ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչ արժե հեռուստաեթերը
Հայկական հեռուստաընկերությունների գարունը դիմավորում են առանձնակի սպասելիքներով, քանի որ 2007 թվականի գարնանը Հայաստանում ընտրություն է, իսկ դա նշանակում է, որ քաղաքական ուժերը փող չեն խնայելու, եթե իհարկե ունեն, որ երեւան հայրենի հեռուստաեթերում եւ բնակչության համար լինել տեսանելի ու լսելի: Իսկ դա նշանակում է, որ մինչեւ բնակչության ընտրությունը ընտրություն պետք է կատարեն քաղաքական ուժերը, թե որ հեռուստաալիքն են նախընտրում իրենք քաղաքական գովազդի համար: Իսկ ընտրության չափանիշ բնականաբար կարող է լինել առաջին հերթին գովազդի արժեքը:
Այդ առումով հայրենի հեռուստաեթերը որոշակիորեն բազմազան առաջարկ է ներկայացնում քաղաքական ուժերին: Մեկ րոպե քաղաքական գովազդի գինը սկսում է 80 հազար դրամից: Ամենից էժան այդ գինը (ներառյալ ԱԱՀ) սահմանել է Հանրային հեռուստաընկերությունը: Մասնավոր ընկերությունների քաղաքական վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սկսում է 100 հազար դրամից: «Ար», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններն իրենց վճարովի քարոզչական եթերի համար սահմանել են հենց այդ գինը: «Կենտրոնը», Հ2-ը եւ «Շանթը» սահմանել են մեկ րոպեի համար 108 հազար դրամ գին: ԱԼՄ-ն որոշել է, որ քաղաքական գովազդի համար մեկ րոպեի արժեքը իր եթերում կլինի 120 հազար դրամ: Իսկ ամենից թանկ եթերը տրամադրում է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Ընդ որում, հանրապետական հեռարձակում ապահովում են Հ1, Հ2, Արմենիա եւ ԱԼՄ հեռուստաընկերությունները, Շանթը հանրապետական հեռարձակում ապահովում է գրեթե կիսով չափ, բայց ծածկում է բնակչության թվով երկու հիմնական տարածաշրջանները` Արարատյան դաշտ եւ Շիրակ: Մյուս հեռուստաընկերությունների հիմնական լսարանը Արարատյան դաշտն է:
Քաղաքական ուժերը պետք է ընտրեն: Ընդդիմության հիմնական մասը արդեն իսկ հայտարարել է, որ հեռուստաընկերությունների սահմանած գինը բավական թանկ է, նույնիսկ հանրայինի գինը, որ ամենից էժանն է, դժգոհություն է հարուցել ընդդիմադիր կուսակցությունների շրջանում: Նրանք հայտարարում են, որ ստեղծվել է անհավասար պայման, եւ իշխանական ուժերն ի վիճակի են ավելի հեշտ եւ շատ օգտվել վճարովի եթերից, քանի որ շատ փող ունեն: Իշխանական ուժերը հակադարձում են, որ իրենք էլ, ընդդիմության նման, վճարելու են այն գինը, ինչ սահմանված է:
Ֆորմալ տեսանկյունից այդպես է: Գինը նույնն է բոլորի համար: Բայց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ հեռուստաընկերությունների զգալի մասի սեփականատերերը այս կամ այն կերպ մասնակցում են ընտրական գործընթացին: Կենտրոն հեռուստաընկերությունը պատկանում է Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, Ար-ը պատկանում է Գրանդ Հոլդինգի ղեկավար Հրանտ Վարդանյանին, ով ըստ շրջանառվող լուրերի պատրաստվում է 2003 թվականի օրինակով ներկայացուցիչներ ունենալ տարբեր կուսակցությունների ցուցակներում` ՀՅԴ, ՀՀԿ եւ նույնիսկ Բարգավաճ Հայաստան: Երկիր Մեդիան դաշնակցության տրամադրության տակ է: ԱԼՄ ղեկավար Տիգրան Կարապետյանը ընտրությանը մասնակցելու է իր կուսակցությամբ: Այսինքն հավանական է, որ այդ սեփականատերերն իրենց հեռուստաեթերը կարող են ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին: Դա ինչ որ առումով բնական է, բայց փաստ, որ խախտում է քաղաքական ուժերի հնարավորությունների հավասարակշռությունը: Մինչդեռ հիշյալ հեռուստատերերից որեւէ մեկը ընդդիմադիր չէ կամ չի գործակցում ընդդիմադիր որեւէ ուժի հետ: Հնարավոր է իհարկե, որ բուն վճարովի եթերաժամը, այն 120 րոպեն որ նախատեսվում է օրենքով, վաճառվի հավասարաչափ եւ արդարացի: Բայց դրանից դուրս ակնհայտ է այն առավելությունը, որ ստանում է իշխանությունը, ունենալով իրեն լոյալ հեռուստասեփականատերեր:
