Քոչարյանի նամակը գաղտնի է՞ պահվում

Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանը այսօր արդեն երկրորդ նամակ է ուղարկել ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, կրկին բողոքելով ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանից։

«2008 թվի հուլիսի 17-ին ես Ձեզ մի բողոք էի ուղարկել այն մասին, որ, Ձեր ենթական` ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանը, իմ կարծիքով, ապօրինի կերպով սահմանափակել էր իմ տեղեկատվության ազատության իրավունքը եւ ինձ չէր տրամադրել ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի այն նամակի պատճենը, որով նա պատասխանել էր Հազարամյակի մարտահրավեր Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին:

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկություն-ների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանը ինձ ուղղած առաջին մերժման մեջ ասում էր. «…Ի պատասխան Ձեր 2008թ.-ի հունիսի 4-ի, 19-ի գրությունների հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումը պետք է իրականացնի ՀՀ կառավարության սահմանած կարգով, որը դեռեւս չի սահմանվել: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից»:

Ձեզ ուղղածս առաջին բողոքի մեջ ես պարզաբանել էի, որ Կառավարության անգործության պատճառով (4,5 տարի է չի մշակել ու սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը, չնայած այդ է պահանջում ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը) չի կարող սահմանափակվել իմ Սահմանադրական իրավունքի իրականացումը, եւ նման պատճառաբանությունը պարզապես իմ Խոսքի եւ տեղեկատվության ազատության կամայական սահմանափակում է ու սահմանափակման անհաջող հիմնավորում:
Օգոստոսի 21-ին ստացա օգոստոսի 19-ով թվագրված մեկ այլ մերժում, որը, համեստորեն որակում եմ որպես անհեթեթություն ու նախագահական գրասենյակում աշխատող պաշտոնյային անվայել շարադրություն: Ահա այդ նամակի (երկրորդ մերժման) բովանդակությունը ամբողջությամբ.

«...Ի պատասխան Ձեր 21.07.2008թ. նույնաբովանդակ նամակների, հայտնում եմ, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով երաշխավորվում է անձի` տեղեկատվություն ստանալու իրավունքը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն տեղեկատվություն է հանդիսանում «անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ`...»: Ձեր կողմից պահանջվող գրությունը չի հանդիսանում «տեղեկատվություն», հետեւաբար, այն ենթակա չէ տրամադրման հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ Նախագահի կողմից «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրի շրջանակներում ուղղված գրությունը, ինչպես նաեւ բանակցային գործընթացին վերաբերվող այլ գրագրությունը, չեն հանդիսանում «տեղեկատվություն» «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով, քանի որ, տեղեկատվություն ստանալու անձի իրավունքը երաշխավորված է այնպիսի տեղեկատվություն տրամադրելու պետության ուղղակի պոզիտիվ պարտավորությամբ, որը առաջացրել կամ կարող է հետեւանք առաջացնել անձի կամ հասարակական եւ պետական նշանակություն ունեցող փաստի կամ իրադարձության առումով: Այս իմաստով, ընդունելով ՀՀ եւ «Հազարամյակների մարտահրավեր»-ի միջեւ հարաբերությունների պետական եւ հասարակական կարեւորությունն ու նշանակությունը, «տեղեկատվություն» կարող է հանդիսանալ ոչ թե այդ հարաբերությունների ընթացքը, այլ` դրա հետեւանքը: Այսինքն «օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ» են հանդիսանում ոչ թե գործընթացը (բանակցությունները` գրագրությունը հավասարապես նաեւ բանավոր, հեռախոսային խոսակցությունները եւ այլն), այլ` դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը` հատկապես հաշվի առնելով, որ ոչ թե գործընթացն ինքնին, այլ` գործընթացի արդյունքն է, որ առաջացնում է իրավաբանական հետեւանք թե անձի, թե հասարակության եւ պետության համար:»:

Պարոն Հովսեփյան,

Այսօրինակ մեկնաբանությունը, եթե ՀՀ քաղաքացուս համար վիրավորական չլիներ, բավականաչափ ծիծաղելի կլիներ: Ըստ այդ մերժման տրամաբանության (տրամաբանություն բառը այստեղ օգտագործվում է պայմանականորեն), եթե հինգ տարի տեւող ծրագրի եւ դրան նախորդած եռամյա նախապատրաստական աշխատանքները համարենք մեկ ամբողջական գործընթաց ու դիմենք որեւէ պետական ատյան այդ գործընթացի կամ դրա որեւէ փուլի մասին որեւէ տեղեկություն ստանալու խնդրանով. պիտի պատասխան ստանանք, թե տեղեկություն կարող ենք ստանալ միայն այդ ութնամյա ժամանակահատվածի` գործընթացի ավարտից հետո, այսինքն էլի մի երեք տարի ա՞նց` 2011 թվի՞ն` երբ կավարտվի ծրագիրը: Կամ, եթե ամերիկյան օժանդակությունը Հայաստանի երրորդ հանրապետությանը համարենք մեկ ամբողջական գործընթաց` սկսած երրորդ հանրապետության սկզբից, ՀՄՀ-Հայաստան ծրագիրը (2006-2011թթ.) պիտի համարենք այդ հարաբերությունների ձեւավորման ընթացքում մի փոքրիկ գործընթաց ու ոչ թե միջանկյալ արդյունք, եւ ուրեմն, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի տրամաբանությամբ, ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին տեղեկատվություն որպես այդպիսին գոյություն ունենալ չի կարող, որ դեռ մի բան էլ` հնարավոր լիներ այն Շահառուների խորհրդի անդամներին կամ որեւէ հետաքրքրված անձի տրամադրել:

Տպավորություն կա, որ ինքը Ա.Ասատրյանը ծանոթ չէ Քոչարյանի այն նամակին, որի պատճենը ես խնդրել եմ: Կարծում եմ, առաջին մերժումը պարոն Ասատրյանը հղել էր ինձ գրեթե մեխանիկորեն` պարզապես հարցրածս տեղեկությունը մերժելու իր համար գուցե արդեն ստանդարտված եղանակ կիրառելով` չկա տեղեկությունը տրամադրելու կառավարության հաստատած կարգ եւ այդ տեղեկությունը չի տրամադրվում: Ապա, տեսնելով, որ խնդիրն արդեն լրջանում է, հասկանալով, որ կառավարության հնգամյա անգործությունը քաղաքացու սահմանադրական իրավունքի սահմանափակման կամ կասեցման հիմք չէ, ի վերջո հասկանում է, որ և իր մերժման «ստանդարտ հիմքը» այս դեպքում ջարդվելու դատական գործով եւ եղած դատական նախադեպերով, դիմում է նոր հնարքի, ինքնիրավչության` ՀՀ նախագահի նամակը որակում է որպես գրություն ու հայտնագործում, որ գրությունը .... տեղեկատվություն չէ, ու այդ պատճառով չի կարող տրամադրվել դրանով հետաքրքրվողին:

Վերլուծելով ամբողջ վերը բերվածը, հայտնում եմ Ձեզ, որ

1. ՀՀ նախագահական գրասենյակը, ի դեմս հիշյալ պաշտոնյայի մերժումներով խախտել է Խոսքի եւ տեղեկատվության ազատության իմ սահմանադրական իրավունքը, իր` վերը բերված գործողություններով եւ ըստ էության` անգործությամբ հասկացնում է, թե ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածներով սահմանված Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը կախման մեջ է ենթաօրենսդրական ակտի գոյությունից կամ բացակայությունից, սխալ մեկնաբանելով օրենքը, կամայականորեն որոշել է, թե որն է տեղեկատվություն, որը ոչ:

2. Ամոթալի է, որ փոխանակ հանրային նշանակության այդ նամակագրությունը հրապարակվեր առանց որեւէ հարցման սպասելու, այն, տակավին անհասկանալի պատճառներով, զանազան հնարքներով եւ անօրինական պատճառաբանություններով հանրությունից ուղղակիորեն թաքցվում ու գաղտնի է պահվում արդեն կես տարի:

3. Քոչարյանի այդ նամակի պատճենի ստացման վերոհիշյալ պատմությունը նույնիսկ մեր իրականության մեջ չտեսնված խայտառակություն է. ՀՄՀ-Հայաստան ծրագրի ճակատագրին ուղղակիորեն առնչվող ու որեւէ օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող փաստաթուղթը դիտավորյալ ու հետեւողականորեն գաղտնի է պահվում ոչ միայն ամբողջ հանրությունից եւ ծրագրի հարյուր հազարավոր շահառուներից, այլեւ այն մարմնից, որ կոչված է պաշտպանել ծրագրի շահառուների շահերը` Շահառուների խորհրդից:

Անկախ այս վեճի ելքերից արդեն, կարծում եմ, որ մի քանի հարցերում Ա.Ասատրյանի վարքը ենթակա է ծառայողական քննության եւ պատասխանատվության։