ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լուրջ մտահոգություններ դեռ կան
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան ասել է, որ Հայաստանի իշխանությունները մարտի 1-2-ի ողբերգության վերքերը ապաքինելուն ուղղված որոշ դրական քայլեր կատարել են, սակայն մի շարք հարցեր մինչեւ հիմա լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
«Մասնավորապես, Միացյալ Նահանգները մտահոգված է, որ մինչեւ հիմա կան քաղաքական մեղադրանքների կամ ենթադրյալ հանցագործությունների համար կալանավորվածներ, ամբողջությամբ չի վերականգնվել ազատ կերպով ցույցեր եւ երթեր անցկացնելու մարդկանց իրավունքը, մեզ նաեւ մտահոգում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա անջրպետը: Դրական քայլերից, անշուշտ, կարելի է նշել այն, որ ընդդիմությանը ավելի շատ տեղ է հատկացվում հանրային հեռուստատեսության եթերում, հուսով ենք, որ այդ շատ դրական քայլը այսուհետ ավելի կանոնակարգված կլինի: Մենք ուրախ ենք, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն աշխատում է: Թերեւս ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր այդ հետաքննությանը եւ, հուսով ենք, կառավարությանը կհաջողվի համոզել ընդդիմությանը` միանալ այդ աշխատանքներին»:
Ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Մեթյու Բրայզան նշել էր, թե մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100-րդ օրը Մեթյու Բրայզան դժվարացավ դրանք դրամատիկ գնահատել. - «Չեմ կարծում, թե Հայաստանը հիմա դրամատիկ փոփոխությունների փուլում է, բայց որոշ դրական փոփոխությունների ականատեսը դառնում ենք, ուղղությունը փոխվել է, եւ դա շատ ավելի լավ է: Ինչպես արդեն նշեցի, հունիս-հուլիսին ընդդիմությանը հաջողվեց մի քանի հանրահավաք անցկացնել, որոնց իշխանությունը չփորձեց միջամտել: Բացի այդ, առաջընթաց է նկատվում նաեւ տնտեսական բարեփոխումների ոլորտում. մաքսային, հարկային վարչարարություն, ընդհանրապես` տնտեսությունում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քայլեր: Սրանք կարեւոր քայլեր են, միգուցե` ոչ դրամատիկ, սակայն գործընթացի թափն ու շարունակականությունը պահպանելու տպավորություն ստեղծող»:
Այդուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ Հայաստանը վերադառնում է ժողովրդավարության ուղի, որից շեղվել էր նախագահական ընտրություններից եւ դրանց հետեւած ողբերգական իրադարձություններից հետո: «Ինձ թվում է, նախագահ Սարգսյանը հասկանում է երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, եւ թե որ խնդիրներն են ավելի շատ աշխատանք պահանջում: Մենք տեսել ենք որոշ ուղղություններով նրա կատարած քայլերը եւ բարձր ենք գնահատում դրանք: Նույնը կարելի է ասել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը:
Նրա խոսքով` ամենահոռետես փորձագետներն ու վերլուծաբանները Հայաստանում կարող են ասել, թե Սերժ Սարգսյանը ոչինչ չի անում եւ անհրաժեշտ է իրական առաջընթաց: «Այստեղ` Վաշինգտոնում մեզ ամենից շատ, թերեւս, մտահոգում են մարտի 1-2-ի իրադարձությունների համար մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստների դատավարությունները, հատկապես` ներկայացվող ապացույցները, որոնք, հաճախ, պարզապես համոզիչ չեն: Եվ իհարկե, մեզ անհանգստացնում է ձերբակալված քաղաքական գործիչների եւ նրանց կողմնակիցների քանակը: Հենց այս խնդիրների պատճառով էլ հնարավոր չէ խոսել Հայաստանում ժողովրդավարության նախկին թափի վերականգնման մասին։ Ավելին, հենց այս մտահոգությունների պատճառով էլ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան առայժմ չի շտապում վերականգնել շուրջ 236 միլիոն դոլարի ծրագիրը», - փաստեց ամերիկացի դիվանագետը: Ըստ նրա, կորպորացիայի տնօրենների խորհուրդը շարունակում է ուշադիր հետեւել հայաստանյան զարգացումներին եւ այս հարցին կրկին անդրադառնալու է սեպտեմբերին. այդ ժամանակ էլ պարզ կդառնա` շարունակվելո՞ւ է ծրագրի իրականացումը, թե՞ վերջնականապես դադարեցվելու է:
