Աշոտ Զաքարյանի նամակ-կոչը

Մայիսի 14-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից իր մարտական ընկերներին բաց նամակ-կոչ է հղել ազատամարտիկ Աշոտ Զաքարյանը:

«Սիրելի մարտական ընկերներ,

1988-ից սկսած` մենք միասին բազում փորձություններ ենք տեսել, պատերազմ ենք անցել, հաղթանակներ կերտել, ճանապարհին մեզ միավորել է մեր հայրենիքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացումը, մեր զավակներին, սերունդներին ավանդելու ազատ, անկախ ուժեր եւ ժողովրդավարական Հայաստան: Ցավոք սրտի` 1999 հոկտեմբերի 27-ից հետո իշխանությունը բռնազավթած վարչախումբը մեր եւ մեր ընկերների արյան գնով ստեղծած երկիրը հետեւողականորն տանում է դեպի կործանում: Հայաստանում բռնությունները մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները մարդու եւ քաղաքացու իրավունքների համատարած ոտնահարումները արդեն օրինաչափ դարձած կեղծված բոլոր մակարդակի ընտրությունները ահաբեկումներն ու ձերբակալությունները երկրում ստեղծված վախ ու սարսափի մթնոլորտը Հայաստանը հասցրել են երրորդ աշխարհի երկրների շարքին: Սակայն սեփական ազատության եւ արժանապատվության վերականգնման հաստատակամությունը մեր ժողովրդին կրկին տարավ Ազատության հրապարակ: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ձեւավորվեց համաժողովրդական շարժում, ինչ վերականգնեց մեր հույսն ու հավատը մեր ապագայի նկատմամբ:

Չնայած այն հանգամանքին, որ 2008թ. փետրվարի 19-ին հերթական անգամ կեղծվեին ՀՀ նախագահական ընտրությունները, վարչախմբի կողմից իրականացվեց մարտի 1-ի սեփական ժողովրդի ջարդը` իրենց քաղաքական գործունեության համար կալանավորվեցին շարժման ավելի քան 100 ակտիվիստներ: ՀՀ տարբեր դատական ատյաններում անհաջող թատերական ներկայացում հիշեցնող ընթացող դատավարությունները, այնուամենայնիվ, համաժողովրդական շարժումը հասնելու է իր տրամաբանական ավարտին: Մենք ունենալու ենք մեր եւ մեր զոհված ընկերների ազատ Հայաստանը:

Ճանապարհը, որը մենք դեռ միասին անցնելու ենք, բարդ է եւ պատասխանատու եւ այդ ճանապարհին ես կարեւորում եմ յուրաքանչյուրիս առողջությունն ու ֆիզիկական կամքը: Պայքարի այն ձեւը, այն է` ՙանժամկետ հացադուլ՚, որը որդեգրել եք դուք, ապազգային ու ժողովրդատյաց իշխանության կողմից չեն արժանանալու համարժեք վերաբերմունքի:

Թանկագին մարտական ընկերներ,

Հայտնելով Ձեզ իմ երախտագիտությունը, ինձ եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում ձեր պայքարի վճռականության համար, կոչ եմ անում ձեզ` անհապաղ դադարեցնել ձեր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը եւ ընտրել պայքարի այլ ձեւեր: Կոչս համարեք որպես խնդրանք կամ որպես հորդոր, իսկ ավելի շատ այն ընդունեք որպես հրաման:

Լավագույն մաղթանքներով` Ձեր մարտական ընկեր

Աշոտ Ռուբենի Զաքարյան»