ինչպես խորհրդային միությունում

Կովկաս վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը հուլիսի 11-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, թե թվում էր, որ Հայաստանի հասարակության համար պետք է ավելի հետաքրքրական լիներ Ղարաբաղի նախագահի ընտրությունը, մինչդեռ դա այդպես չէ: «Իշխանությունը, հասարակությունն, ավելի շուտ ինչ որ ճամբարների են բաժանվել զարմանալիորեն եւ ուղղակի, ասենք, գովազդում են այս կամ այն կողմը, կամ ինչ որ գործունեություն են ծավալում: Տպավորություն է, որ ընդհանրապես այս ընտրություններին, թե Ղարաբաղի իշխանությունն ու հասարակությունը, թե Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը կարծես թե պատրաստ չէին», ասում է Մանվել Սարգսյանը, նշելով, թե խնդիրն իրականում շատ կարեւոր է, քանի որ վերաբերում է ընդուպ Հայաստանի անվտանգությանը

Ինչ վերաբերում է Ղարաբաղում առկա իրավիճակին, ապա Մանվել Սարգսյանը այն համեմատում է Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի հետ, երբ ընտրությունը կրում էր զուտ ձեւական բնույթ եւ ընդամենը ապահովվում էր իշխող ԽՄԿԿ 99 տոկոսանոց հաղթանակը, իսկ նրանց, ովքեր դեմ էին այդ մեխանիզմին, համարում են դավաճան, թշնամի, պետությանը վնասող: Մանվել Սարգսյանն ասում է, որ ինքն այդ տպավորությունը ստացել է օրերս Ղարաբաղ կատարած այցի ընթացքում, լինելով Ստեփանակերտում, Շուշիում, Լաչինում, Քելբաջարում եւ լավ տեղեկացված լինելով Հադրութի շրջանի մթնոլորտից: «Ասել, որ այդ ամեն ինչը բնական գործընթաց է, ես չեմ նկատել: Ես նկատեցի, որ ահռելի աշխատանք է տարվում այդ վարչական ռեսուրսով», ասում Մանվել Սարգսյանը: Նա նշում է, թե Ղարաբաղի պարագայում վարչական ռեսուրսի կիրառումն ունի մի փոքր այլ ձեւաչափ եւ բովանդակային պարունակություն, քան Հայաստանում: «Ճիշտ է Հայաստանում նույնպես ահաբեկում կա, նույն մարդկանց համոզելու, որ աշխատանքդ կվերցնեմ քեզանից, եւ այլն, եւ այլն, շատ ծանոթ է այդ ամեն ինչը, կաշառել, եւ այլն: Բայց այնտեղ դա այդպես չէ: Մի քիչ, գիտեք ինչպես է, մի քիչ ինչպես պարտականություն: Ասենք մարդուն կարող են մտնել տուն եւ ասել, որ մենք իմացել ենք, որ դու ուզում ես քո խանութի պատին փակցնել քո նախընտրած թեկնածուի նկարը: Կարող են ասել, դա շատ վատ բան է քո արածը, նման բան չի կարելի անել, դուք գիտեք, որ դա կանդրադառնա ձեր գործունեության վրա եւ առաջարկում ենք հանել: Եթե մարդը չի հանում, ասում են դե լավ, ձեզ հետ ուրիշ ձեւով կխոսենք: Շատ ավելի հմուտ աշխատանք է տարվում, եւ ազդում է դա», ասում է փորձագետը:

Բայց Մանվել Սարգսյանը նաեւ արձանագրում է, որ փաստացի ամբողջ իշխանական համակարգը չէ, որ լծվել է այդ աշխատանքին, քանի որ Ղարաբաղի նախագահի այլընտրանքային թեկնածուն նույնպես իշխանական համակարգից էր, բայց հանդես է գալիս բարեփոխիչի դիրքից եւ նրան են միացել նույն իշխանական համակարգի շատ ներկայացուցիչներ, որոնք հասարակության ակտիվ մասի հետ մեկտեղ առաջադրեցին Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Իշխանական թեկնածու Բակո Սահակյանին նա ներկայացնում է իբրեւ պահպանողական թեւ, իսկ Մայիլյանին իբրեւ ռեֆորմատորական: «Այսինքն ոչ թե ընդդիմություն եւ իշխանություն դուրս եկան իրար դեմ, այլ ընդդիմության մի մասը միացավ պահպանողական թեւին, մյուս մասը` ռեֆորմատորականին», ասում է Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, թեւերի թեզիսները շատ հստակ են, Բակո Սահակյանը հանդես է գալիս մոտեցմամբ, որ արմատական բարեփոխումներն արված են եւ սոցիալական խնդիրները լուծելու հարց կա, իսկ Մասիս Մայիլյանը հստակ սահմանում է, որ երկրում պետք են արմատական բարեփոխումներ, որպեսզի կառավարման ստվերային մեխանիզմները չեզոքացվեն եւ հաստատվի Սահմանադրական լիարժեք կարգ:

«Սոցիալական խնդիրները ծնվում են այն վիճակից, որը տիրում է երկրում: Եթե այդ երկրում գոյություն չունի օրինականության հիման վրա կազմակերպված կարգ, դուք երբեք, ոչ տնտեսություն եք ունենալու, ոչ էլ սոցիալական վիճակ եք բարելավելու: Անիմաստ է դրա մասին խոսելը: Այդ ինչու է, որ կայացած իրավական պետություններում տնտեսությունն այդքան հզոր է,բայց այն երկրներում, որտեղ կլանային կամ քրեական համակարգ է ժողովրդի 90 տոկոսը քաղցած է: Գիտեք, կարող է շատերն իսկապես այդպես են մտածում, որ սոցիալական խնդիրները չլուծած անհնար է քաղաքական բարեփոխումների կայացումը, բայց ես կարծում եմ, որ դա հստակ քաղաքական դեմոգոգիա է` սկզբից եկեք հացը բաժանենք ժողովուրդ ջան, մնացածը հետո: Մի անգամ չեք մտածել, թե այդ հացը բաժանողը որտեղից է բաժանում հացը: Բոլորը փայլուն գիտեն, ինքը այդ ամենը խլում է ուրիշներից, լցնում իր պահեստը, հետո բաժանում դա ուրիշներին այնքան, ինչքան իրեն պետք է: Եվ դրա համար մենք պետք է հստակ հասկանանք, կամ պետականություն ենք ունենում, եւ ստեղծում ենք այդ պետականությունը, բոլոր իր բաղադրիչներով, կամ չենք ստեղծում, վերջ: Եվ հասարակությունը Ղարաբաղում շատ ավելի լավ է դա հասկանում: Ես մեկ մարդ չեմ տեսել, որն ասի, թե այն ինչ արվում է, լավ է: Մի մարդ չի եղել: Ասում են` մենք կարող է ձեզանից վատ ենք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց ինչ կարող ենք անել», ասում է Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, մարդուն կարող են ասել միլիոն բան, եւ նա մնա դրան անհաղորդ, բայց բոլորովին այլ է, երբ նրան սպառնում են, որ վաղն առավոտյան չի գա աշխատանքի: փորձագետը կարծում է, որ կամ հասարակությունը կհամաձայնի այդ ամեն ինչի հետ, կամ չի համաձայնի: Մանվել Սարգսյանն ասում է, որ ինքը չի զարմանա որեւէ զարգացման դեպքում, բայց ասել, որ ընտրությունը կլկինի ազատ, դա ուղղակի անհնարին է: