեփականատերերին: Սակայն դատարանը մերժել էր բնակիչներին
լրացուցիչ գնահատում անցկացնելու նրանց իրավունքը: Այդ համեստ պայմաններում ապրող
ընտանիքները ի վիճակի չեն եղել իրենց տրված գումարով համապատասխան տներ գտնել:
Արդյունքում դատարանը որոշում է կայացրել եւ այդ ընտանիքները, որոնք հրաժարվել են
լքել իրենց տները, վտարվել են իրենց տներից դատական հարկադիր կատարածուների
օգնությամբ»:
Անդրադառնալով Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառված
հետապնդումների, սպառնալիքների ու բռնությունների փաստերին` միջազգային
իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ զեկույցում նշված է` «ՆԳՆ նախկին
նախարար, նախկին քաղաքապետ եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն
Աբրահամյանը հարձակման է ենթարկվել 2006թ. հոկտեմբերի 8-ին: Երկու մարդ հարձակվել
են նրա վրա, գետին գցել եւ սկսել են հարվածել: Ս. Աբրահամյանը, ով հանդիսանում է ՀՀ
ներկա ղեկավարությանը` հատկապես ՀՀ պաշտպանության նախարարին քննադատողներից մեկը,
վերջերս ելույթ է ունեցել «Հակակրիմինալ» շարժման շրջանակներում, եւ երբ
լրագրողները խնդրել են նրան անուններ նշել, նա տվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի անունը` իբրեւ «քրեական տարր»:
2005թ. նոյեմբերի 30-ին ԱԱԾ-ն օդակայանում խուզարկել է ՀՀ ԱԳՆ նախկին նախարար, այժմ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք փնտրել են «պետական
գաղտնիք» պարունակող փաստաթղթեր: Պարոն Հովհաննիսյանը թռչում էր Կիեւ` մասնակցելու
ժողովրդավարական ընտրություններին նվիրված միջազգային հասարակական ֆորումին:
2006-ին հետապնդումները Ր. Հովհաննիսյանի նկատմամբ շարունակվել են: Դատարանի
որոշմամբ արգելվել է նրա մուտքը իր գրասենյակ: Վերջինս բողոք է ներկայացրել դատարան,
սակայն դատարանը մերժել է նրա իրավունքը` մուտք գործել իր կուսակցության գրասենյակ:
Զուգահեռաբար, երբ գրասենյակը կնքված էր, 2006թ. մարտի 8-ին այն կողմնակի մարդկանց
կողմից խուզարկվել եւ կողոպտվել է: Պարզվել է, որ գաղտնիք պարունակող, այդ թվում`
կուսակցության անդամների մասին տեղեկատվության գաղտնիությունը խախտվել է, եւ
տվյալները ջնջվել են»:
ՄԻՄՖ-ի եւ ՔՀԻ-ի զեկույցում անդրադարձ կա նաեւ իրավապաշտպանների եւ փաստաբանների
դեմ տեղի ունեցած ոտնձգություններին եւ հետապնդումներին: Այս համատեքստում
մատնանշված են Բուզանդի փողոցի` իրենց տներից վտարված քաղաքացիների շահերի
ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի կալանավորման եւ նրա նկատմամբ քրեական
հետապնդման փաստին: Անդրադարձ կա նաեւ ցմահ ազատազրկման դատապարտված երեք
զինծառայողների փաստաբանների` Զարուհի Փոստանջյանի, Աշոտ Աթոյանի ու Ստեփան
Ոսկանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցմանը: Ինչ վերաբերում է հիշյալ
զինծառայողների` Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի նկատմամբ
տեղի ունեցած նախաքննությանն ու դատաքննությանը, ապա իրավապաշտպան
կազմակերպություններն արձանագրել են, որ վերջիններս մեկուսարանում ենթարկվել են
դաժան վերաբերմունքի ու կտտանքների, որոնք էլ հիմք են դարձել նրանցից մեկի` Ռազմիկ
Սարգսյանի կողմից մեկ այլ զինծառայողի սպանելու մեջ իրեն մեղավոր ճանաչելուն ու
համապատասխան «ինքնախոստովանական» ցուցմունքներ տալուն: Միջազգային
կազմակերպությունների զեկույցում նշված է, որ այդ քրգործով դատաքննության ժամանակ
դատական բոլոր ատյաններն էլ «հրաժարվել են հետաքննել իրենց կտտանքների ենթարկելու
մասին զինծառայողների բողոքները, ինչից հետո դատապաշտպաններն ու տեղական
իրավապաշտպան կազմակերպությունները դա համարել են ծաղր արդարադատության նկատմամբ»:
Զեկույցում նշված է նաեւ, որ «այդ դեպքն արձագանք է ունեցել նաեւ ՀՀ սահմաններից
դուրս: Մասնավորապես Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերի
12-ին նամակ է ուղղել Վճռաբեկ դատարանին` համարելով, որ «արագ քննությունը
պատվիրված է եւ հիմնված է բռնի կերպով կորզված վկայությունների վրա ու հիմնազուրկ
է»:
ՄԻՄՖ-ն ու Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրենց համատեղ զեկույցում փաստել
են նաեւ, որ Հայաստանում ազատ խոսքն ու մամուլի ազատությունը վտանգի տակ է, որ
լրագրողները ենթարկվում են հետապնդումների ու բռնարարքների: Այդ համատեքստում
մատնանշվում է «Ժամանակ- Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի
ազատազրկման, «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի
եւ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովիկ Գալաջյանի նկատմամբ բռնարարքների
փաստերին, որոնք այդ կազմակերպությունների գնահատմամբ, համարժեք գնահատականի չեն
արժանացել ՀՀ իշխանությունների ու պատկան մարմինների կողմից: «Լրագրողական
հանրությունը համարում է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն
զուգահեռ աճում են ճնշումն ու սպառնալիքները ԶԼՄ-ների նկատմամբ, այն ուժերի եւ
մարդկանց կողմից, ովքեր պատճառ ունեն վախենալու քննադատությունից եւ իրենց որոշ
գործունեության բացահայտումից:
«Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների եթերազրկումից հետո բոլոր
հեռուստաալիքները գրաքննության են ենթարկվում: Հայկական ԶԼՄ-ների մոնիտորինգը
բացահայտել է, որ Հայաստանում բազմակարծությունը ապահովված չէ եւ առկա է ներքին
գրաքննություն:
Մթնոլորտը, որում մի քանի ամիս անց պետք է անցնեն խորհրդարանական ընտրությունները,
ամբողջությամբ կախված է նրանից, թե պետությունը որքանով է պատրաստ իր քաղաքացիներին
պաշտպանել ամեն գնով իշխանության հասնելու ձգտող հանցավոր խմբերից եւ հարգել
ժողովրդավարական ինստիտուտները` մասնավորապես մամուլի ազատությունը»,- ասված է ՄԻՄՖ
եւ ՔՀԻ-ի համատեղ զեկույցում:
Անշուշտ, հիշյալ կազմակերպություններն անդրադարձել են նաեւ Հայաստանում առկա
կոռուպցիայի մակարդակին եւ դրա դեմ պայքարի արդյունավետությանը: Ըստ զեկույցի, «կոռուպցիան
ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, Հայաստանում էլ մեծ խնդիր է: ԵԱՀԿ-ն
անհանգստացած է ՀՀ-ում կոռուպցիայի չափերով, որը հասել է անընդունելի ծավալների»:
Միաժամանակ զեկույցում նշված են ՀՀ կառավարության` հակակոռուպցիոն
նախաձեռնությունների ձախողման հիմնական պատճառները` «կոռուպցիայի դեմ պայքարի համար
իրական կամքի բացակայություն, քաղաքական եւ տնտեսական շահերի փոխկապակցվածություն,
որի արդյունքում կառավարության հիերարխիկ համակարգում տեղի է ունենում իշխանության
զավթում փոքր «էլիտար» խմբի կողմից, քաղաքական ասպարեզի քրեականացում, որի դեպքում
չեն պաշտպանվում շարքային քաղաքացիների իրավունքները, օրենքների կատարման իրական
վերահսկողության, պատժիչ մեխանիզմների բացակայություն» եւ այլն:
Համաձայնեք, որ հայաստանյան իրականությունն անմխիթար վիճակում է: Վերջին մի քանի
տարիներին հրապարակված միջազգային կառույցների որեւէ զեկույց, որն առնչվում է
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի
մոնիտորինգի արդյունքներին` ոչ մի լավ բան չի պարունակում: Ավելին, այդ զեկույցները
գնալով ավելի խիստ ու կոշտ գնահատականներ են հնչեցնում ՀՀ իշխանությունների,
գործադիր, դատական մարմինների հասցեին: Թե դեռ որքան կարող է այս իրավիճակը
շարունակվել` տակավին հայտնի չէ:
Նաիրա Մամիկոնյան
