Լրագրողներին չթողեցին

«Ասպարեզ» ակումբը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին, ժամը 11-ին ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու էր քվեարկության ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի դատաքննությունը: Իշխանությունները ինչ-ինչ մտահոգություններից ելնելով, Գյումրու արդարադատության պալատի շքամուտքն այնպես էին պարուրել ոստիկանական եւ կարգադրիչների ուժերով, որ անգամ այլ գործերով փաստաբաններն ու հայցեր դատարան բերած քաղաքացիները չէին կարողանում մուտք գործել դատարան: Այստեղ էին ոստիկաններ Մարալիկից, Արթիկից, Ախուրյանից, քրեական հետախուզության բաժնի մի քանի տասնյակ աշխատակիցներ` քաղաքացիական հագուստներով, կարգադրիչներ` անգամ Վանաձորից: Դատարանի շքամուտքը պաշարված էր 3 շարք ոստիկաններով եւ 2 շարք կարգադրիչներով:

Արդեն 4-րդ անգամն է, այս գործով դատաքննությունները չեն սկսվում դատավորի սահմանած ժամին եւ որեւէ մեկը չկա, որ պատասխան տա այս անկարգությունների եւ մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների համար: Դատարանի մոտքի առաջ հավաքված էին ամբաստանյալների հարազատները, ազատամարտիկներ, լրագրողներ, փաստաբաններ, հյուրեր Երեւանից եւ այլն` մոտ 150 հոգի: Հավաքվածներից մեկը, որ ներկա է եղել գրեթե բոլոր քաղաքական դատաքննություններին, ներկաներին հիշեցրեց, որ այսօր լրանում է մեկ տարի այն օրվանից, երբ Երեւանում հարցաքննության կանչվեց եւ սպանվեց Լեւոն Գուլյանը: Ապա բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածի հիշատակը: Ամբաստանյալների մայրերն ու հարազատները մեկ ժամից ավելի վանկարկում էին «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան»:

Ժամը 13-ին մոտ վկայականներն ստուգելուց հետո նախ ներս թողեցին լրագրողներին, ապա, վերջապես սկսեցին 5-5 ներս անել ամբաստանյալների ազգականներին: Ներս անցավ մոտ 50 հոգի, իսկ մոտ հարյուր հոգի այդպես էլ մնացին դրսում, ոստիկաններն ու կարգադրիչները ոչ մի կերպ չէին համաձայնում ներս թողնել մարդկանց:

Դատաքննությունը վերսկսվեց 13:30-ին եւ տեւեց 10 րոպե: Այս նիստի սկզբում պիտի ընթերցվեին 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի նախնական ցուցմունքները եւ ապա պիտի շարունակվեր վերջինիս հարցաքննությունը, երբ դատավորը, առանց կողմերի կարծիքներն իմանալու, ասաց, թե հեռուստատեսային նկարահանումները 10 րոպեից ավելի չի կարելի անել եւ տեսախցիկները դուրս են տարվելու: Կարգադրիչները սկսեցին քաշքշել ԳԱԼԱ եւ Ցայգ ՀԸ նկարահանող օպերատորներին, ապա ամբաստանյալ Աշոտ Զաքարյանը, ով մինչ այդ դեմ չէր եղել դատաքննության վերսկսմանը առանց իր պաշտպանի, հայտարարեց, որ դատավորի այդ քայլից հետո ինքը դեմ է դատաքննության շարունակմանը առանց իր պաշտպանի: Դատավորը առանց որեւէ որոշում կայացնելու թողեց-գնաց դահլիճից: Դատաքննությունն ընդմիջվեց: Հաջորդ նիստը կարող է կայանալ միայն կողմերի պատշաճ ծանուցումից հետո:

Դատավորը երեւի չնկատեց էլ, որ ինքը չգիտես իր թե ում քմահաճույքով կամայականորեն վերազանցելով իր լիազորությունները, սահմանափակեց լրագրողների եւ քաղաքացիների տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքը: Ընդհանրապես, այս դատաքննության հետ կապված, իշխանությունները հայտնվել են բավականաչափ տխուր իրավիճակում. վկաները, մեկը մյուսի ետեից քայքայում են դատախազական մեղադրանքը, բացատրելով, որ ամբաստանյալները որեւէ կերպ չեն խոչընդոտել քվեարկության ընթացքը, որեւէ անկարգություն կամ խուլիգանություն թույլ չեն տվել ընտրատեղամասում, ու պատմում են, որ իրենց նախնական ցուցմունքները կամ իրենց թելադրել են դատախազության աշխատակիցները կամ ստիպել են որ այդկերպ գրեն: Չնայած այս հանգամանքներին դատարանը համառորեն չի կամենում փոխել մեղադրյալների խափանման միջոցը:

Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ հայաստանյան իշխանությունները որեւէ փոքրիկ քայլով չի կամենում ուղղել իր սխալները որ թույլ է տվել անցած ամիսներին ու խելքի գալու հանրության պահանջներն իր համար ոչ ավելին են քան միջազգային ատյանների հորդորները: Իշխանությունը վերածվել է ինքն իր համար իշխանության, ինչպեսեւ ժողովուրդը վաղուց վերածվել է ինքն իր համար ժողովրդի: Իսկ սրա հետեւանքների խայտաբղետ սպեկտրը հայտնի է անուղղելի ավտորիտարիզմով հիվանդ երկրի ցանկացած բարեխիղճ ուսուցչի:

70 համազգեստավոր ոստիկան, մոտ 2 տասնյակ անհամազգեստ քրեական հետախույզ բանուգործ թողած միացել էին մոտ 20 դատական կարգադրիչների, պաշարել էին դատարանի դարպասն ու աչալրջությամբ հսկում էին ինքնաբուխ ցուցարարներին: Նրանցից սկսնակ ամաչկոտները չէին ուզում նկարվել, կռանում էին հաճախ, թիկունք անում հայ ժողովրդին, կախում էին գլուխները, իսկ նրանք, ովքեր վաստակավորի համբավ ունեին, այնպես էին զննում մարդկանց, ասես Ն.Հունանյանի կազմակերպչին էին ուզում գտնել վերջապես: Այսօր էլ չգտան: