ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
9 թեկնածուներից 3-ն առավել «եթերային» են
Երևանի մամուլի ակումբը 2007 թվականի. դեկտեմբերի 6-ից 20-ը հայկական հեռարձակող
ԶԼՄ-ների մոնիտորինգ է անցկացրել եւ պարզվել է, որ Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ները
դեկտեմբերին առավել մեծ ուշադրության արժանացրել են նախագահի երեք թեկնածուի՝ ՀՀԿ
նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան
Կարապետյանին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Մոնիտորինգի տվյալներով, Սարգսյանին հատկացված եթերային ժամանակահատվածը կազմել է
42.731 վայրկյան (մոտ 11,8 ժամ), Տիգրան Կարապետյանինը՝ 39.091 վայրկյան (մոտ 10,8
ժամ), իսկ Տեր-Պետրոսյանինը՝ 14.497 վայրկյան (ավելի քան 4 ժամ)։ Միաժամանակ, ըստ
մոնիտորինգի տվյալների, Սերժ Սարգսյանին հատկացված ընդհանուր եթերաժամանակի 77,7
տոկոսը լուսաբանել է նրա, որպես պաշտոնական անձի գործունեությունը, որը կատարում է
իր պաշտոնական պարտականությունները։
Ուսումնասիրված հեռարձակող ԶԼՄ-ները դեկտեմբերին իրենց ուշադրությունից դուրս չեն
թողել նաև ՀՀ նախագահի մյուս վեց թեկնածուներին։ Վերոհիշյալ չորս քաղաքական
գործիչներից անմիջապես հետո ընդհանուր եթերային ժամանակամիջոցի ցուցանիշով հետևում
են նախագահի հինգ թեկնածուները՝ Արտաշես Գեղամյանը («Ազգային միաբանություն»),
Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Վազգեն
Մանուկյանը (Ազգային-ժողովրդավարական միություն) և Արամ Հարությունյանը («Ազգային
համաձայնություն»)։ Իններորդ թեկնածու Արման Մելիքյանը արժանացել է ամենաքիչ
լուսաբանման։
Դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հիշատակումներում, ինչպես և մոնիտորինգի նախորդ
ամիսներին, առաջնային տեղում էին չեզոք հիշատակությունները (403 հիշատակում),
այնուամենայնիվ, 17 քաղաքական գործիչների դրական նյութերի ցանկում վարչապետը
զբաղեցրել է առաջին տեղը (79 դրական՝ 12 բացասականի առկայությամբ)։
Դեկտեմբերին, նախկին պես, հայկական եթերում գերակշռում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանի վերաբերյալ բացասական երանգավորված նյութերը. Լևոն Տեր-Պետրոսյանի
մասին 103 բացասական հիշատակում՝ 100 չեզոք և 4 դրականի պայմաններում։ Ընդ որում
հիշատակումների ընդհանուր թվում բացասականների տոկոսը դեկտեմբերին նվազել է 49,8
տոկոսով՝ ընդդեմ նոյեմբերի 58,7 տոկոսի։ Ընդհանուր առմամբ, նախագահի մյուս
թեկնածուների լուսաբանումն ուներ չեզոք բնույթ թե հեռուստա, թե ռադիոնյութերում,
առաջին հերթին, ներկայացվում էին նրանց դիրքորոշումները, ինչպես թեկնածուների,
այնպես էլ կուսակցությունների ղեկավարների կարծիքները։
«ԱԼՄ»-ն, ինչպես և նախորդ ամիսներին, կրկին «ամենաքաղաքականացվածն էր»՝ ընդհանուր
եթերաժամանակի 70,1 տոկոսը նվիրված էր քաղաքականությանը։ «ԱԼՄ»-ի համեմատությամբ,
ուսումնասիրվող քաղաքական գործիչներն ավելի քան երկու անգամ պակաս խմբագրական
լուսաբանում են ստացել Հայկական երկրորդ հեռուստատեսությամբ, որին հետևում է
Հայաստանի հանրային ռադիոն, «Կենտրոն», «Երկիր մեդիա) հեռուստաընկերությունները և
Հայաստանի հանրային հեռոստատեսության առաջին ալիքը։ Ութ ալիքներից ուսումնասիրվող
քաղաքական գործիչներին ամենաքիչ ուշադրության են արժանացրել «Արմենիա» և «Շանթ»
հեռուստաընկերությունները։
Երևանի մամուլի ակումբի մոնիտորինգի համաձայն, ի տարբերություն հոկտեմբեր-նոյեմբերի,
մոնիտորինգի խմբի կողմից ուսումնասիրվող ալիքների դեկտեմբերյան եթերում չեն
գրանցվել նյութեր, որոնք եթեր են հեռարձակվել որպես խմբագրական, բայց ունեցել են
գովազի որոշակի հատկանիշներ։
Մոնիտորինգն ընդգրկում է 8 հեռարձակվող ԶԼՄ-ների պայմանական պրայմ-թայմի (18.00 –
24.00) հաղորդումները։ Նրանց թվում են 4 պայմանականորեն համազգային
հեռուստաալիքները՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը, «ԱԼՄ»-ն, «Արմենիան»,
Հայաստանի երկրորդ հեռուստաալիքը, 3 մայրաքաղաաքյին հեռուստաընկերությունները՝ «Երկիր-մեդիան»,
«Կենտրոնը», «Շանթը», 1 համազգային ռադիոընկերություն՝ Հայաստանի հանրային ռադիոն։
