Սեփականաշնորհումը խոչընդոտ է

ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը հայտարարել է, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ժամանակ պետական կառույցները բախվում են մի շարք խնդիրների. «Երկու նոր պահպանվող գոտիների նախագծերն արդեն պատրաստ են, այդ թվում նաև «Ջերմուկ» հատուկ պահպանվող տարածքները, սակայն դրանց բացման համար անհրաժեշտ է մի շարք խնդիրներ լուծել»։

Խնդիրների թվում են առանձին անհատների կողմից այդ տարածքների սեփականաշնորհումը, ինչպես նաև շահերի բախումը։ Սակայն, այս բնագավառում կան նաեւ դրական միտումներ։ «Ֆինանսական հոսքերն ավելացել են, աշխատողների աշխատավարձը եւս բարձրացել է։ Բացի այդ, բարելավվել են տեխնիկական սարքավորումները»։
«Այլ երկրների համեմատ՝ Հայաստանը հարուստ է բիոբազմազանությամբ։ Այսօրվա դրությամբ երկրում գրանցված է 3600 տեսակի բույս և շուրջ 17500 տեսակի կենդանի», հայտարարել են ոլորտի պատասխանատուները։

Տեղեկանք. Հատուկ պահպանվող գոտիների վերաբերյալ

Խոսրովի անտառը գտնվում է Հայաստանի հարավում, ստեղծված է 29,2 հազար հա մակերեսի վրա բարձրլեռնային եզակի լանդշաֆտները (1600-2315 մ)՝ լեռնային անտառները, նոսր անտառները և ենթաալպիական մարգագետինները, պահպանելու համար։ Արգելոցի տարածքում աճում է բույսերի 1500 տեսակ, ապրում են 40 տեսակ կաթնասուններ, 130 տեսակ թռչուն, 32 տեսակ սողուն, 5 տեսակ երկկենցաղ։ Հազվագյուտ տեսակներից են հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը։

Շիկահողի արգելոցը զբաղեցնում է 10 հազար հա մակերես։ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված են արգելոցի բուսականության 18 տեսակներ, իսկ եզակի վայրի կենդանիներից այստեղ հանդիպում են կովկասյան ընձառյուծ, արջ, վայրի այծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և հնդկական խոզուկ։

Դիլիջանի ազգային պարկը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Երևանից 110 կմ հեռավորության վրա։ Այդ շրջանը հայտնի է խիտ անտառներով, հանքային աղբյուրներով և հինավուրց մենաստաններով։ Արգելոցի մակերեսը 33,7 հազար հեկտար է։