Կարեւորը, որ երաշխավորված լինի արդարադատությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերին և նրա գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է հայ-գերմանական քաղաքական ակտիվ շփումները և դրանց շարունակական բնույթը։

Կարևորելով Գերմանիայի Սահմանադրական դատարանի նման հեղինակավոր հաստատության հետ համագործակցությունը, երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության կատարելագործմանը։
«Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանում երաշխավորված լինի սահմանադրական արդարադատությունը, հարգվեն ու ամբողջությամբ իրականացվեն մարդու հիմնարար իրավունքները>,- ասել է նախագահ Սարգսյանը և հավելել. «Մենք ձեր փորձի կարիքն ունենք և ցանկանում ենք այն օգտագործել` ամրապնդելու մեր պետական իշխանությունը>։
Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահը համառոտակի ներկայացրել է դատարանի գործունեությունը և նրա 60-ամյա պատմությունը։ Նշելով, որ իրենք տպավորված են Հայաստանի ձգտմամբ` նայել արտաքին աշխարհին, յուրացնել նորը, Հանս-Յուրգեն Պապիերն ասել է, որ պատրաստ են հայ գործընկերների հետ կիսել իրենց փորձը։

Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերը խոսել է Գերմանիայի Սահմանադրության 93-րդ հոդվածի 1-ին կետի գործնական կիրառման մասին, որը վերաբերում է սահմանադրական ճանապարհով վեճերը լուծելուն, այդ թվում` նաև պետական մարմինների միջև լիազորությունների հարցերով վեճերին։ Ըստ Հանս-Յուրգեն Պապիերի, սահմանադրության 93-րդ հոդվածի 1-ին կետով դիմումների մեծամասնությունը` 95 տոկոսը, անհատական, իսկ մյուս մասը` պետական մարմինների դիմումներն են։ Այսպես` Գերմանիայի ՍԴ ամբողջ պատմության ընթացքում քննված 170 հազ. գործերից պետական մարմինների կողմից ներկայացվել է միայն 160 բողոք։ Գերմանիայում բողոք կարելի է ներկայացնել ինչպես իրավական ակտերի, այնպես էլ դատարանների ուժի մեջ մտած որոշումների դեմ։
Հայաստանում ևս ստացված դիմումների 95 տոկոսն ուղղված է դատական որոշումների դեմ։ Քաղաքացիների դիմումների հիման վրա գործ քննելիս ՍԴ-ն չի անդրադառնում գործի փաստական հանգամանքներին, այսինքն` այն գործողություններին, դեպքերին, որոնց արդյունքում խախտվել են տվյալ քաղաքացու իրավունքները, այլ քննության առարկա է դարձնում միայն քաղաքացու նկատմամբ դատական ակտերով կիրառված նորմերի սահմանադրականության հարցը։