ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկվեց «ՀՀ եւ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը
«ՀՀ եւ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի վերաբերյալ մարտի 16-ին քննարկում էր կազմակերպել «գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Օրենքի հեղինակը ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է, այն երրորդ` վերջին ընթերցմամբ ընդունվել է 2007 թվականի մարտին: Բայց օրենքի վերաբերյալ բացասական կարծիք եւ գնահատական ունեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլ նաեւ ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գործերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը: Հավաքին հրավիրված էին հոգեւորականնեւրը: Բայց ինչպես այս թեմայով նախորդ հավաքներին, այս անգամ եւս նրան ներկա չէին:
Քննարկման հիմնական բանախոսներից մեկը` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն էր, ով հայտարարեց, որ օրենքը ընդունվել է առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկման եւ հապճեպ: Ստեփան Դանիելյանը հաշվի առնելով ԱԺ-ում քննարկումների որակը, եզրակացրեց, որ օրենքը ընդունվել է ոչ միայն հապճեպ այն նաեւ առանց որեւէ քննարկման: Չի բացառվում, որ այս քննարկման նախաձեռնողները ՀՀ արդարադատությանը դիմեն իրենց կարծիքով անհեթեթություններով հարուստ օրենքից ազատվելու համար:
Իսկ առայժմ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման բանախոսներ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը ներկայացրեցին արդեն ընդունված օրենքի թերություններն ու բացերը: Առաջինը, որ նրանք ընդգծում են հարկավոր էր նախ փոփոխել 16 տարի առաջ ընդունված «Խղճի եւ կրոնական համոզմունքների ազատության մասին» օրենքը եւ նոր միայն ընդունել «ՀՀ եւ Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը:
Ստեփան Դանիելյանը վստահ է, որ «ՀՀ եւ Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը իրավական, քաղաքական միա շարք խնդիրներ է բերելու եւ ներկայացրեց անհեթեթություն որակված մի շարք դրույթներ: Առաջին. ԱԺ-ն էլ ընդունել է որ հասարակության հոգեւոր կրթությունը հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հետ ՀՀ պետության առանձնահատուկ հարաբերություն է. «գիտենք, որ մենաշնորհերի ժամանակներում ենք ապրում, շաքարավազի կամ բենզինի ներկրումը մենաշնորհ են, բայց հոգեւոր կրթության մենաշնորհ սահմանելը անհեթեթություն է», համոզված է Ստեփան Դանիելյանը: Կամ. մի ժամանակ կար հայ առաքելական սուրբ եկեղեցի, հիմա ասում են Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցի. «Ես որպես այդ եկեղեցու հետեւորդ ուզում եմ իմանալ, ով է անունը փոխում, ինչու, ինչպես, ինչից ելնելով»: Կամ եթե ասում ենք Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի, ինչ ենք ասելու Հայաստանից դուրս գործող հայկական եկեղեցիներին, ինչպես են կարգավորվելու դրանց հետ կապերը:
Ստեփան Դանիելյանի համար անընդունելի է նաեւ օրենքի այն դրույթը, համաձայն որի Հայաստայնաց Առաքելական սուրբ եկեղեցին կարող է մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում եկեղեցու պատմության առարկայի ուսուցիչների ընտրությանը, ծրագրերին: «Խղճի եւ կրոնական համոզմունքների մասին» օրենքը արգելում է կրոնական կազմակերպությունների վրա դնել պետական գործառույթներ: Այնպես որ սա էլ է անհեթեթություն, հայտարարեց Ստեփան Դանիելյանը: Ընդհանրապես Ստեփան Դանիելյանը համոզված է, որ Տիգրան Թորոսյանը պարզապես արտագրել է «Խղճի եւ կրոնական համոզմունքների ազատության մասին» օրենքի շատ կետեր եւ դրանք համարել հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հետ առանձնահատուկ հարաբերություններ:
