ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոոռուպցիոն ռիսկեր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2007թ. ընթացքում հարուցված կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության արդյունքները հետեւյալն են.
«Պարզվել է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2007թ. ընթացքում հայցեր չի հարուցել: Հաշվետու ժամանակաշրջանում կոմիտեի մարմինները դատարաններում հանդես են եկել որպես պատասխանող կամ երրորդ անձ:
2007թ. ընթացքում կոմիտեի ստորաբաժանումների գործողությունների կամ անգործության դեմ քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից հարուցվել է 1113 հայց, որոնցից մերժվել է 463-ը, բավարարվել է 396 հայց /35,6 տոկոս/, 254 հայց թողնվել է առանց քննության՝ նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորների դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ: Վերջին հանգամանքը վկայում է այն մասին, որ մինչև դատաքննության սկիզբը կամ դատաքննության ընթացքում հայցվորների մեծ մասի պահանջները կադաստրը բավարարել է:
Բավարարված, սակայն չբողոքարկված, վճիռներից 86-ը վերաբերել են կոմիտեի պաշտոնատար անձանց ակտերը և դրանց հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելուն, 112-ը՝ իրավունքների պետական գրանցում կատարելը պարտավորեցնելուն:
ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ կոմիտեի ստորաբաժանումների կողմից անտեսվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, այսինքն՝ կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան, բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը, ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր: Նշված հիմքերը սպառիչ են և հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ արգելվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
Փաստորեն, որոշ դեպքերում կոմիտեն, չկատարելով կամ սխալ մեկնաբանելով վերոնշյալ իրավական նորմի պահանջները, իրավունքների պետական գրանցման գործընթացում խախտել է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ու երաշխավորված սեփականության և ժառանգման իրավունքները՝ ստեղծելով անհարկի դատական քաշքշուկներ:
Այսպես` ՀՀ վարչական դատարանը, քննելով վարչական գործը` ըստ հայցի Վահանուշ Շահնազարյանի ընդդեմ կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման՝ պաշտոնատար անձի օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցը բավարարել է: Վճռվել է անվավեր ճանաչել կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարի 2007թ. նոյեմբերի 8-ի գրանցման մերժումը և ստորաբաժանմանը պարտավորեցնել գրանցելու Երևան քաղաքի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 92 քմ մակերեսով տան և 1097 քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրից ծագող Վահանուշ Շահնազարյանի իրավունքը:
Պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից պետական գրանցում կատարելու դիմողի պահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հողամասին կից կա 70,0 քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողամաս և ինքնակամ շինություն: Դատաքննությամբ հաստատվել է, որ դիմողի ժառանգության իրավունքի վկայագրից ծագող հողամասի և դրա վրա կառուցված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցում չկատարելը հակասում է «Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պահանջներին, իսկ ՀՀ Կառավարության 2005թ. ապրիլի 7-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 719 որոշման համաձայն՝ պետական գրանցման ենթակա չեն ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները և քաղաքային բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ինքնակամ զբաղեցված հողամասերը և (կամ) ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, և ոչ թե օրինական հողամասերն ու դրանց վրա կառուցված շինությունները:
Բացի այդ, նմանատիպ գործընթացներում կադաստրի ստորաբաժանումներն անտեսել են ՀՀ վճռաբեկ դատարանի 2006թ. սեպտեմբերի 28-ի նախադեպային որոշումը /Բորիս Մկրտչյանի գործով/, որում արձանագրվել է, որ կադաստրը միայն անշարժ գույքի նկատմամբ ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ: Կադաստրը պետք է ղեկավարվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածով, համաձայն որի` վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:
Հարկ է նշել, որ նման գործելակերպը շարունակվում է առ այսօր և պարունակում է կոոռուպցիոն ռիսկեր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառում, ինչի մասին վկայում է նաև կոմիտեի դեմ ներկայացված և բավարարված հայցերով կայացված դատական ակտերի բողոքարկման գործընթացը:
Այսպես` պետական մարմնի պաշտոնատար անձի գործողությունների (անգործության) վիճարկման պահանջի գործերով կոմիտեի կողմից բողոքարկվել է 53 դատական ակտ, որից 45 դատական ակտ բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Նշված բողոքներից բավարարվել է ընդամենը 2-ը, մերժվել է 33 վերաքննիչ բողոք /74 տոկոս/, առանց քննության է թողնվել 6-ը, 4 բողոք ընթացքի մեջ է:
2007թ. ընթացքում կոմիտեն բերել է 10 վճռաբեկ բողոք, որոնք ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել:
Հաշվետու ժամանակաշրջանում կոմիտեն ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել դատական ակտերի բողոքարկման 62 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքներով բերվել է 4 վճռաբեկ բողոք, 58 միջնորդություն մերժվել է /93,5 տոկոս/: Փաստորեն, ի վնաս կադաստրի կոմիտեի կայացված 396 դատական ակտերից միայն 62-ի բողոքարկման միջնորդություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որի ժամանակ ՀՀ Կառավարության 2005թ. ապրիլի 7-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 719 որոշումը կադաստրի կողմից կիրառման պրակտիկայի եւ դատական ակտերը չկատարելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ստացված դիմումներին անդրադարձավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա.Աշրաֆյանը:
Քննարկման արդյունքներով որոշվեց դիմել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 7-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 719 որոշումը՝ դրա տարատեսակ մեկնաբանությունն ու կիրառումը բացառելու համար։
