ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կունենանք նոր օրենք էթնիկ խմբերի մասին
1989 եւ 2001 թվականներին Հայաստանում անցկացված մարդահամարների արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում նվազում է ոչ հայազգի բնակչության քանակը: Օրինակ ռուսների քանակը նվազել է մոտ 3 անգամ: Սակայն մյուս կողմից էլ ձեւավորվում են նոր էթնիկ խմբեր. բուլղարներ, աբխազներ, պարսիկներ եւ այլք: Այս տվյլաները լրագրողներին մատուցեց ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների վարչության պետ Հրանուշ Խառատյանը: Տիկին Խառատյանի տվյալներով, Հայաստանի հանրապետությունում ապրում են ավելի քան 60 էթնիկ խմբեր եւ համայնքներ, որոնք քաղաքական խնդիրներ չունեն: Իսկ սոցիալական, տնտեսական դժվարությունները եւ արարդարություններւ հավասար են ՀՀ բոլոր բնակիչների համար անկախ ազգությունից:
Սակայն, ըստ Հրանուշ Խառատյանի, ՀՀ-ում էթնիկ խմբերի նկատմամբ կա դրական խտրականություն. Հայաստանի հանրապետությունը պետական բյուջեից որոշակի գումար է տալիս ազգային փոքրամասնություններին, ազգային փոքրամասնությունները ունեն սեփական կրթամշակութային խնդիրները լուծելու հնարավորություններ, գյուղական ճանապարհների կամ գյուղական դպրոցների նորոգման ժամանակ առավելապես այս կամ այն էթնիկ խմբի ներկայացուցիչներով բնակեցված գյուղերը չեն անտեսվում:
Ազգային փոքրամասնությունները կազմում են ՀՀ բնակչության 2.2 տոկոսը: Այս 2.2 տոկոսի 75 տոկոսը եզդիներ են: Այնպես որ որոշ երկրների նման ՀՀ ԱԺ-ում ազգային փոքրամասնություններին տեղ տալը տեղին չէ: «Ազգային փոքրամասնությունների հարցերը չենք լուծի, Լավագույն դեպքում ԱԺ կտեղափոխվեն եզդիների խնդիրները», վստահ է Հրանուշ Խառատյանը:
Սա նկատի ունենալով էլ, ՀՀ կառավարությունը մշակել է էթնիկ փոքրամասնությունների եւ էթնիկ այլ խմբերի մասին օրինագիծ: Նախագծում նշված է, որ ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ ընտրովի 3 հոգանոց ներկայացուցչական մարմիններ, պետական կառույցները ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրների վերաբերյալ որոշումներ կկայացնեն միայն այս խմբի հետ համաձայնեցրած: Կամ եթե մի բնակավայրի բնակիչների առնվազն 15 տոկոսը մեկ էթնիկ խմբի ներկայացուցիչներ են, տվյալ ՏԻՄ-ում պետք է լինեն տվյալ էթնիկ խմբի ներկայացուցիչներ: Հրանուշ Խառատյանի խոսքով, նշված օրենքը պետք է, որ «երեւա պետության քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հարցում, որ ոչ հայազգի բնակչության խնդիրների լուծումները կախված չլինեն վարչական օղակների ցանկությունից, հնարավորություններից եւ միջամտելու կարիք չլինի: Նաեւ որ դիպվածային որոշումներ չընդունվեն»: Ի դեպ, ի տարբերություն Ֆրանսիայի, Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները իրավունք կունենան հասարակական վայրերում կրել ազգային տարազը:
