ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտոնյաները զայրանում են օրենքով խոսողի տեսնելիս
Տեղեկատվության ազատության կենտրոնը տեղեկացնում է, որ 2007 թվականի նոյեմբերին արդեն երրորդ անգամ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները «ԶԼՄ և օրենսդրություն» առարկայի շրջանակներում տեղեկություն ստանալու հարցումներ էին ուղարկել ՀՀ տարբեր գերատեսչություներ` պարզելու համար, թե որքանով են պաշտոնյաները հարգում ուսանողների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը: Ուսանողները հարցումները կազմելիս առաջնորդվել են ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածներով և «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:
Ուսանողները 64 հարցում էին ուղարկել տարբեր պետական, տեղական ինքնակառավարման, և հանրային նշանակության կառույցներ: Ուղարկված 64 հարցումներից 27-ը ուղղված էին տեղական ինքնակառավարման մարմիններին, 24-ը` պետական կառավարման մարմիններին, 7-ը` հանրային նշանակության մարմիններին, 4-ը` Ոստիկանության տարբեր վարչություններ, մեկական էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի
դատարանին:
Ուղարկված 64 հարցումից.
46-ի (72%) դեպքում ուսանողներն ստացել են գրավոր պատասխան, որից 3-ին պատասխանել են ոչ լիարժեք, իսկ 43-ին` լիարժեք:
6 հարցում մնացել է անպատասխան (9%):
12 հարցման (19%) մերժել են պատասխանել, այն էլ միայն բանավոր: Ընդ որում` մերժումներից միայն մեկն է եղել օրինական, 11 մերժում եղել է ապօրինի: Գրավոր որեւէ մերժում չի ստացվել:
Համեմատելով անցած տարվա արդյունքների հետ` կարող ենք ասել, որ արձանագրվել է առաջընթաց: Եթե 2006թ.-ին դրական պատասխանները կազմել են 60%, ապա 2007թ.-ին այդ ցուցանիշը հասնում է 71%-ի:
Անպատասխան է մնացել 6 հարցում (կամ հարցումների 9տոկոսը), որից 4-ն ուղարկվել էր Ոստիկանություն, իսկ 2-ը` հասարակական կազմակերպություններ: 2 հարցում ուղարկվել էր հասարակական կազմակերպություններին (Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակ, Մենք հանուն քաղաքացիական հասարակության), սակայն նրանցից ոչ մեկը չի պատասխանել: Ստացվում է, որ հասարակական կազմակերպությունները նույքան գաղտնի են աշխատում, որքան ոստիկանությունը:
ՀՀ Ոստիկանություն ուղարկված 4 հարցումները մնացին անպատասխան նույնիսկ մի քանի անգամ զանգահարելուց հետո:
Մերժվել է 12 հարցում, որոնցից մեկը` օրինական, մյուս 11-ը` անհիմն: Գրավոր մերժում չի եղել: Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ասում է, որ տեղեկատվության մերժումը պետք է լինի անպայման գրավոր` պարունակելով մերժման հիմնավորում, ինչպես նաեւ հղում համապատասխան օրենքի նորմի վրա, որի հիման վրա կատարվել է մերժումը:
Հարցումները մերժած գերատեսչություններից մի քանիսն ուղղակի ասել են, որ չեն պատասխանի: Այդպիսիք են Արմավիրի մարզպետարանը, Պաշտպանության նախարարությունը, ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը:
Ի մի բերելով այս տարվա հարցումների արդյունքները` կարող ենք ասել, որ գրանցվել են դրական փոփոխություններ: Որոշ պաշտոնյաներ, որոնք նախկինում վիրավորվում կամ զայրանում էին նման հարցումներ ստանալիս, հիմա դրանց ավելի հանգիստ են վերաբերվում: Եւ թեկուզ միայն իրենց գլուխն ազատելու համար պատասխանում են այդ հարցումներին: Մեր գերատեսչությունները աստիճանաբար սովորում են աշխատել քաղաքացիների` հատկապես ուսանողների հետ:
Այնուամենայնիվ պաշտոնյաները զայրանում են, երբ իրենց հետ «օրենքներով են խոսում»: Առողջապահության նախարարությունում խիստ վիրավորվեցին դրանից` ասելով` «Երկու հատ օրենք եք սովորել, նախարարի վրա կանտրոլ ե ՞ք սահմանում»: Փաստորեն, օրենքներին տիրապետելը վերադասի վրա հսկողություն սահմանել է նշանակում:
Բայց ավելի վատ է այն, որ պետական մարմիններում աշխատողները օրենքներից անտեղյակ են, ու հիմնականում սա է դառնում դժգոհության պատճառ: Նույն Առողջապահության նախարարությունում մինչև վերջ համոզված էին, որ իրենց ուղղված հարցումները ուղղակի դիմումներ են, որոնց պետք է պատասխանել 30-օրյա ժամկետում: Դեռևս շարունակում է խնդիր մնալ հարցումներին օրենքով սահմանված ժամկետում պատասխանելը: Այս տարի 64 հարցումից 18-ին են ժամանակին պատասխանել: Սակայն դրական փոփոխություն է այն, որ գերատեսչություններից և ոչ մեկի պատասխանը 20 օրից ավելի չի ուշացել:
Ամեն դեպքում կարող ենք վստահ ասել, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մոտ սկսում է ձևավորվել քաղաքացիների ու հատկապես լրագրողների հետ աշխատելու մշակույթ, նչը կարող է բաց հասարակության մեծ երաշխիք դառնալ:
