ՆԱՏՕ-ն դեմ է, որ Հայաստանը դառնա իր անդամ

Քաղաքագետների միության նախագահ հմայակ Հովհաննիսյանը հուլիսի 26-ին Մամուլի Ազգային ակումբում կատարել է բավական հետաքրքիր ներքաղաքական վերլուծություն: Նա նախ գնահատել է ընդդիմության միասնական թեկնածուի հավանական հավակնորդների շանսերը: Այդ հավակնորդները երեքն են` Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան եւ Արթուր Բաղդասարյան: Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսը բավական մեծ է, քանի որ կա ուշագրչավ մի հանգամանք: «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է որպես իր իշխանության տարիների նվաճում ներկայացնել այն, որ չկար այն ներազգային պառակտումը, որը այսօր կա: Չկար այն իրավիճակը, երբ Հայաստանում մարդիկ, ովքեր հավակնում են առանցքային դեր խաղալու թեկուզ քաղաքական դաշտի մի հատվածում, ընդդիմադիր հատվածում, հրապարակայնորեն խոսեին Ղարաբաղի կլանի, ղարաբաղցիների, եւ այլն, իշխանության մասին: Այսինքն չկար այդ պառակտումը ղարաբաղցիներ-հայաստանցիներ, եւ Ղարաբաղը դիտվում էր որպես բարոյականբ չափանիշ, անձեռնմխելի բոլորի համար, թե ընդդիմության, թե իշխանության», ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Նա ասում է, թե զավեշտ է, երբ խորհրդարանի ընտրությանը 3-4 տոկոս հավաքած կուսակցապետերը հավակնում են լինել ընդդիմության միասնական թեկնածու: Իսկ ահա Վազգեն Մանուկյանը միակ քաղաքական գործիչն է, ով կարող է խուսափել այն 3-4 տոկոսանոց թեկնածուների իրավիճակից, կարծում է Հմայակ Հովհաննիսյանը, նկատի ունենալով, որ Վազգեն Մանուկյանը չի մասնակցել խորհրդարանի ընտրությանը: Հմայակ Հովհաննիսյանը նշում է, որ Վազգեն Մանուկյանը ճիշտ է, երբ ասում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին թեկնածության մասին խոսակցություններն առաջ են բերվում հենց Մանուկյանի թեկնածությանը հարվածելու համար: «Վազգեն Մանուկյանը ճիշտ է ասում եւ ես դրանում միանգամայն համաձայն եմ: Որեւէ մեկը կարող է ապացուցել, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամ է վերադառնալ քաղաքական ասպարեզ: Որեւէ մեկը կարող է ապացուցել, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ձգտում ընդամենը սահմանափակվել ահա այն հաճույքով, որ ինքն անշուշտ կարող է ստանալ, երբ արծարծվում է իր միասնական թեկնածուի, թեկնածու դառնալու հնարավորությունը, ընդունելով այդ արծարծումները, այդ անդրադարձներն իր անձին, որպես հնարավոր միասնական թեկնածուի, իբրեւ յուրահատուկ քաղաքական ռաբիլիտացիա, ինչու չէ, նաեւ ինդուլգենցիա, որին ինքը արժանանում է իր իշխանության ժամանակ տեղի ունեցած թերությունների համար սուր քննադատության համար, իր անփառունակ հրաժարականի համար», ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Արթուր Բաղդասարյանի թեկնածության մասին Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ Բաղդասարյանն ունի առավելագույնը երկրորդ փուլ դուրս գալու եւ «մխիթարական մրցանակի արժանանալու շանս»: Նրա խոսքով, Արթուր Բաղդասարյանը դրանով կարող է ստեղծել իր այդ արդյունքը կոնվերտացիայի ենթարկելու եւ հաջորդ խորհրդարանի ընտրությանը «նույն ձեւով վերարտադրվելու համար»: «Գուցե եւ փոքր ինչ ավելիի հասնել, որովհետեւ մինչ այդ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը բեզարի Հանրապետական կուսակցությունից, եւ այնուամենայնիվ կորոշի, որ պետք է ՕԵԿ-ին մի քիչ ավելի շատ տեղ տալ: Համենայն դեպս Արթուր Բաղդասարյանի շանսերն ավելին չեն, քան այն, ինչ տեղի ունեցավ 2003 թվականին», ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Սակայն նա նշում է, որ Հայաստանի նախագահի ընտրությանը մեծ դեր է կատարելու արտաքին գործոնը: «Բժեզինսկին իր «Մեծ շախմատային խաղատախտակ» հայտնի գրքում գրում է, որ Արեւմուտքին հետաքրքրող երկիրը մեր տարածաշրջանում Ադրբեջանն է: Եվ Ադրբեջանին արեւմտյան ազդեցության ոլորտում ընդգրկելու խնդիրը կարեւորագույն խնդիր է: Հայաստանի մասին ըստ էության ոչինչ չի գրում: Ադրբեջան եւ Վրաստան, բայց Ադրբեջանը համար առաջին երկիրն է, որն առանցքային դեր է խաղում, որովհետեւ մեր տարածաշրջանը դիտվում է որպես տեկտոնիկ փոփոխությունների ենթակա տարածաշրջան եւ այդ տարածաշրջանում առանցքային դերակատարում ունի Ադրբեջանը: Ուստի ղարաբաղյան ծագում ունեցող ղեկավարների` Հայաստանի ամբողջ իշխանական համակարգը վերահսկելու հանգամանքը չափազանց կարեւորվում է Արեւմուտքի կողմից, որովհետեւ հնարավորություն է Ադրբեջանը դեպի ՆԱՏՕ մղելու», ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Նա ասում է, որ կա արեւմտյան սցենար, ըստ որի, Հայաստանում ղարաբաղյան ծագման իշխանության միջոցով Արեւմուտքն Ադրբեջանին ստիպում է ընդգրկվել ՆԱՏՕ, որից հետո արագորեն լուծվում է Ղարաբաղի հարցն ի օգուտ Ադրբեջանի: «Արագացված տեմպերով Ղարաբաղը կցվելու է Ադրբեջանին, այդ Ղարաբաղի ճակատագրի մեղքը բարդվելու է Ռուսաստանի վրա, որից հետո իշխանության է գալու Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, օրինակ հինգ տարի անց, եվ Հայաստանը բնականաբար այլեւս այլ շանս չի ունենալու, քան կցվել ՆԱՏՕ-ին, այնպես, ինչպես 20-ական թվականներին, երբ Ադրբեջանի եւ Վրաստանի բոլշեւիկներին կցվելուց հետո Հայաստանն այլ շանս չուներ նրանց կցվելու, բայց արդեն կորուստներ ունենալուց հետո: Պատմությունը կրկնվելու է», ասում է Հմայակ Հովհաննիսյանը: