Գնալ, թե չգնալ ՆԱՏՕ

Մայիսի 25-ին Երեւանում տեղի ունեցած սեմինարի մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասի հյուսիսատլանտյան ինտեգրման հարցը: Սեմինարի հիմնական զեկուցողներ Ժիրայր Լիպարիտյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը տարակարծիք են եղել քննարկվող հարցի կապակցությամբ: Ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ ՆԱՏՕ հետ հարաբերության ընդլայնումը նպաստավոր է Կովկասի անվտանգության համար, իսկ Հայաստանին թույլ կտա խուսափել մեկուսացումից եւ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, ինչպես նաեւ երկրի ներսում խորացնել ժողովրդավարական գործընթացները:

Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի գնահատմամբ, Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվելը Հայաստանի որպես պետություն թուլացման հետեւանք է: Լիպարիտյանը կարծում է, որ Հայաստանը եթե կարգավորի իր հարաբերությունները հարեւանների հետ, լուծի ներքին խնդիրները, ապա կունենան Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվելու այլընտրանք, որն ինքնուրույն քաղաքականությունն է: Իսկ այդ հարցերը լուծելու համար ՆԱՏՕ անդամակցություն, կամ ՆԱՏՕ հետ հարաբերության խորացումը, ըստ Լիպարիտյանի, փաստացի որեւէ բան էական փոփոխության չեն ենթարկի: Ժիրայր Լիպարիտյանը ընդհանրապես համարում է, որ Ամերիկայի գործիք հանդիսացող ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում գրեթե ոչ մի էական հարց չի կարող լուծել, որովհետեւ Ամերիկան ինքը այդ հարցերի կապակցությամբ դեռ անորոշության մեջ է: