ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի քաղաքականության օլիգարխացումը մտահոգում է Freedom House-ին
Freedom House իրավապաշտպան կազմակերպության` Նյու Յորքում երեկ հրապարակված
տարեկան զեկույցի համաձայն, ինչպես եւ անցած տարի, Հայաստանը «մասամբ ազատ»
երկրների խմբում է: Freedom House-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը «Ազատություն»
ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Հայաստանն այս խմբի ամենաթույլ
պետություններից մեկն է:
«Հայաստանն ընդհուպ մոտեցել է այն սահմանագծին, որը բաժանում է «մասամբ ազատ» եւ «ոչ
ազատ» երկրները: Սա մի շարք կարեւոր ոլորտներում առկա թույլ ցուցանիշների
արտացոլումն է: Այդ ոլորտներից են՝ մամուլում տիրող վիճակը կամ, ասենք, քաղաքական
գործընթացներին մասնակցելու քաղաքացիների հնարավորությունը»,-«Ազատություն»
ռադիոկայանին ասել է Քրիս Ուոքերը:
Ըստ Freedom House-ի, «մասամբ ազատ» պետությունների խմբում ընդգրկված երկրներում
քաղաքացիական ազատություններն ու մարդկանց քաղաքական իրավունքները լիովին չեն
ապահովվում: Բացի այդ` այս խմբում հայտնված երկրներում հաճախ կոռուպցիոն մթնոլորտ է
տիրում, ձեւական բազմակարծության ֆոնին քաղաքական մեկ ուժ է գերիշխում, իրավական
պետությանը բնորոշ ատրիբուտները թույլ են:
Քրիս Ուոքերը վերջին շրջանում Հայաստանում արձանագրված մտահոգիչ միտումներից
հատկապես հիշատակեց օլիգարխների ակտիվացումը. - «2007-ի ընտրությունների շեմին մենք
մի միտում ենք նկատում, որը կարող ենք բնութագրել որպես քաղաքականության
օլիգարխացում, ինչը որպես առանձնապես դրական քայլ գնահատվել չի կարող»:
Նրա վկայությամբ` Freedom House-ը ուշադրությամբ է հետեւելու առաջիկա
խորհրդարանական ընտրարշավին:
«Հայաստանի պարագայում լուրջ խնդիրներ կային վերջին շրջանի բոլոր քվեարկությունների,
այդ թվում 2005-ի նոյեմբերին կայացած հանրաքվեի ժամանակ: Առաջիկա ընտրությունները
շատ դիտորդներ գնահատում են որպես որոշիչ ու առանցքային: Սա, իրոք,
իշխանություններին ընձեռված շատ կարեւոր հնարավորություն է` ազատ, արդար ու
թափանցիկ ընտրություններ անցկացնելու առումով: Եվ սա միայն ընտրությունների օրվան
չի վերաբերում: Շատ կարեւոր է, որ քվեարկությանը նախորդող ամիսներին
իշխանությունները ստեղծեն ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ
բոլոր հնարավորությունները», -նշեց Քրիս Ուոքերը:
Ըստ նրա՝ առաջիկա ընտրությունների նախօրեին Freedom House-ը կհետեւի նաեւ
լրագրողների հանդեպ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:
«Վերջին շրջանում արձանագրում ենք լրագրողների դեմ հարձակումների աճ, ինչը շատ
լուրջ զարգացում է: Կարծում եմ, շատ կարեւոր է, որ առաջիկա ամիսներին լրագրողները
հնարավորություն ստանան լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները`
չվախենալով ֆիզիկական եւ այլ տեսակի հաշվեհարդարից կամ ահաբեկումից: Սա մի խնդիր է,
որին մենք ուշի ուշով հետեւելու ենք առաջիկա ամիսներին»,- ասաց Քրիս Ուոքերը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, ապա Վրաստանն ու Թուրքիան նույնպես
Freedom House-ի կողմից ճանաչվել են «մասամբ ազատ» պետություններ: Բայց ի
տարբերություն Հայաստանի` այս երկու երկրները, ըստ իրավապաշտպանների, մի քայլ առաջ
են արել` նախեւառաջ ընտրական գործընթացների կազմակերպման առումով: Ըստ Freedom
House-ի՝ թե Թուրքիան եւ թե Վրաստանն այսօր «ընտրական ժողովրդավարությունների»
ցանկում են:
Անհամեմատ ավելի տխուր է իրավիճակը Ադրբեջանում, որը «ոչ ազատ» պետությունների
թվում է: Freedom House-ի փորձագետների համոզմամբ՝ Ադրբեջանը մամուլի ազատության
առումով հետընթաց է ապրում, իսկ նախագահ Իլհամ Ալիեւի ճնշումները մամուլի նկատմամբ
ուժեղանում են:
«Ոչ ազատ» պետությունների թվին են դասվել նաեւ Իրանը եւ Ռուսաստանը: Իսկ Freedom
House-ի հրապարակած ցուցակի հետնապահները նույնն են` Հյուսիսային Կորեան, Կուբան,
Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
